Ծառայե՞լ, թե՞ չծառայել. ա՛յս է խնդիրը

ԸՆԴԴԻՄԱՆՈՒՄ Է ՀՈԳԵՎՈՐԱԿԱՆԸ

Ռուսաստանը, ունենալով աշխատուժի կարիք և ժողովրդագրական խնդիր, հետխորհրդային պետությունների քաղաքացիներին հեշտությամբ Ռուսաստանի քաղաքացիություն է տալիս: «Համերկրացիներ» ծրագիրը հենց այդ նպատակով էլ ստեղծվել է: Այսուհետ, ամենայն հավանականությամբ, այն ավելի մեծաքանակ հայաստանցիների կգայթակղի. մանավանդ՝ տղա երեխաներ ունեցող ընտանիքներին:
 
Եվ արտագաղթը «կերիտասարդանա»՝ զինապարտության օրենքում փոփոխություն անելու պատճառով: Բանն  այն է, որ այլևս ուսանելու պատճառաբանությամբ բանակից չեն կարող ազատվել՝ տարկետման իրավունքը վերացվում է:
 
Իրենց որդիներին բարձրագույն կրթությունից չզրկելու վճռականությունն ունեցող, օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով զավակներին ծառայության ուղարկել չցանկացող ծնողները տղա երեխաներին մինչև 12-14 տարեկան դառնալը Հայաստանից դուրս կհանեն՝ ընտանյոք արտագաղթելով:
 
Ուսանողները ևս առաջիկայում նոր բողոքի ալիք են նախապատրաստում: Եթե սրան հավելենք արտագաղթը, ծնելիության անկումը, ապա  օրենքի հետևանքներն, իրոք, մտահոգիչ են: Միակ ելքը պայմանագրային զինծառայողների թիվն ավելացնել է, իսկ դրա համար այնքա՜ն աշխատանք կա անելու՝ կանոնադրական ներքին հարաբերություններից սկսած մինչև  կաշառակերության դեմ պայքարը: Այս ճանապարհով կարելի է պատերազմող երկրում բանակային ծառայությունը փոքրիշատե հետաքրքիր դարձնել: 
 
Իսկ հիմա որոշ լավատեղյակներ հավաստիացնում են, որ օրենքում փոփոխություն կատարելն անգամ իշխանական շրջանակների սրտով չէ:
 
- Էլի ամենազորեղները իրենց զավակներին բանակից ազատելու ձևը կգտնեն, իսկ ի՞նչ պետք է անեն մեր նման մարդիկ, ում որդիները փայլուն սովորում են ու կարող են այլ կերպ հայրենիքին ավելի օգտակար լինել, քան ծառայության մեկնելով։ Ուրեմն՝ իշխանությունները, փոխարեն ղարաբաղյան հարցը այնպես լուծեն, որ ծնողների համար բանակ գնալը հավասար չլինի զավակին մահվան դուռն ուղարկելուն, ավելացնում են ծառայությունը,- կուլիսներում շշուկով  բողոքում են ընդդիմախոսները:
 
Պաշտպանության նախարարության աշխատակիցներն էլ արդարացնում են Վիգեն Սարգսյանի այս քայլը, քանի որ Հայաստանում ժողովրդագրական վիճակն այնքան մտահոգիչ է, որ զինվորի կարիք կա: Այս փաստարկը նույնպես հիմնավոր է: 
 
Այն, որ օրենսդրական այս փոփոխությանն ընդդիմանում են նաև իշխանության ներկայացուցիչները, նշանակում է՝  կոռուպցիոն միջին օղակներն այլևս հնարավորություն չեն ունենա «գործ դասավորել»՝ բանակից խուսափողների համար: Վերջիններիս շարքերում, պարզվում է, նաև հոգևորականներ կան, որոնց մասին այսօր խոսել  է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանը. 
 
- Ես կարծում եմ, որ բոլորը պետք է գնան՝ բանակում ծառայեն: Այս ընդդիմախոսներին ասում եմ՝ եղբա՛յր իմ, տղամարդու համար բանակը նույնպես շատ կարևոր միջավայր է, տղամարդը պետք է ծառայի՝ լինի նա հոգևորական, թե գիտությամբ զբաղվող ուսանող... Ես դեռ այս նախագծի շուրջ ծավալված քննարկումներից առաջ էլ ասել եմ՝ այո՛, հոգևորականները պետք է գնան բանակ և անցնեն ոչ թե հոգևոր ծառայության, այլ՝ հենց զինվորական: Ուստի՝ այս նախագծին երկու ձեռքով կողմ եմ: Նրանք, ովքեր բռնում են հոգևորականի ուղին, թող նախ ծառայեն որպես զինվոր, որից հետո կծառայեն որպես հոգևորական:
 
…Շատ հաճախ մարդիկ գալիս են հոգևոր ճեմարանում սովորելու միայն նրա համար, որ չգնան բանակ: 
 
Այս անսպասելի հայտարարությունը անհարմար  իրավիճակի մեջ է դրել պաշտպանության նախարարին և Ամենայն Հայոց կաթողիկոսին: Հիշենք, որ Վիգեն Սարգսյանը ասել էր, թե  հոգևորականների ծառայության մասին բանակցում է Գարեգին Երկրորդի հետ: Ու հիմա՝ Աջապահյանի  հայտարարությունից հետո, ինչի՞ մասին են բանակցելու նախարարն ու հոգևոր հովվապետը: 
 
Մյուս ընդդիմախոսը, որքան էլ զարմանալի թվա, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի կինն է՝ Ռուզաննա Խաչատրյանը, որը գաղտնազերծել է Վիգեն Սարգսյանի կենսագրության «մութ» էջերը: Ըստ նախկին պաշտոնյայի կնոջ՝ Վիգեն Սարգսյանը բանակից ազատվել է իր ընկերուհու հոր շնորհիվ և պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի աջակցությամբ: Տիկնոջ այս գրառման ետևում գրեթե բոլորը պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի ստվերն են տեսնում:
 
Զարմանալին պարզապես այն է, թե ի՞նչ նկատի ունի Ռուզաննա Խաչատրյանը, երբ ասում է.
 
- Եվ այսօր նա՝ իբրև մեծ «փիլիսոփա», իբրև մեծ «ուսուցիչ», մատը տարբեր ամբիոններից թափահարելով, փորձում է դաստիարակչական խորհուրդներ և խրատներ տալ մատաղ սերնդին։ 
 
Այստեղ մնում է միայն բացականչել․ «Օ ՜, ժամանակներ, օ ՜ , բարքեր»։
 
․․․Ես անկեղծորեն հավատում եմ, որ քիչ ժամանակ է մնացել ինքնակոչ ամբարտավանությանը, որովհետև լատինական հզոր իմաստությունը հուշում է՝ «ՈՉՆՉԻՑ ՈՉԻՆՉ Է ՍԵՐՈՒՄ»: