Մի ձեռքով կտան, մյուսով կվերցնեն՝ նորից շրջանցելով խոշորներին

ՀԵՐԹԸ ԴԱՅԱԿՆԵՐԻՆՆ Է

Կառավարությունը շարունակում է հարկահավաքության բեռը միայն փոքր ու միջին բիզնեսի ուսերին թողնել: Հիմա էլ հերթը հասել է դայակներին, որոնց պահանջարկը շուտով ավելի կմեծանա, եթե սոցնախարարի ներկայացրած օրինագիծն ընդունվի:
 
Գործադիր մարմնի անդամն առաջարկում է աջակցել աշխատող մայրերին՝ երեխայի խնամքն աշխատանքի հետ համատեղելու դեպքում: Ըստ օրինագծի՝ մինչև երեխայի երեք տարին լրանալը խնամքի արձակուրդում գտնվող մայրը երեխայի երկու տարին լրանալուց առաջ աշխատանքի վերադառնալու դեպքում՝ մանկան խնամքը աշխատանքի հետ զուգահեռ կազմակերպելիս կունենա կառավարությունից աջակցություն ստանալու իրավունք՝ կառավարության սահմանած կարգով:
 
- Ներկայացված նախագիծը պայմանավորելով ժողովրդագրական խնդիրներին որոշակի լուծումներ տալու հանգամանքվ՝ միջազգային փորձի ուսումնասիրություն ենք իրականացրել և պարզել, որ անգամ եվրոպական շատ երկրներում զբաղվածություն ունեցող մայրերի տոկոսը բավականին բարձր է՝ 75-80 տոկոս: Այսինքն՝ մենք կարող ենք ասել, որ ներկայումս ժողովրդագրական հաջող քաղաքականության բանալի է համարվում աշխատանքը և երեխայի խնամքը համատեղելու հնարավորությունը: Այսինքն՝ եթե մենք աշխատող մայրերին, մինչև երեխայի երկու տարին լրանալը, աշխատանքի վերադառնալու դեպքում երեխայի խնամքի հարցում աջակցենք, դա նրանց թույլ կտա մտածել հաջորդ երեխան ունենալու մասին: Կարծում ենք, որ այս ծրագրի ներդրումը մեզ հնարավորություն կտա որոշակի առումով բարելավել ժողովրդագրական վիճակը,- ասել է նախարարը:
 
Աշխատող մայրերը ոգևորությամբ ընդունեցին այս օրինագիծը, սակայն հետո հասկացան՝ վաղ է ուրախանալ: Բանն այն է, որ դայակների կարիք ունեցող ծնողը պետք է պայմանագիր կնքի դայակի հետ, որից հետո միայն կառավարությունը կփոխհատուցի գումարը: Արդյունքում մեծանալու են դայակներին վճարվող գումարները՝ անհասանելի դառնալով համեստ վաստակ ունեցող մայրերի համար (տեսնես այդ դեպքում նրանց աշխատանքը ստաժ կհամարվի՞):
 
Հավելենք նաև, որ հաշվի առնելով մեր հանրության մտածողությունը ու նաև  Հայաստանում խաղի կանոններ թելադրող արտոնյալների խավը՝ դեռ պարզ չէ, թե քանի դայակ կհամաձայնի հարկային դաշտ մտնել: Հարկային դաշտ մտնել, նշանակում է պետբյուջե գումար վճարել, որի հետ դժվար է համակերպվում մեր  հանրությունը: Երկրորդ՝ եթե դայակի դերում հանդես  է գալիս տան անդամը՝ տատիկը, կամ ընտանիքի այլ անդամ, արդյո՞ք նրանք ևս կարող են օգտվել այդ պայմաններից: Ֆեյսբուք սոցիալական ցանցում այսօր այդ հարցի մասին  տարբեր կարծիքներ էին հնչում: Մի մասը կարծում է, թե տան անդամին պետք չէ վճարել, եթե նա աջակցում է իր հարազատին: Կար նաև հակառակ կարծիքը՝ տան անդամը աշխատանք է կատարում, նա ևս պետք է վճարվի:
 
Գործադիր մարմնի նախաձեռնությունը, իհարկե, լավ է,քանի որ, ըստ էության, նոր աշխատատեղեր են ստեղծվում, սակայն  հարկահավաքության բեռը վերստին միայն շարքային քաղաքացու ուսերին բարդելը ճիշտ չէ: 
Հասկանալի է, որ վերջին 25 տարիներին ձևավորվել է մի համակարգ, որտեղ ներկա և նախկին օլիգարխները միմյանց սատարելով՝ չեն ուզում վատամարդ լինել: Բայց մյուս կողմից էլ՝ եթե ուզում են պահպանել իրենց ունեցվածքը, որը չգիտես ինչ ճանապարհով են ձեռքբերել, պետք է մտածեն երկրի բյոջեն լցնելու մասին: Հակառակ դեպքում, եթե Աստված մի արասցե, պատերազմ եղավ, և էրդողանն ու Ալիևը Սևանում իրենց աղտոտ ոտքերը լվացին՝ առաջին զոհը,ինչպես եղավ Ցեղասպանության ժամանակ, կլինեն հենց իշխանավորները: Դրսի հետ հույսեր կապելը մանկամտության չափ անհեռատես է, քանի որ հիմա Եվրոպան մի նախագծի մասին է մտմտում, ըստ որի՝ եթե որևէ եվրոպացի չինովնիկ այլ երկրում ներդրումներ է անում և պարզվում է, որ այդ փողերը  գողացված են կամ թալանված այլ պետությունից, ապա այդ գումարները վերադարձվելու են օրինական տերերին: 
 
Վաղուց ի վեր ժամանակն է, որ մեր հայրենի Կառավարությունը մտածի ամենազոր խոշորներին հարկային դաշտ բերելու և նրանց ունեցվածքը պաշտպանող «ամրոցների»՝ շարքային քաղաքացիների  բարեկեցության մասին մտածի: Ավելի ստույգ՝ գործնական քայլեր անի այդ ուղղությամբ: