Ֆուտբոլային գեյ-քարոզ
ՎՐԱՑԻ ՖՈՒՏԲՈԼԻՍՏԻ ԹԵՎԿԱՊԸ ՍԿԱՆԴԱԼ Է ԱՌԱՋԱՑՐԵԼ
JAMNEWS-ի այս տեղեկատվությունը ակամա մտածել է տալիս՝ ինչո՞ւ, ո՞րն է հասարակության անառողջ այս մարդախմբին այսքան գովազդելու, առանձնակի հոգատարությամբ պարուրելու իմաստը: Ավելի ստույգ՝ նպատակը: Հասկանալի է, ի բնե կամ ձեռքբերովի հիվանդությամբ տառապող՝ սեռական փոքրամասնություններին դատապարտել պետք չէ, բայց մեծարել նրանց արատը...
Մանավանդ՝ սպորտը առողջության գրավականն է, իսկ ֆուտբոլը՝ նաև առնականության խորհրդանիշ:
Հոլանդական «Վիտես» ակումբի լեգիոներ, Վրաստանի ֆուտբոլի հավաքականի անդամ Գուրամ Կաշիան խոշոր սկանդալի կենտրոնում է հայտնվել՝ ավագի ԼԳԲՏ դրոշի տեսքով թևկապի պատճառով: Ֆուտբոլիստն այս կերպ համերաշխություն և աջակցություն է հայտնել սեռական փոքրամասնություններին: Իսկ օրավուր ստվարացող շարքերով այդ փոքրամասնությունն արդյո՞ք նաև մարզադաշտային աջակցության կարիքն ունի: Եվ՝ արդյո՞ք ֆուտբոլային խաղով ոգևորվելու եկած մարզասերներին հաճելի է անակնկալ այդ գովազդը: Չնայած... եթե գովազդ, ուրեմն՝ բարձր վճարներ, իսկ մեծ ողերով, ասում են՝ սատանային էլ կարելի է հրեշտակի թևեր փակցնել:
- Ես ազատության կողմնակից եմ և դեմ եմ բռնությանը: Ես աջակցություն եմ հայտնում այն մարդկանց, որոնք ոչ ոքի չեն վնասում: Այդպիսին են իմ հայացքները, - հայտարարել է 30-ամյա ֆուտբոլիստը՝ նիդերլանդական հեռուստաընկերություններից մեկին տված հարցազրույցի ժամանակ:
Դաշտում ԼԳԲՏ թևկապով վրացի ֆուտբոլիստի հայտնվելը հարուցել է վրացի ֆուտբոլասերների պահպանողական հատվածի վրդովմունքը: Կաշիային քննադատում են սոցցանցերում վրացական իդեալներին, ավանդույթներին դավաճանելու համար և պահանջում նրան դուրս թողնել ազգային հավաքականից:
- Իմ երկրում դժվար է բացատրել կատարվածը, շատերը պարզապես չեն հասկանում, հատկապես ֆուտբոլասերները: Իմ ֆեյսբուքյան էջում մի քանի հոգի քննադատել էր ինձ, սակայն ես չեմ պատրաստվում ուշադրություն դարձնել նրանց վրա: Ես չեմ զղջում իմ արարքի համար: Ես այն արել եմ լիակատար պատասխանատվությամբ: Ինձ համար մեկ է, թե ով ինչ է անում և ինչպես է ապրում, գլխավորը, որ մարդ չվնասի շրջապատող մարդկանց: Թե չէ, թող ամեն ոք լինի այնպիսին, ինչպիսին իրականում է, - քննադատությանն այսպես է արձագանքել ֆուտբոլիստը:
Իսկ ինչպիսի՞ն է երկրպագուների արձագանքը
- Քանի դեռ Կաշիան խաղում է մեր հավաքականի համար, ոտք չեմ դնի մարզադաշտ:
- Կաշիան գեյերին է պրոպագանդում:
- Ինչով էլ զբաղվես՝ չի կարելի մոռանալ, որ վրացի ես: Պատիվը պետք է պահել:
- Կաշիային պետք է վտարել վրացական ֆուտբոլից:
Կաշիան նաև իր այս արարքն արդարացնող երկրպագուներ ունի՝
- Կաշիան իսկական տղամարդ է, respect:
- Վերջապես վրացի մարզիկներն էլ սկսեցին արժանի գործերով աչքի ընկնել:
- Կաշիան նախադեպ է ստեղծել: Բոլոր մարզիկները պետք է նրա օրինակին հետևեն: Ես ամբողջությամբ Գուրամի կողմից եմ։
Թբիլիսիի նորընտիր քաղաքապետ, նախկին ֆուտբոլիստ Կախա Կալաձեն արձագանքել է կատարվածին՝ հայտարարելով, որ չի կարելի սեռական կողմնորոշման հատկանիշով խտրականություն թույլ տալ:
Համամիտ ենք՝ «չի կարելի սեռական կողմնորոշման հատկանիշով խտրականություն թույլ տալ», բայց Կաշիա Գուրամի արարք՝ փոքրամասնություն կոչվածին մեծամասնությունից տարանջատելն ու նախապատվություն տալն է բացահայտ խտրականություն: