Մոտ երեսուն րոպեն մեկ աշխարհում մեկ երեխա է մահանում թոքաբորբից. թոքաբան
ՆՈՅԵՄԲԵՐԻ 12-Ը ԹՈՔԱԲՈՐԲԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՆ Է
Անձնական հիգիենայի կանոնների խախտումը՝ սկսած չլվացվելուց, կարևոր դեր ունի թոքաբորբով հիվանդանալու հարցում: Հիվանդության զարգացմանը նպաստող գործոններից են նաև տանը ծխելը, դրա հետևանքով և այլ պատճառներով աղտոտված օդը, շրջակա միջավայրը…
Թոքաբորբի դեմ պայքարի միջազգային օրվա առթիվ այս և այլ թեմաների շուրջ զրուցեցինք ՀՀ ԱՆ գլխավոր թոքաբան Անդրանիկ ՈՍԿԱՆՅԱՆԻ հետ:
- Տարածված տեսակետ կա, համաձայն որի` վարակվելուց և Ձեր նշած գործոններից բացի՝ հիվանդության պատճառ կարող են դառնալ թերսնումն ու մրսածությունը. այդպե՞ս է արդյոք:
- Այո, և՛ մրսածությունը, և՛ թերսնումը կարող են պատճառ լինել, բայց դրանք հիմքում ընկած չեն, դրանք կարող են լինել պայմաններ, որոնց առկայության դեպքում թոքաբորբը կարող է զարգանալ: Թոքաբորբն ինֆեկցիոն հիվանդություն է, և հաճախ մենք շփոթում ենք այն իմունային համակարգի հետ կապված թոքաբորբի հետ, և հետագայում բուժման մեջ բարդություններ են առաջանում: Դրա համար հստակ ախտորոշում է հարկավոր, իսկ հիմնական ախտորոշիչներն արյան ընդհանուր անալիզն ու ճիշտ արված ռենտգեն հետազոտությունն են: Սա կարևոր է, որպեսզի հստակեցվեն ինֆեկցիոն և իմունային համակարգի հետ կապված թոքաբորբերի տարբերությունները: Հետագա բուժման համար մեծ նշանակություն ունի այն հանգամանքի պարզումը, թե ի՛նչն է եղել վարակվելու պատճառը. ուստի շատ կարևոր է հնարավորինս վաղ ախտորոշումը:
- Եթե մարդը հիվանդ է թոքաբորբով, ո՞ր ախտանշաններից կարող է հասկանալ, որ միանգամից դիմի բժշկի:
- Ջերմություն և շնչառության խանգարում, որը տարբեր ձևերով է արտահայտվում:
- Այսօր` 21-րդ դարում, թոքաբորբից մահացության դեպքեր դեռ լինու՞մ են:
- Այո, թոքաբորբից մահացությունը շատ բարձր է մինչև հինգ տարեկան երեխաների շրջանում: Մոտ երեսուն րոպեն մեկ աշխարհում մեկ երեխա է մահանում թոքաբորբից: Տարեկան ամբողջ աշխարհում հիվանդանում է մոտ 155 մլն մարդ՝ թե՛ մեծահասակ, թե՛ երեխա:
- Երեխաների մահացության դեպքերի այդքան բարձր ցուցանիշն ինչո՞վ է պայմանավորված:
- Պայմանավորված է ոչ ճիշտ մոտեցումներով: Միջազգային պրակտիկայում բժիշկներն ասում են՝ երեխան չէր մահանա, եթե ճիշտ ժամանակին ախտորոշեին և ճիշտ բուժում անցկացնեին:
- Հիմնական պատճառը բժշկին ուշ դիմե՞լն է:
- Այո…
- Բայց կարծես թե նաև բժշկի գործոնը դեր ունի. նշեցիք ճիշտ կամ սխալ ախտորոշման մասին…
- Այսօր մենք հրաժարվել ենք առաջվա ստատուսից, այն է՝ կասկածելի ախտորոշման դեպքում միայն ստացիոնար բուժում անցկացնել: Հիմա թույլատրվում է բուժում տան պայմաններում, ինչը շատ վտանգավոր է: Այսինքն, տնեցիները, երբեմն նաև՝ բուժաշխատողներն աշխատում են ոչ թե բուժել, այլ ջերմությունն իջեցնել, մինչդեռ թոքաբորբի բուժումը լուրջ գործ է և անպայման պիտի իրականացվի ստացիոնար պայմաններում:
- Որո՞նք են այն ամենատարածված սխալները, որոնք մինչև բժշկին դիմելն անում են մարդիկ, երբ նկատում են առաջին ախտանիշները:
- Առաջին սխալը ջերմիջեցնող դեղերն օգտագործելն է: Դրանք կարծես թե բարելավում են հիվանդի վիճակը, բայց թոքաբորբն իրականում դրանց չի ենթարկվում, այն շարունակում է իր «սև գործը», և հետո արդեն ուշ է լինում: Երկրորդը հակաբիոտիկներն են. դրանք պետք է տալ ճիշտ ձևով, ոչ թե մի օր տալուց և վիճակի բարելավում նկատելուց հետո դադարեցնել: Հակաբիոտիկ նշանակելը մի «այիբ» է, սխալ նշանակելը՝ երկու. վնասակար է: Անհրաժեշտ է հնարավորինս շուտ ախտորոշել, այնուհետև հիվանդը պիտի ստացիոնար բուժում ստանա՝ անպայման անցնելով բուժման ողջ կուրսը, որպեսզի միկրոբը չզարգանա: