Նպաստառու ընտանիքները «ստվերից» դուրս հանել
«ԳԼԽԻՑ» ԲՌՆԵԼՈՒ ՓՈԽԱՐԵՆ «ՀԱՐՎԱԾՈՒՄ» ԵՆ ԱՆԱՊԱՀՈՎՆԵՐԻՆ
Կառավարությունը կարծես նոր միջոց է գտել՝ բյուջեի միջոցները խնայելու: Հերթը նպաստառու ընտանիքներինն է, որոնց թիվը Հայաստանում 104.000 է: Եվ որքան էլ զարմանալի թվա՝ այն չի պակասում:
Այսօր ԱԺ-ում առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովում քննարկվեց «Սոցիալական աջակցության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը:
Նախագիծն օրենսդիր անդամների դատին էր ներկայացրել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը: Այդ փաստափղթի համաձայն՝ սոցիալական աշխատողը պետք է գնահատի ընտանիքի ապահովությունն ամբողջությամբ, որից հետո նախարարությունը որոշի՝ տա՞լ ընտանիքին սոցիալական աջակցություն, թե՞ չտալ: Կգնահատվի ընտանիքների ունեցվածքը, գույքային ռեսուրսները, սրանով իսկ ավելի ամբողջական կլինի պատկերացումը ընտանիքի սոցիալական վիճակի մասին:
- Գնահատումը կատարվելու է կառավարության կողմից որոշված կարգով: Մեծ աշխատանք է տանելու սոցիալական աշխատողը: Աշխատողը պետք է տա եզրակացություն՝ արդյո՞ք ընտանիքն աշխատում է, թե՞ ոչ: Եթե չեն աշխատում՝ ուղղորդել զբաղվածության կենտրոններ՝ փորձելով գտնել աշխատանք, այլ ոչ թե նպաստ տալ:
«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը մտահոգություն ունի՝ նպաստից զրկվելու սպառնալիքը քաղաքական հզոր գործոն է ընտրություններում: Եթե ընտրություններ լինեն, և իշխող կուսակցությանն էլ ձայներ անհրաժեշտ լինի՝ սոցիալական աշխատողը որոշ ընտանիքների դեպքում կարող է «չտեսնել» նրանց ունեցվածքը: Իսկ եթե այդ ընտանիքը համարձակ ասի, որ ընդդիմությանն է ընտրելու, «ստվերից» հարկային դաշտ է տեղափոխվում:
Փաշինյանը հիշեցրեց «Զիբիլիքսի» հայտնի գործը, երբ ՀՀԿ շտաբի մոտի աղբամանից գտել էին թղթեր, որոնցից մի քանիսը «Փարոս» համակարգի հետ էին կապված:
Ընդդիմադիր պատգամավորին մտահոգող մյուս հարցը աշխատանքի խնդրին էր առնչվում: Նրա կարծիքով՝ աշխատատեղեր կան, բայց պայմաններն են աննպաստ.
- Պահանջում են մինչև 35 տարեկան բարետես արտաքինով և այլ պարամետրերով մարդկանց՝ առավոտյան ժամը 8-ից մինչև գիշերը ժամը 10-ը: Աշխատանքը սարի ծերին գտնվող մի սրճարանում է և տալիս են ընդամենը 60.000 դրամ աշխատավարձ: Մարդը երբեք չի գնա նման աշխատանքի, եթե տանը նստած ստանում է 30.000 դրամ նպաստ. հաշվի առնենք, որ այդ 60.000-ից նա դեռ պետք է ծախսեր էլ անի՝ աշխատանքի վայր հասնի և այլն: Այսպես մենք նպաստում ենք անաշխատունակությանը: Ու առաջարկվող աշխատավարձերն էլ միջինում 70.000 դրամ է:
Արտեմ Ասատրյանն իր խոսքում կարևորեց, որ այս նախագծով նպաստառուների իրական թիվ կունենանք, մինչդեռ այս նախագծով ավելանում են կոռուպցիոն ռիսկերը և ցածր աշխատավարձ ստացող սոցիալական աշխատողի համար պարարտ հող են բացում՝ «լևի» փող աշխատելու: Բացի այդ՝ բոլորս գիտենք, որ նորմալ վարձատրության և 8 ժամյա աշխատանքի դեպքում նպաստառու ընտանիքները հազիվ թե մնան 30.000 դրամի հույսին:
Եվ, վերջապես՝ Հայաստան եկող տրանսֆերտները ևս գործադիր մարմնին սկսել են հետաքրքրել: Չի բացառվում, որ դրսից տարվա մեջ մեկ անգամ չնչին գումար ստացող ընտանիքը նույնպես զրկվի նպաստից՝ համարելով, որ նա եկամտի այլ աղբյուր ունի: Մինչդեռ գիտենք՝ միշտ չէ, որ խոպան մեկնող տղամարդիկ կապ են պահպանում իրենց ընտանիքների հետ և կանոնավոր գումար ուղարկում: Պատահական չէ, որ Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը հիշեցրեց.
- Յուրաքանչյուր տարի նվազագույնը 1.2 մլրդ դոլար ընտանիքները ստանում են դրսից:
Այսպիսով, «գլխից» բռնելու՝ ընտանիքներին նպաստի ցուցակներ մտցնող կառույցները խոշորացույցի տակ պահելու փոխարեն կառավարությունն իր մահակը անապահով խավի գլխին է իջեցնում: