«Բիզնեսի որակն էապես փոխվել է». ՀՀ վարչապետ
- Վերջին շրջանում սփյուռքահայերի վերադարձով Երևանում, Հայաստանում ծառայությունների բիզնեսի որակն էապես փոխվել է: Ավելին, աշխատանքի, աշխատասիրության նոր մշակույթ է ձևավորվել: Ձեր մեջ լավատեսությունը դեպի վաղվա օրը շատ վարակիչ է: Անպայման պետք է այնպիսի ազդակներ տանք, որ յուրաքանչյուր օրինապաշտ քաղաքացի հասկանա, որ ինքը Հայաստանում կարող է ներդրում անել, գործ սկսել և իրեն ապահով զգալ, - նշել է Կարեն Կարապետյանն այսօր՝ սիրիահայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ:
Ճիշտ մեկ ամիս առաջ ՀՀ վարչապետը դիմել էր սփյուռքահայությանը՝ մեր հայրենիքի ապագայի կառուցմանը մասնակից լինելու կոչով: Իսկ այսօր Կառավարության նիստերի մեծ դահլիճում Կարեն Կարապետյանը հանդիպել է Հայաստանում բնակություն հաստատած սիրիահայ համայնքի ներկայացուցիչներին:
- Մեր վերջնական նպատակն է՝ ունենալ ժամանակակից, տրամաբանական, զարգացող պետություն, միջազգային հանրության համար հասկանալի՝ հիմնվելով մեր ազգային արժանապատվության, ինքնության և ավանդույթների վրա, - ողջունելով սիրիահայերին՝ ասել է վարչապետը և հավելել.
- Իմ կոչի նպատակն այն է, որ այն փորձը, ներուժը, որ ունեն սփյուռքահայերը, հաջողակ օրինակները՝ գիտնականները, կառավարիչները, բժիշկները, մշակույթի գործիչները, ուղղակի կարողանան մեզ փոխանցել, որովհետև այսօրվա արագ փոփոխվող և զարգացող աշխարհում դա չափազանց կարևոր է:
Հանդիպման մասնակիցները սիրիահայերը ողջունել են սփյուռքահայությանն ուղղված կոչը՝ իրենց աջակցությունն ու մասնակցության պատրաստակամությունը հայտնելով Հայաստանի զարգացման ծրագրերին:
Կառավարության ղեկավարը սիրիահայերի հետ քննարկել է նրանց հուզող հարցերը, որոնք վերաբերում էին փոքր և միջին ձեռնարկատիրության խթանմանը, բիզնես ծրագրերին, գյուղատնտեսության ոլորտին, տնտեսության զարգացմանը և այլն: