Պայքարի խեղման հերթական վտանգը

ՊՂՏՈՐ ՋՐՈՒՄ ՁՈՒԿ ՈՐՍԱՑՈՂՆԵՐ ԷԼ ԿՀԱՅՏՆՎԵՆ

Ուսանողները երկու օրով դադարեցնում են դասադուլը՝  մտածելու հետագա անելիքների մասին: Կարճ հիշեցում՝ զինծառայության մասին օրենքում փոփոխությունից հետո հանվել է տարկետման իրավունքը, որն էլ ստիպել է ուսանողներին փողոց դուրս գալ:
 
Գուցե երիտասարդները պայքարի նոր ձև են մտմտում՝ ճահճացումից խուսափելու համար, ինչպես եղավ «էլեկտրիկ Երևանի» ժամանակ, երբ Բաղրամյան պողոտան փակած ակտիվիստները մի օր մեքենաներով շրջեցին փողոցներով, ազդանշանները միացրած կոչ արեցին այլ քաղաքացիների ևս միանալ պայքարին:
 
Թե ինչ կլինի երկուշաբթի՝ կտեսնենք, բայց փորձենք վերլուծել   չորս օրերի պայքարը, քանի որ որոշակի նրբերանգներ, այնուամենայնիվ, նկատեցինք: Սկզբում ուսանողները պահանջում էին պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հետ ուղիղ եթերով հանդիպում. գործադիր մարմնի անդամը մերժել էր: Դրա փոխարեն առաջարկել էր հանդիպել ակցիայի մասնակիցներից 4 հոգու հետ: Ուսանողները չէին համաձայնել: Հետո կայացավ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանի հետ հանդիպումը, որտեղ ակամա և անուղղակի «խայթոց» հնչեց Վիգեն Սարգսյանի հասցեին՝ երբ ուսանողներից մեկը հարցրեց՝ պաշտպանության նախարարն այս ձևաչափով իրենց հետ կհանդիպի՞:
 
- Հարցրեք նրանից: Անկախ նրանից, թե ինչ կլինի՝ մեր դռները բաց են ձեր առաջ,-  նախարար Լևոն Մկրտչյանի հավաստիացումն էր: 
 
Հետո  ուսանողները պահանջեցին հանդիպում վարչապետ Կարեն Կարապետյանի հետ: Թվում էր՝ վերջինս կբավարարվի բանակում չծառայած իր խորհրդական Արամ Վարդևանյանին ուղարկելով: Հետո, սակայն, եղավ հանդիպումը, բայց առանց լրագրողների: Պահանջ, որին համաձայնեցին ուսանողները: Ինչ-որ տեղ կարելի է հասկանալ նրանց զիջումը՝ փորձեցին առավելագույնս օգտագործել բոլոր հարթակները իրենց խոսքը տեղ հասցնելու համար: Լրագրողների բացակայությունն էլ չօգնեց, որ կողմերն ընդհանուր հայտարարի գան: 
 
Այսօր էլ  խորհրդարանի պաշտպանության հանձնաժողովում  Զինապարտության մասին նախագծի քննարկում պետք է լիներ: Եվ, ով զարմանք՝  քվորում չկար, նիստը հետաձգվեց: Ուսանողներն էլ, չգիտես ինչպես, տեղեկացել էին օրինագծի  քննարկման մասին ու հավաքվել ԱԺ-ի մոտ՝ այդ նիստին մասնակցելու ակնկալիքով: Հանձնաժողովի անդամ պատգամավորները չէին եկել. հավանաբար «իջել են ջրի հատակը, մինչև անցնի վտանգը»՝ որոշակիություն սահմանվի: 
 
Բանն այն է, որ ուսանողների բողոքը (մի կողմ թողնենք, թե այն ինչքանով է արդարացի) փորձում են ուղղորդել տարբեր քաղաքական ուժեր, ինչու չէ նաև ռեկտորներ: «Ավանգարդին» հասած տեղեկություններով՝ մի քանի համալսարանների ռեկտորներ, լավ հասկանալով, որ այս օրինագծի ընդունումից հետո կողմնակի եկամուտ աշխատելու հնարավորություն չեն ունենա, որոշել են ուղղորդել բողոքը: Սակայն արի ու տես, որ մոռացումի լուսանցքում հայտնված քաղաքական առանձին ուժեր էլ  որոշել են իրե՛նց գոյությունը հիշեցնել: Խոսքն, իհարկե, արտախորհրդարանական ուժերի մասին է: 
 
Կերակրատաշտից հեռու գտնվողները մեզանում իրենց ընդդիմություն են հռչակում, և չես էլ հասկանում՝  հանուն ինչի կամ ընդդեմ ինչի են պայքարում ու ամենակարևորը՝ ինչ գնով:
 
Ազգային դիմադրության ճակատի աշխատանքները համակարգող Պետրոս Մակեյանը, օրինակ, հանդիպել է  ԱՄՆ-ից նոր վերադարձած «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի հետ, որից հետո հայտարարել, թե  չի բացառվում, որ միանան ուսանողների շարժմանը: Միանում եք, որ ի՞նչ անենք՝ այս հարցը կարելի է տալ մեր շատ քաղգործիչներին: Եթե ասելիք ունեիք, ապա այն հնչեցնեիք մինչ ուսանողների ընդվզումը՝ Զինծառայության մասին օրինագծի քննարկման ժամանակ: Իսկ հիմա ինչպե՞ս չմտածենք, որ ջրի երեին մնալու համար փորձ է արվում  կրթական պահանջը քաղաքական գործընթացի վերածել: 
 
Դառը փորձն արդեն կա, որ երբ սոցիալական շարժումներին միանում են քաղգործիչները, դրանք խեղաթյուրվում, արժեզրկվում են: Ընդ որում՝ արժեզրկում են ոչ միայն հույս ու հավատը սոցիալական բունտով հարց լուծելու մեթոդը, այլև պայքարողներին, ովքեր երևի թե հետո են հասկանում, թե ինչպես դարձան այլոց շահերի անուղղակի սպասարկու: Հայտնի խոսք կա՝ հեղափոխությունն իրականացնում են նվիրյալ խենթերը, օգտվում են սրիկաները: