Սերժ Թանկյանի ահազանգի հետքով. արգելել ԳՁՕ-ի արտադրությունը

ԸՆԴԱՄԵՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԱՐԵՑԻՆ

Աշխարհահռչակ հայազգի ռոքեր, System Of a Down ռոք խմբի մեներգիչ Սերժ Թանկյանի ֆեյսբուքյան գրառումը իրար խառնեց անգամ Հայաստանի պատկան մարմիններին: Հայազգի ռոքերի անհանգստությունը պատահական չէր: 
 
Նոյեմբերի 1-ին ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանատունը կազմակերպել էր Հայաստանի գյուղատնտեսական ոլորտին ուղղված բիզնես համաժողով, որի նպատակն էր գործարար կապեր ստեղծել այդ ոլորտում ներկայացված հայկական և ամերիկյան Valmont, Monsanto ընկերությունների միջև:
 
Համաժողովին ներկա են եղել Monsanto-ի ներկայացուցիչները, որոնք ցույց են տվել իրենց արտադրանքն ու պատմել մատուցվող ծառայությունների մասին: Բացի այդ, նրանք հետաքրքրվել են Հայաստանում բիզնես ծավալելու հնարավությունների մասին:
 
Եվ ահա Սերժ Թանկյանը հորդորում է հեռու մնալ մնալ գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմների արտադրական ոլորտի «հսկա» հանդիսացող Monsanto ընկերության արտադրանքից: Այս «հակագովազդը» ամենևին էլ պատահական չէ:
 
Պարզվում է՝ Հայաստանում վաճառվում է ԳՁՕ պարունակող մթերքներ՝ լոլիկ, եգիպտացորեն, պղպեղ: Ըստ ԳԱԱ Էկո և սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար, պարենային սննդի փորձագետ Դավիթ Պիպոյանի՝ ԳՁՕ պարունակող  մթերքների աճեցումը վնասակար է տնտեսության համար, քանի որ տվյալ հողակտորը հետագայում այլևս չի կարող պիտանի լինել  օրգանիկ մթերք աճեցնելու համար: Թեև Հայաստանում օրենքով արգելված չէ ԳՁՕ պարունակող մթերքների արտադրությամբ զբաղվել, սակայն Դավիթ Պիպոյանը կարծում է, որ պետք է օրենքով արգելել դրանց արտադրությունը Հայաստանում, հատկապես՝ մենք ունենք օրգանական գյուղատնտեսություն զարգացնելու բոլոր նախապայմանները: 
 
Հիշեցնենք՝ ամիսներ առաջ Հայաստան էին եկել ամերիկացի երիտասարդ գործարարներ, ովքեր ցանկություն ունեն Հայաստանում և Արցախում օրգանական գյուղատնտեսություն զարգացնել: 
 
- Հայաստանը չի կարող արգելել ԳՁՕ մթերքների մուտքը մեր երկիր, քանի որ կան շատ աշխարհահռչակ ֆիրմաներ, որոնց մթերքների մեջ կան ԳՁՕ-ներ, բայց մենք կարող ենք գոնե մեր երկրում չաճեցնել նման մթերքներ,- ասաց Պիպոյանը: 
 
Ի պատասխան այս մտահոգություններին՝ ՀՀ Գյուղատնտեսության նախարարությունը հայտարարեց, որ չի համագործակցում «Մոնսանտո» ընկերության հետ: Ու փոխանակ պատկան կառույցը՝ Գյուղնախարարությունը, Սերժ Թանկյանի հայտարարությունն դիտարկեր որպես ահազանգ և խորությամբ վերլուծեր, ընդամենը հայտարարություն  արեց: Իսկ ԱՄՆ դեսպանատուը ուշագրավ մեկնաբանություն էր տվել: 
 
«Մոնսանտո» ընկերության արտադրանքը Հայաստանում վաճառվել է 2006 թվականից, իսկ նրա արտադրանքից և ծառայություններից օգտվել-չօգտվելու որոշումը կայացվելու է ֆերմերների և ագրոբիզնեսների կողմից: