Հաց բերողի մահը` հոգեքննի՞չ
ՀԱՅԱՑՔ` ՆԵՐՍԻՑ
Հայ հասարակությունը դեռ երկար է հիշելու Եղվարդի Սուրբ Աստվածածին եկեղեցում օրեր առաջ կատարվածը՝ երբ մի խումբ քաղաքացիներ որոշել էին քաղաքի Հաց բերող Արթուր Սարգսյանի հիշատակին նվիրված մոմավառություն կազմակերպել: Որոշել էին, պայմանավորվել էին հոգևոր հովվի հետ, սակայն նշված եկեղեցու քահանա Տեր Հովնանը դրժել էր նախօրեին ձեռք բերված պայմանավորվածությունը: Հրապարակված տեսաժապավենը «մատնում» է, որ քահանան ճանապարհի կեսից հետ է դառնում՝ նորից լսելով Հաց բերողի անունը:
Առաջին անգամ չէ, որ հոգևորականը հայտնվում է սկանդալի կենտրոնում: Ու սա՝ Մեծ պահքի շրջանում, երբ բուսակերությունից զատ ու դրանից էլ առաջ պետք է հոգևոր մաքրությանը հետևել, ապաշխարել, այլ ոչ թե մեղանչել նորից ու կրկին:
Ամիսներ առաջ էլ Գուգարաց թեմի առաջնորդը հորդորել Վանաձորում միավորվել և լծվել քաղաքի խնդիրների լուծմանը: Ընդ որում` քաղաքական ենթատեքստով հայտարարությունը հոգևորականն արել էր Վանաձորի սբ Գրիգոր Նարեկացի եկեղեցում մատուցված Սուրբ Ծննդյան պատարագին:
Եկեղեցու սպասավորն իր կոչումով, դերակատարությամբ մեր պատմության մեջ մտավորականից ոչնչով չի տարբերվել՝ միշտ եղել է ճշմարտության ու անաչառության պաշտպան: Բայց արի ու տես, որ անգամ հիմա, երբ Հայաստանը 25 տարվա պետություն է, երբ սահմանադրորեն Եկեղեցին անջատ է պետությունից, երբեմն ականատես ենք լինում հակառակ գործընթացի` որոշ եկեղեցականներ դառնում են գործիք`քաղաքական ինչ-ինչ հարցերի լուծման համար, ինչ-ինչ գործիչների շահերի սպասարկու: Այս կերպ նրանք վարկաբեկում են ոչ միայն իրենց, այլև մի ամբողջ համայնք:
Սա էլ բավական չէ՝ պատկերն ավելի են մռայլ դարձնում որոշ հոգևոր հովիվների «բենթլիներն» ու օֆշորային պատմությունները: Ու այսքանից հետո ինչպե՞ս պիտի Եկեղեցին քարոզի քրիստոնեական վարք ու բարք, իր հոտի ներկայացուցիչներին զերծ պահի տարատեսակ մոլորություններից, աղանդավորների ճանկերից ու տարատեսակ արատավոր երևույթների դեմն առնի:
Համեմատության համար նշենք, որ այս առումով բավական ինտենսիվ զարգանում է Կաթոլիկ եկեղեցին` դուրս գալով հին կաղապարներից, ներփակությունից՝ հանձին Հռոմի պապ Ֆրանցիսկոս առաջինի:
Սա այն դեպքն է, երբ այսպիսի բարի ընդօրինակումն իսկապես օգտակար կարող է լինել: