«Սինգապուրով» հարված` օլիգարխիային
ԽԱՂԻ ՄԵՋ Է ՄՏՆՈՒՄ ՌՈՒՍԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼԸ
Մարտի 25-ին ազդարարվեց Հայաստանի ներդրողների ակումբ – հիմնադրամի ստեղծումը՝ ռուսաստանաբնակ 3 տասնյակ հայ գործարարների մասնակցությամբ և ամենահարուստ հայի՝ Սամվել Կարապետյանի գլխավորությամբ: Այդ գործարարները դեռևս հունվարին՝ Կարեն Կարապետյանի Մոսկվա կատարած այցի ընթացքում, պատրաստակամություն էին հայտնել աջակցել նրան: ԵՎ հիմա արդեն հայտարարում են ներդրումային ակումբ ստեղծելու մասին:
Չի բացառվում, որ իշխանության այս քայլը կարող է նաև նախընտրական «փիառ» լինել: Սակայն դա միաժամանակ ներդրումային դաշտը խրախուսող գործնական քայլ է:
Պատահական չէ «Ծառուկյան» դաշինքի ղեկավար Գագիկ Ծառուկյանի այսօր հնչեցրած այն հայտարարությունը, որ արտերկրում ապրող իր բիզնես գործընկերները ցանկություն են հայտնել 15 մլրդ դոլարի ներդրում կատարել Հայաստանում:
Կարեն Կարապետյանի այս քայլը ոչ միայն տնտեսական զարգացման առաջին քայլը կարելի է համարել, այլև ինչ-որ չափով հարված՝ քրեաօլիգարխիկ համակարգին:
Քաղաքական դաշտում իշխանությունը նրանց «վերացնելու», համենայնդեպս՝ նրանց մի մասին բարոյապես ոչնչացնելու հարցը լուծեց ռեյտինգային «միսկրծոցի» համակարգի ներդրմամբ, որին հաջորդեց վարչապետի նախաձեռնությունը:
Կառավարության ղեկավարի մոտեցումը նաև կարող ենք որակել սինգապուրյան մեթոդ` ներսից ջարդել արատավոր համակարգը: Իհարկե, ընտրություններից հետո վերջնականապես պարզ կլինի, թե կհաջողվի՞ վարչապետին կյանքի կոչել իր ծրագրերը: Եթե ՀՀԿ-ն մեծամասնություն ունենա, և այս նախաձեռնությունը կյանքի կոչվի՝ կբարելավվի հանրության սոցիալական վիճակը, ինչի շնորհիվ սոցիալական ծանր բեռը ոչ մի կերպ թոթափել չկարողացող ժողովուրդը ստիպված չի լինի բավարարվել այս կամ օլիգարխի՝ իրենցից գողացած փշրանքներով: Ի վերջո, ինչպես Գագիկ Ծառուկյանն է ասում՝ բարեգործությամբ երկիր չես պահի:
«Դրայվով» վարչապետի նախաձեռնությամբ, փաստորեն, խաղի մեջ է մտնում ռուսական կապիտալը՝ հանձին Սամվել Կարապետյանի, և իրագործվում է տարիներ շարունակ հանրությանը մատուցված այն թեզը, թե Ռուսաստանն է Հայաստանի հիմնական տնտեսական գործընկերը: Սրա շնորհիվ գուցե աստիճանաբար իրենց երկրից և օջախներից հեռու «խոպաններում» մեր հայրենակիցները կամաց-կամաց վերադառնան հայրենիք:
Այդժամ, ամենայն հավանականությամբ, ռուսական կապիտալի ներհոսքը Հայաստան թասիբի կգցի նաև եվրոպական երկրներում բիզնեսում հաջողության հասած մեր հայրենակիցներին: