Կանխատեսելի սցենար. դասադուլը դադարեցված է

ԻՆՉՈ՞Ւ ԱՎԵԼԻ ՎԱՂ ՉԸՆԴՈՒՆԵՑԻՆ ԱՌԱՋԱՐԿԸ

Րոպեներ առաջ «Հանուն գիտության զարգացման նախաձեռնության անդամները մինչև նոյեմբերի 22-ը կդադարեցնեն դասադուլն ու հացադուլը և իշխանության հետ կսկսեն կլոր-սեղան քննարկումը դժգոհություն առաջացրած  Զինծառայության օրենքի մասին, որով վերացվեց տարկետման իրավունքը:

Բացի «Ելք» դաշինքից` մյուս խմբակցությունները կողմ քվեարկեցին օրինագծին, որը 2-րդ ընթերցմամբ ընդունվեց այսօր:

Ի նշան բողոքի` ուսանողները փակել էին Դեմիրճյան փողոցը, կաթվածահար արել երթևեկությունը, բախումներ ունեցել ոստիկանների հետ: Հավանաբար իշխանությունը, կանխազգալով, որ այս գործընթացը կարող է դառնալ քաղաքական, որոշել է ընդունել դասադուլավորների առաջարկը և կլոր սեղան-քննարկում անել: Հարց է առաջանում, թե ինչ քննարկման մասին է խոսքը, եթե օրինագիծն արդեն ընդունվել է: Արդյո՞ք սա հատուկ մարտավարություն չէ` մարել բորբոքված կրակը, ժամանակ շահել և մտածել` շարժումը վերջնականապես վերացնելոււ մասին:

«Հանուն գիտության զարգացման նախաձեռնության» անդամ Դավիթ Պետրոսյանն այսօր ասել է, որ իր հետ հեռախոսազրույց է ունեցել Երևանի ոստիկանապետը և խնդրել է, որ բախումեր չհրահրեն: Ոստիկանապետը նաև փոխանցել է, որ նրանց Ազգային ժողովի պատգամավորներ են մոտենալու, ովքեր ունեն առաջարկներ: Նա ասաց, որ որոշել են սպասել և տեսնել, թե ինչ առաջարկներ են արվելու:

Ուսանողների խոսքով` դասադուլն իրենց բողոքը արտահայտելու միջոցներից մեկն է։ Իսկ հիմա կլոր սեղան-քննարկման առաջարկը ԱԺ ղեկավարության կողմից համարում են այս պահի համար լավագույն տարբերակը: Դասադուլավորների հավաստմամբ` քննարկումը հեռարձակվելու է ուղիղ եթերում և հնարավորին մեծ թվով մարդկանց ներկայություն է ապահովվելու:

Քննարկմանը մասնակցելու համար դասադուլ անող ուսանողները հրավիրում են շահագրգիռ կողմերի` դասախոսների, գիտնականների:
Հետաքրքիրն այն է, որ մինչ օրենքի ընդունումը պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը պայքարողներին առաջարկել էր կառավարության հետ քննարկում սկսել, սակայն նրանք մերժել էին` ասելով, թե իրենք օրինագծի կոնցեպտին` տարկետման իրավունքի վերացմանն են դեմ: Ու թե հիմա ինչի մասին են բանակցելու` պարզ չէ:

Չի բացառվում, որ ուսանողների կարծիքի վրա ազդեցություն է թողել նաև փորձառու ընդդիմադիրների հորդորը` հացադուլով հարց չեն լուծի, կան այլ գործիքներ: