Ինչո՞ւ է անպտուղ զույգերի ֆինանսավորումը կրճատվել

ՇՏԱՊՕԳՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՎՃԱՐՈՎԻ ՉԻ ԴԱՌՆԱ. ԱՌԱՅԺՄ

ԱԺ-ում 2018-ի բյուջեի քննարկման ժամանակ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը երկու կարևոր հարց բարձրացրեց առողջապահության ոլորտի մասին: Պատգամավորը հետաքրքրվեց՝ արդյո՞ք պետությունը չի պատրաստվում փոխել սրտի ստենտավորման սկզբունքները: Թե՞ դանակը պետք է հասնի ոսկորին, նոր պետությունը միջոցներ ձեռնարկի:
 
Հարցը վերաբերում էր նաև հիվանդին շտապօգնության մեքենայով տանել-չտանելուն: Այսինքն՝ երբ շտապ օգնության մեքենան է տանում, ապա հիվանդը պետպատվերով է բուժօգնություն ստանում, հակառակ դեպքում նա զրկվում է այդ ամենից: Ի պատասխան՝ առողջապահության նախարար պրն Ալթունյանն ասաց.
 
- Պետպատվերը անվճար է՝ սոցիալապես անապահով խավերի համար, զինծառայողների և նրանց ընտանիքների համար: Ինչպես նաև՝ զուտ կյանքը փրկելու դեպքում: Չի ասվել, որ սրտի ցանկացած ստենտավորումն անվճար է: 
 
Նախարարի խոսքով՝ երբ կավելանան հատկացումները, պետպատվերով ստենտավորվողներն ավելի շատ կլինեն: 
 
Նիկոլ Փաշինյանի հաջորդ հարցը վերաբերում էր անպտուղ զույգերի արհեստական բեղմնավորման ծրագրի ֆինանսավորման կրճատմանը: Նրա խոսքով՝ տարեկան 78 մլն դրամն առանց այն էլ քիչ է: Նա առաջարկում է այդ գումարը քառապատկել՝ մոր և մանկանն ուղղված միջոցների կրճատման հաշվին, քանի որ քիչ ծնունդներ են եղել, և խնայել ենք 700 մլն դոլար: 
 
Լևոն Ալթունյանի խոսքով՝ անպտուղ զույգերին ուղղված գումարը հանվել է ծրագրի սղությունից և անհնարինությունից ելնելով: Տրամադրվող գումարն քիչ էր, բաշխումը՝ սուբյեկտիվ էր ու անարդյունավետ:
 
 «Ելք» խմբակցության ղեկավարը հետաքրքրվեց նաև հիվանդանոցներում պետպատվերի տրամադրման կարգով: Նիկոլ Փաշինյանի համոզմամբ՝ գործում է մի մեխանիզմ, որտեղ եթե բժշկական կենտրոնը տեր ունի, ապա նա ստանում է պետպատվեր, իսկ եթե ոչ՝ ԲԿ-ն ինքը պետք է հոգա այդ ամենի մասին:
 
Նախարարը պարզաբանեց, որ եկող տարի պետպատվերի բաշխումները կլինեն ծառայությունները կենտրոնացնելով:
 
Ի դեպ, Լևոն Ալթունյանն ասաց, որ առաջիկա մեկ տարվա ընթացքում  շտապօգնության ծառայությանը վճարովի չի դառնա՝ չնայած հարցն արդիական է: