Իսկ մենք հաշվեհարդար ենք տեսնում մեր իսկ անցյալի հետ

ՀՈւՇԱՐՁԱՆԸ ՄԻԱՅՆ ՇԻՐՄԱՔԱՐԵՐԸ ՉԵՆ

Ակամա ցավ ես զգում այլ ժողովուրդների՝ անցյալը չխոշտանգելու այս հաստատակամությունը համեմատելով հայաստանյան իրականության հետ:
 
Մինչ հայոց մայրաքաղաքում աճապարանքով դաժան հաշվեհարդար են տեսնում մեր պատմության վերջին վկայություն-շինությունների հետ՝ 3000-ամյա Երևանը վերածելով 21-րդ դարի ծնունդ թափթփված մի պչրուհու, Հալեպում նվիրական մասունքի պես փայփայում են քաղաքի երբեմնի դիմագիծն ամբողջացրած ամեն շինություն:
 
«Արևելք» պարբերականում հրապարակված այս փոքրածավալ տեղեկատվությունը առաջին հայացքից կարող է «կենցաղային մանրուք» թվալ՝ «Հալեպի հայտնի հին բաղնիքները պիտի վերանորոգվեն»: 
 
Հիշատակվող փաստը հետևյալն է. Հալեպում սկիզբ առած վերանորոգման աշխատանքներում ընդգրկված է նաև քաղաքի հին բաղնիքների վերանորոգումը: Այս մասին տեղեկացրել է Հալեպի քաղաքային խորհրդի դիմատետրի (Ֆեյսբուքի) պաշտոնական էջը:
 
Նշվել է, որ քաղաքի նշանավոր Պապ Ալ-Ահմար բաղնիքի վերանորոգման աշխատանքները մոտենում են ավարտին: Այս մէկը, ինչպէս կը նշէ Հին քաղաքի տնօրինությունն այս բաղնիքը համարել է արտոնագրով իրենց վստահված ամենակարևոր նախագծերից մեկը:
 
Այսօր, իհարկե, քաղաքային բաղնիքն իր նախկին նշանակությամ չի գործելու, սակայն ժամանակին, երբ քաղաքի տները բաղնիքներ չունեին «շուկայի բաղնիքը» կարևոր շինություն է եղել՝ հռչակված իր կարևորությամբ: Հետագայում այն գործել Է որպես ժամանցի, զբոսաշրջիկների այցելության վայր:
 
Խե՜ղճ Երևան. դե արի ու ապացուցիր, որ երեքհազարամյա ճանապարհ ես անցել, իսկ 20-րդ դարում ճարտարապետական չքնաղ դիմագիծ ես ունեցել, որն անխնա աղարտվում է անճաշակ շքեղություններով: