Շաբոյանը «մոռացել» է՝ միջազգային շուկայում կարագի գինն իջել է

ԱՀԱ ԹԵ ԻՆՉՈՒ Է ՆՎԱԶԵԼ ՇԱՔԱՐԻ ԳԻՆԸ

Առաջին անհրաժեշտության ապրանքների թանկացումը, թերևս, հանրությանը հուզող հիմնական խնդիրներից է. հատկապես՝ նախամանորյա այս օրերին: Թանկացել են կարագը, միսը, կաթնամթերքը: Արդարացումների պակաս այս օրերին չեղավ: Հիմնականում այդ դերը վերապահված էր  գործադիր և օրենսդիր մարմինների անդամներին, որոնցից նույնիսկ ոմանք անգամ հորդորեցին քաղաքացիներին՝ գնալ գյուղ, հող մշակել, հարստացնել պետությունը:
 
Ու ահա  թանկացումներն արդարացնող-պաշտպանողների բանակը համալրեց նաև Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը:
 
Նա այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձել է վերջին շրջանում առաջին անհրաժեշտության ապրանքների գների բարձրացմանը: Արտակ Շաբոյանը, ինչպես և սպասելի էր, կարագի թանկացման «մեղավոր» համարեց միջազգային շուկայում կարագի վաճառքի գների ավելացումը: Սակայն Շաբոյանը մոռանում է, որ վերջին մեկ ամսում միջազգային շուկայում կարագի գինը նվազել է 12 տոկոսով: Սրա մասին անգամ տնտեսագետ Արտակ Մանուկյանն էր բարձրաձայնել՝ Արտակ Շաբոյանից պատասխան ակնկալելով: 
 
Ինչ վերաբերում է մսի գնի ավելացմանը, Շաբոյանը ուշագրավ ու հարցեր առաջացնող պատասխան է տալիս՝ Հայաստանում կան բազմաթիվ միս արտադրողներ, անհատ գյուղացիներ, և այս տեսանկյունից մսի ոլորտը մրցակցային է, ինչի համար էլ հատուկ ուշադրություն չեն դարձնում:
 
Կառավարության անդամը նաև խոստովանում է, որ մսի գնի թանկացումը պայմանավորված է արտաքին պահանջարկով: Փաստորեն, կառավարությունը անուղղակիորեն հաստատում է մամուլի այն հրապարակումները, թե գործարար Սամվել Ալեքսանյանը մեծ քանակով մսամթերք է արտահանում Իրան և Քրդստան: Մյուս կողմից, սակայն, չի բացառվում, որ պատկան կառույցներն իրենց անգործությունն արդարացնելու համար են մեղքը գործարարների վրա բարդում; Հիշենք «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ-ի ղեկավար Հրաչ Բերբերյանի այն հայտարարությունը, թե անասնակերը քիչ  է եղել, թանկացել է, որի պատճառով էլ տնտեսվարողները բարձրացել են մսի գինը: 
 
Որպես մխիթարանք՝ ՏՄՊՊՀ-ի ղեկավարը հիշեցնում է, թե մի շարք ապրանքային շուկաներում նաև գնային նվազեցումներ են տեղի ունենում:
 
- Այս տարվա ընթացքում շաքարավազի գները կտրուկ նվազել են՝ շուրջ 14 տոկոսով: Այս պահին վաճառքի գինը 335 դրամ է: Այսինքն՝ կտրուկ իջեցում է տեղի ունեցել, և շաքարավազի շուկայում այդ իջեցումը պայմանավորված է մրցակցության ուժեղացմամբ և խորացմամբ,- մանրամասնում է Շաբոյանը, ապա շարունակում.
 
- ՏՄՊՊՀ ուսումնասիրության արդյունքներով՝ այս պահին շուրջ 50 ընկերություն կա, որոնք իրականացնում են շաքարավազի ներկրում: Իսկ արդյո՞ք շաքար ներկրողներն իրենց ապրանքը վաճառելու համար են ներմուծում: Միգուցե անձնական օգտագործման կամ բարեկամ-հարազատներին փոքր քանակով վաճառելու մասին է: Այս հարցը պաշտոնյայի համար կարևոր չէ. կարևորն այն է, որ մուտքի խոչընդոտներ չկան: 
 
ՏՄՊՊՀ նախագահը վստահեցրեց, որ եթե որևէ մեկը, ցանկացած տնտեսվարող նպատակահարմար է գտնում տվյալ բիզնեսով զբաղվել և շաքարավազ ներկրել, ապա առանց որևէ սահմանափակումների դա կարող է իրականացնել: 
 
Ներկայումս իրենց կարևորագույն խնդիրը մուտքի խոչընդոտների բացահայտումն է: Մինչդեռ հայկական որոշ ընկերություններ ԵԱՏՄ տարածքում իրենց արտադրանքն արտահանելիս խնդիրների առաջ էին կանգնել: Դա էլ ըստ Շաբոյանի՝ մրցակցային մարմինների գործունեության հետևանք է: