Խաղողի բերքը նվազել է, ռուսական շուկայի պահանջները՝ խստացել
ՄԹԵՐՄԱՆ ԳԻՆՆ ԱՅԴՊԵՍ ԷԼ ՉԲԱՐՁՐԱՑԱՎ
Հայաստանի գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանի կանխատեսումն իրականացավ: Նախորդ տարվա համեմատ այս տարի խաղողի ավելի քիչ բերք ենք ունեցել:
Հայաստանի խաղողագործների միության նախագահ Արտակ Սարգսյանն այսօրվա մամլո ասուլիսում խաղողի մթերման արդյունքները թվերով ներկայացրեց՝ 40-45% պակաս բերք 2016-ի համեմատ:
Խաղողագործների միության նախագահի համար, սակայն զարմանալի է, որ մթերված խաղողի գինը 130 դրամից ավել չեղավ: Ավելին՝ անգամ դեպքեր են եղել, երբ 110 դրամից էլ էժան են մթերել: Մթերման ցածր գնի պատճառով խաղողագործը չի կարողանում տնտեսությունը զարգացնել։
Հետաքրքիրն այն է, որ նախորդ տարի, երբ խաղողի բերքը շատ էր, գյուղացին էլ չգիտեր՝ ինչ աներ, խաղող մթերող ընկերություններն ասում էին, թե 7 տարի կարող ենք խաղող չմթերել: Բայց արի ու տես, որ այս տարի էլ բերքի պահանջարկ կար: Բանախոսը սա համարում է իմիտացիայի բացահայտում.
- Կառավարության նոր ծրագրով սուբսիդավորվեցին վերամշակող այն ձեռնարկությունները, որոնք խաղող պետք է գնեն: Սակայն եղան դեպքեր, երբ խաղողը մինչև հոկտեմբերի սկիզբ համարյա վերջացել էր՝ չհաշված գինու սորտերը: Կարելի է ասել, որ մթերումը ավարտված է, բայց սուբսիդավորված գումարը չեն կարողանում տրամադրել խաղողագործին: Գուցե առաջին տարին էր, հապշտապ կազմակերպվեց...
Վերջին շրջանում ռուսական շուկան խստացրել է կոնյակի և գինու ներմուծման պահանջները: Թվում էր, թե խաղողագործները գուցե բողոքեն այս խստացումից, սակայն Արտակ Սարգսյանը հակառակն է պնդում և հույս տածում.
- Գուցե վերջապես խստացումների շնորհիվ անորակ գինիներն ու կոնյակները շուկայից դուրս մղվեն, որակյալ արտադրանք մատուցող ընկերություններն էլ սրանից շահեն: