Սորոսի այս պատվերն իր կոկորդում կմնա
ԲՈՒՄԵՐԱՆԳ՝ ՀԵՆՑ ՆԵՏՆ ԱՐՁԱԿՈՂԻ ՀԱՄԱՐ
Նոստրադամուս պետք չի լինել՝ հասկանալու համար, որ Սորոսի հիմնադրամն արդեն երկար ժամանակ զբաղվում է այս կամ այն երկրում պետականությունը քայքայելու կետեր գտնելու և դրանք ի վնաս տվյալ պետության աշխատեցնելու համար: Եվ եթե չլինեին «Ազգ-բանակ», «Պատիվ ունեմ» հայեցակարգերն ու «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին», ինչպես նաև «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքների նախագծերը, ամենայն հավանականությամբ այդպես էլ չէինք իմանա, թե սույն հիմնադրամն ինչ նախաձեռնություն է պատրաստվում իրականացնել հայկական հասարակական կազմակերպությունների ձեռքով:
Գույժ այս անգամ հնչեցրեց ԱԺ պատգամավոր Հայկ Բաբուխանյանը՝ ԱԺ ամբիոնից հայտարարելով, թե կան կազմակերպություններ, որոնք ոչ միայն լծվել են այս սև գործին, այլև հասցրել են իրենց թակարդը գցել երիտասարդների: «Հանրային օրակարգ» ՀԿ-ի ղեկավար Գեղամ Բաղդասարյանը նույնպես առիթ ունեցավ մամուլով հանդես գալ և հաստատեց 20 հազար դոլար դրամաշնորհ ստանալու փաստը՝ «Ազգ-բանակ» հայեցակարգի հանրային փորձաքննություն իրականացնելու և հասարակական կարծիքի ուսումնասիրության համար:
Բայց պարզվում է, որ «հանրային փորձաքննություն» անվան տակ, իրականում հիմնադրամը պատվիրում է «Ազգ-բանակ» հայեցակարգը քննադատաբար վերլուծել և այսպես ասած՝ անկախ փորձագիտական գնահատման միջոցով պարզել, թե այն ինչպես է ընկալվում ուսանողների կողմից: Ծրագրով հանձնարարված է նաև, որ «Հանրային օրակարգ»-ը պետք է իրականացնի հայեցակարգի այլընտրանքային տարբերակը ստեղծելու գործը ևս ու այն լայնորեն ներկայացնի հասարակությանը: Սա ընդամենը մեկ դրվագ է այն վայ-ծրագրերից, որոնք հիմնադրամն արդեն երկու տասնամյակ ֆինանսավորում և իրականացնում է մեր երկում ու մեր դեմ: Բայց եթե դրանցից շատերն աննկատ անցել են, այս մեկը, որն հիմնականում շեշտադրում է երկրի անվտանգության ամրապնդման ճանապարհին թույլ կետեր գտնելը և հետո դրանք օգտագործելով պետականության հիմքերը քայքայելը՝ հաստատ չի անցնի:
Երեկ երկրորդ ընթերցմամբ ընդունվեց ընդվզման առիթ դարձած օրենքը: Սակայն մինչև տարեվերջ և գալիք տարի ՀԿ-ն դրա վերաբերյալ հասարակական կարծիքի ուսումնասիրություն է իրականացնելու:
Դա, ինչ խոսք, ՀԿ խնդիրն է, եթե իհարկե, այդ ուսումնասիրությունները է՛լ ավելի չեն բորբոքելու ընդվզումների կրակը: Մանավանդ բանակի հարցում՝ պատերազմող երկրի համար, դրանք պակաս վտանգավոր չեն, քան թշնամու դավադիր կրակոցները:
Հետաքրքիր է նաև, թե ինչպես են ՀԿ-ները համաձայնում նման գործարքի գնալ մի հիմնադրամի հետ, որտեղից հետ եկող քարերը հարվածելու է նաև նույն ՀԿ-ների մերձավորների գլխին: Հիմա արդեն կարևորն այն է, որ այս անգամ նրանց ձեռքը հաստատ բռնող կլինի և թույլ չի տա, որ պետականակործան այս և նման այլ ծրագրեր իրականացվեն և երկիրը թուլացնելու սցենարն ամբողջացնեն: