Գրոհ վարչապետի դեմ. ռինգում առևտրականներն են

ԴԺԳՈՀՈՒԹՅԱՆ ԱԼԻՔԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

Ամիսներ առաջ  լրատվամիջոցները կանխատեսել էին՝ «Ծառուկյան» դաշինքը գրոհի կանցնի և անխնա կքննադատի կառավարությանը՝ փորձելով արդարացնել իր ընդդիմադիր կեցվածքը ու ձեռքի հետ էլ հաճոյանալով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: Թեև «Ծառուկյան»-ցի պատգամավորները հերքեցին այդ տեղեկությունները, իսկ կառավարությանն ինքնաբուխ քննադատածներին «բամփեցին»՝ նախատեսված սցենարից առաջ ընկնելու համար, սակայն ԶԼՄ-ների կանխատեսումներն իրականացան:
 
Դասադուլ հայտարարած ուսանողների  պահանջը  դեռ հորով-մորով չարած՝ կառավարությունը նոր գլխացավանքի առաջ է կանգնել: «Առինջ Մոլ» առևտրային կենտրոնի աշխատակիցներն այսօր  ԱԺ-ի դիմաց էին: «Ավանգարդն» անդրադարձել է նրանց խնդրին: Հիշեցնենք, որ առևտրականները պահանջում են վերանայել հարկային օրենսգիրքը և իրենց չանհանգստացնել ավելորդ հարկային ստուգումներով: Ինչպես իրենք են ասում՝ տեռորով: Այսօր էլ նրանք նույն պահանջով խորհրդարանի շենքի առջև էին: Ընդ որում, այլ տոնավաճառների աշխատակիցներ չկային: 
Ցուցարարներից «Համերաշխություն» ՀԿ-ի նախագահ Արմեն Ներսիսյանը լրագրողներին հայտնեց. 
 
- Երեկվանից մենք ստորագրահավաք ենք սկսել, որով դիմում ենք խորհրդարանական 4 կուսակցություններին, որ այս հարցին ուշադրություն դարձնեն: Այս բռնությունները ոչ մի լավ բանի չեն տանելու: Մարդն ուզում է հանգիստ աշխատի-ապրի: Ով ա որոշել, որ պետք է բռնություններով բյուջե լցնեն, մարդկանց անհանգստացնեն: Սխալ է պատկերացումը, թե առևտրականները հարուստ մարդիկ են, եթե մի տանը 4 մարդ կա, 4-ն էլ վարկերի տակ են, 4-ն էլ իրենց տներով, մեքենաներով, բիզնեսով գրավի տակ են: Ո՞վ ա որոշել, որ այս թալանը պետք է շարունակեն: Ի՞նչ է նշանակում՝ կոշտ կոպիտ վարչարարություն: Մենք տեսանք, որ սա վարչապետից ա գալիս:
 
ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը  խորհրդարանի շենքից իջավ, ողջունեց առևտրականների բողոքը, ապա ասաց՝ ամեն ինչ անելու են, որ նրանց հարցին լուծում տան: Մինչ առևտրականների հետ հանդիպումն էլ դաշինքի պատգամավորներ Միքայել Մելքումյանը, Նաիրա Զոհրաբյանը իշխանությանը հորդորել էին այլ տեղում ստվեր փնտրել՝ ակնարկելով վարչապետի դղյակը.
 
- Սա բացահայտ տեռոր է, որպեսզի մարդիկ զրկվեն մի կտոր հացից: Էն, ինչ որ անում են այսօր պատկան մարմինները, բացարձակ անթույլատելի է, մարդու իրավունքների կոպտագույն խախտում: Բացել մարդկանց պայուսակները, ստուգել՝ նման իրավասություն որևէ կառույց չունի: Բյուջե լցնե՞լ եք ուզում, տեղը ցույց ենք տալիս՝ գազի մոնոպոլիա, բենզինի մոնոպոլիա, բազմաթիվ մոնոպոլիստներ, գնացե՛ք այդտեղ: Կառավարությունը, որը տապալել է իր գործունեությունը, պետք է կարողանա ճիշտ տեղը գնալ: Էն գազի հիմքի վրա ստեղծված իրենց դղյակները Մոնումենտում՝ այնտե՛ղ գնացեք և այնտե՛ղ օրինախախտումներ, կոռուպցիա ու չարաշահումներ տեսեք և ոչ թե փորձեք մի կտոր հացով իրենց ընտանիքը պահողների նկատմամբ,- հայտարարեց Նաիրա Զոհրաբյանը:
 
ՊԵԿ-ի նախագահը Մելքումյանին ուղղված նամակում գրել է, մի վաճառակետի դեպքում վաճառակետից բեռնախցիկ, վաճառակետից պահեստ, վաճառակետից բնակարան ուղեկցող փաստաթղթերի անհրաժեշտություն չկա: 
 
- Գրածն ու այն, ինչ արվում է, ոչ մի կապ չունեն իրար հետ,- ասաց ԱԺ փոխնախագահը:
 
Քիչ անց Միքայել Մելքումյանը, Նաիրա Զոհրաբյանը, Նիկոլ Փաշինյանը միասին դուրս եկան և մեկ շաբաթ ժամանակ խնդրեցին առևտրականներից՝ հարցը պատկան մարմինների հետ քննարկելու համար: