Վարչապետը չզիջեց. դասադուլը կշարունակվի

ԻՐԱՎԱՊԱՀՆԵՐԸ ԶԳՈՆ ԵՆ

Արդեն երրորդ օրը դասադուլ անող ուսանողները շարունակում են իրենց  պայքարը: Նրանք կառավարության շենքի առջև պահանջել են Կարեն Կարապետյանի հետ հանդիպում: Գործադիր մարմնի ղեկավարը, սակայն, իր խորհրդական Արամ Վարդևանյանին էր ուղարկել հանդիպման:
 
Մի քանի ժամից, այնուամենայնիվ, Կարեն Կարապետյանը«տեղի տվեց» և ընդունեց դասադուլ անող ուսանողներից մի քանիսին: Հանդիպումն ավարտվել է քիչ առաջ և ընթացել է առանց լրագրողների:
 
Երկու ժամ տևած բանակցություններից հետո «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը  կառավարության շենքի առջև հավաքվածներին ասաց՝ հանդիպումն անարդյունք էր: Կարեն Կարապետյանը, պաշտպանության և ԿԳ նախարարներ Վիգեն Սարգսյանն ու Լևոն Մկրտչյանը հորդորել են ուսանողներին առաջարկներ ներկայացնել: 
 
Բայց ի՞նչ առաջարկ, եթե խոսքը հիմքային հարցի՝ տարկետման իրավունքի վերականգման մասին է:Հետաքրքիրն այն է, որ երեկ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանն ուսանողներին ասել էր, թե այլևս քննարկելու ոչինչ չունեն նրանց հետ: Իսկ այսօր նա վարչապետի աշխատասենյակում էր: Եկել էր՝ հիմնավորելո՞ւ քննարկելիք չունենալը, թե՞ ապացուցելու, որ երեկվա հայտարարությունը միայն ի՛ր կարծիքը չէ: 
 
Պարզաբանելով ուսանողների ներկայացրած մտահոգություններն ու դիտարկումները, նշվել է, որ նրանց  կողմից բարձրացված հիմնական մտահոգությունները ոչ թե օրենքի կարգավորման առարկա են, այլ կարգավորվելու են ենթաօրենսդրական ակտերով:
 
Վարչապետն ու պաշտպանության նախարարն ընդգծել են, որ նախատեսվելու է օրենքից բխող մոտ յոթ տասնյակ կառավարության որոշումների ընդունում, և ակցիայի նախաձեռնող խմբի ներկայացուցիչներին առաջարկվել է ընդգրկվել այդ որոշումների նախագծերը մշակող աշխատանքային խմբում՝ ներկայացնելով իրենց առաջարկներն ու մոտեցումները:
 
Ուսանողների կողմից առաջարկությունը չի ընդունվել: 
 
Ըստ դասադուլավորների՝ կառավարության ղեկավարն ու նախարարները այնպիսի ծանրակշիռ փաստարկներ չեն ներկայացրել, որոնք իրենց կստիպեն դադարեցնել դասադուլը: Ուսանողները վճռական են տրամադրված՝ դասադուլը շարունակելու են նաև վաղը:
 
Այսօր նաև ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանն է խոսել ուսանողների բողոքի մասին: Նա ասել է, որ ԵՊՀ-ում այսօր կայացել է գիտխորհրդի նիստ, որի ժամանակ քննարկվել է նաև տարկետման իրավունքի վերացման վերաբերյալ օրենքի նախագիծը։
 
ԵՊՀ ռեկտորի խոսքով՝ գիտխորհրդի անդամներից միայն երկուսն են դեմ քվեարկել, եղել է 1 ձեռնպահ, իսկ խորհրդի մնացած անդամները կողմ են քվեարկել: Արամ Սիմոնյանի կարծիքով՝ առաջարկվող նախագիծը շատ լավն է և ճիշտ կիրառման դեպքում մեծ օգուտներ կտա Հայաստանին:
 
Ի դեպ, խոսակցություններ կան, որոշ քաղաքական ուժեր փորձում են ձեռքերը տաքացնել այս բողոքի կրակի վրա և հնարավորության դեպքում՝ այն վերածել ներքաղաքական զարգացման: Պատահական չէ, որ իրավապահները ևս ուշադիր հետևում են գործընթացներին: