«Կրթությունը, գիտությունը և պաշտպանությունը կշեռքի միևնույն նժարին չեն»

ՈՒՍԱՆՈՂՆԵՐՆ՝ ԸՆԴԴԵՄ ՏԱՐԿԵՏՄԱՆ ՎԵՐԱՑՄԱՆ. ՊԱՀԱՆՋՆԵՐ ԵՎ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ

Երեկվանից ուսանողները շարունակում են ընդվզել տարկետման իրավունքի վերացման դեմ:
 
Արդեն երկու օր է՝ նրանք դասադուլ են կազմակերպել Երևանի պետական համալսարանի առջև: Նրանք բողոքում են Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ անցած «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծի դեմ, մասնավորապես տարկետման իրավունքը վերացնելու դրույթի դեմ: Ուսանողները պահանջում են պահպանել տարկետման իրավունքը՝ պնդելով, որ դա կվնասի գիտության ոլորտին Հայաստանում:
 
«Մեդիա կենտրոնում» այսօր տեղի ունեցած «Ուսանողներն` ընդդեմ տարկետման վերացման. պահանջներ և առաջարկներ» թեմայով  քննարկմանը մասնակցում էին Հանուն գիտության զարգացման 2004 թվականի նախաձեռնության անդամ Արեն ՄԱՆՈւԿՅԱՆԸ և Կրթական քաղաքացիական նախաձեռնության անդամ, կրթության փորձագետ Միշա ԹԱԴԵՎՈՍՅԱՆԸ:
 
Արեն Մանուկյանը կարծում է, որ իշխանությունների հետ խոսելու միակ տարբերակը փողոցային պայքարն է.
 
- Որովհետև երբ նորմալ բանավիճում ես, տարբեր առաջարկներ ես ուղղում, իրենք չեն ընդունում: Արդեն որերորդ անգամն է, նրանք նման օրենքի նախաձեռնությամբ են հանդես գալիս: Միակ դեմ լինելու հնարավոր տարբերակը փողոցային պայքարն է, դասադուլն է, երթերն են, հանրահավաքն է: Եթե իշխանությունները շարունակեն նման ձև իրենց պահել, կհասնի նաև այդտեղ, ավելի լայն մասսաներ կներգրավեն այս պայքարին և  այդ պարագայում, այո, ես կարծում եմ, որ հնարավոր կլինի հաղթել: Դահլիճային քննարկումները ընդամենը լեգիտիմացնում են իրենց բերած տարբերակները,- ասում է Ա. Մանուկյանը:
 
Ըստ նրա՝ օրենքի նախագիծը իրականում ոչ մի դրական փոփոխություն չի բերում բանակին:
 
- Թվային կամ որակական առումով այն խնդիր չի լուծում: Նման հայեցակարգը բանակի համար որևէ դրական տեղաշարժ չի ապահովում: Տարվա կտրվածքով ընդամենը 100 հոգու վրա է ազդում սա. այսինքն 100 հոգի կավելանա բանակում, որից գիտությունն է տուժելու՝ 100 հոգի կկտրվի գիտությունից: Մինչդեռ գիտության այդ 100 հոգին ավելի մեծ օգուտ կարող էին բերել թե՛ տնտեսությանը, թե՛ բանակին, թե՛ պետությանը,- հավելում է Մանուկյանը:
 
Միշա Թադևոսյանն էլ ասում է, որ կրթությունը, գիտությունը և պաշտպանությունը կշեռքի միևնույն նժարին չեն:
 
- Ցանկացած երկրի զարգացման կարևորագույն պայմանը կրթությունն ու գիտությունն է, իսկ այս դեպքում պետությունը որդեգրելով նմանատիպ քաղաքականություն՝ լուրջ մարտահրավեր է  նետում կրթությանը: Ու դրա ազդեցությունը որևէ մեկը չի կարող գնահատել այս պահի դրությամբ, մենք ունենք իրականություն, երբ հետևանքները անկանխատեսելի են: Դա մոտիվացիայի անկումն է, կրթության նկատմամբ հետարքրքվածության նվազեցումն է, կրթության արժևորման նվազեցումն է,- ընդգծում է Մ. Թադևոսյանը:
 
Նա հավելում է, որ օրենքի նախագիծը միտված չէ նաև սոցիալական արդարությանը, այլ սոցիալական արդարության կարգախոսի ներքո տանելու է «սոցիալական բևեռացման»:
 
- Մենք ուսանողներին իրավունքի իրացման տեսանկյունից պետք է տանք հնարավորություն ընտրելու սեփական ճանապարհը,-համոզված է Թադևոսյանը: