Ցրտաշունչ «ուղերձներ»՝ ապահով բարձունքներից
ԲՈՒԺԵԼ ԱՉՔԱՑԱՎԸ, ՈՉ ԹԵ ԱՉՔԸ ՀԱՆԵԼ
Եթե ոչ տարօրինակ, ապա առնվազն անընկալելի է մեր կառավարության անդամների, առանձին բարձր պաշտոնյաների «ցրտաշունչ» տրամաբանությունը, որով վերստին փաստում են, որ իրենց ապահով բարձունքներից անտեսանելի է «ներքևների» անզոր մաքառումը՝ մի պատառ հացի համար:
Երեկ ԿԲ-ի նախագահ Արթուր Ջավադյանն էր պանծացնում գնաճը՝ դա անխուսափելի ու անհրաժեշտ համարելով , այսօր էլ ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանն է Sputnik Արմենիայի հետ զրույցում «սվաղել» 5500 աշխատատեղերի կրճատման փաստը:
Պետական ապարատի կրճատման և օպտիմալացման արդյունքում Հայաստանում կրճատվել է 5500 աշխատատեղ։ 5500-ը ոչ թե կրճատված անձանց քանակն է, այլ հաշվարկային ցուցանիշ. երեկ ՀՀ պետական բյուջեի քննարկման ժամանակ հնչած թվային տվյալն այսպես է մեկնաբանել ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:
- Չի բացառվում, որ այդ 5500-ի մեջ լինեն նաև թափուր աշխատատեղեր, որոնք դուրս են գալիս շրջանառությունից: Այսինքն՝ չի կարելի ասել, որ այդ 5500-ն էլ ամբողջովին զբաղված էին և հիմա համալրեցին գործազուրկների բանակը,- ասել է նախարարը:
Այսինքն՝ այդքան կամ մոտավորապես այդքան թափուր աշխատատեղե՞ր են եղել գործազրկության ճիրաններում տառապող Հայաստանում:
Հազիվ թե: Մանավանդ՝ նախարարն ինքն էլ խուսանավում է՝ «չի կարելի ասել, որ այդ 5500-ն էլ ամբողջովին զբաղված էին»: Դե,եթե գործազուրկների բանակը համալրել է, դիցուք, 5000 մարդ՝ հոգ չէ:
Առավել ցրտաշունչ է կառավարության անդամի մեկ այլ պարզաբանումը՝ կառավարության առաջնահերթությունը հարկատուների հաշվին, զուտ սոցիալական խնդիր լուծելու համար աշխատատեղ պահելը չէ, այլ պետության միջոցների նպատակային օգտագործումը: Այսինքն՝ պետության միջոցներ ստեղծողին աշխատատեղից զրկելը նույնպես հոգ չէ բարեկեցիկ բարձունքներում ճախրողների համար:
Ֆինանսների նախարարն առաջարկել է ազատված միջոցների հաշվին ավելացնել գյուղատնտեսության ոլորտի հատկացումները, ինչն էլ թույլ կտա աջակցել հանրության անապահով խավերին: Եթե մի փոքր հումոր ավելացնենք ասվածին, ապա ստացվում է, կառավարությունը անապահով խավի շարքերն է ստվարացնում, որպեսզի փորձի ապահովե՞լ նրանց...
Զարմանալի է նաև Վարդան Արամյանի զարմանքն առ այն, թե ինչու է այս ցուցանիշի հրապարակումը աղմուկ բարձրացրել հասարակության շրջանում: Մի առումով նա ճիշտ է՝ պարբերաբար քննադատվել է պետական ապարատի ուռճացված լինելը: Բայց նա երևի դեռ չգիտի, որ բուժե՛լ է պետք «աչքացավը», այլ ոչ թե ցավող աչքը հանել: