«Թաքնված վճարներ»՝ կրթոլորտում

ՕՐԵՆՔԸ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԻՑ ԳԵՐԱԿԱ՞

Ինչպես էլ որակվի և ինչպիսի պարզաբամնում էլ տրվի այս հարցին՝ փաստը մնում է փաստ. խախտվում է անվճար միջնակարգ կրթություն ստանալու դպրոցականների սահմանադրական իրավունքը: Սա այն դեպքերից է, երբ մեկնաբանությունները խորացնում են անվստահությունը կրթության պատասխանտուների հանդեպ: Արդ՝ բավարարվենք միայն փաստն արձանագրելով:
 
Ինչպես այսօր տեղեկացրել է ՄԻՊ-ի գրասենյակը՝ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը դիմել է Սահմանադրական դատարան՝ պետական հանրակրթական դպրոցների դասագրքերի համար վճարվող գումարների սահմանադրականության խնդրով: 
 
Մասնավորապես, «Կրթության մասին» ՀՀ օրենքն ամրագրում է դասագրքերի անվճար տրամադրում միայն 1-ից 4-րդ դասարանի աշակերտների համար, իսկ 4-րդից բարձրերի համար սահմանված են վճարներ: Մինչդեռ, համաձայն Սահմանադրության, պետական ուսումնական հաստատություններում միջնակարգ կրթությունն անվճար է: Ստեղծված իրավիճակում, փաստորեն, սահմանելով «թաքնված վճարներ» վտանգվում է անվճար միջնակարգ կրթություն ստանալու երեխայի սահմանադրական իրավունքը:
 
Ընդ որում՝ օրենքով կամ նորմատիվ այլ իրավական ակտով որևէ տարբերակված մոտեցում չի նախատեսվում խոցելի խմբերին դասագրքերի վճարներից ազատելու համար՝ այդ գործընթացը թողնելով ուսումնական հաստատության մանկավարժական և ծնողական խորհուրդների որոշմանը: 
 
«Դիսըբիլիթի ինֆոն» տեղեկատվական հասարակական կազմակերպության նախագահ Զարուհի Բաթոյանի և քաղաքացիների կողմից Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված դիմում-բողոքների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ վերոնշյալ կարգավորումները մի շարք բարդություններ են ստեղծում երեխաների և նրանց ծնողների համար։
 
Հետաքրքիր է՝ պետբյուջեից որքան մասհանումներ են եղել (կամ՝ եղե՞լ են, արդյոք)՝ դպրոցականներին անվճար դասագրքերով ապահովելու համար: