«Զրո-զրոն»՝ հավերժ կապի մեջ

ԱՊՐԵԼՈՒ ՄՈՆԹԵԱԿԱՆ ԲԱՆԱՁԵՎԸ

Այսօր մեծագույն սիրով քեզ կասեինք՝ շնորհավոր 60-ամյա հոբելյանդ, Ազգային հերոս: Ավաղ՝ շարունակում ենք քեզ որոնել ընկերներիդ ու զինակիցներիդ հուշերում...
 
Երբ Մոնթեին հարցնում էին, թե զինվորական ի՛նչ կոչում ունի, պատասխանում էր. «Ի՞նչ տարբերություն, ես պարզապես զինվոր եմ»: Այսօր՝ նոյեմբերի 25-ին, Հայրենիքի զինվոր ու Հայաստանի և Արցախի հանրապետությունների ազգային հերոս Մոնթե Մելքոնյանը կդառնար 60 տարեկան:
 
Հայ ժողովրդի ամենասիրած հերոսներից մեկն է Մոնթեն: Նրա մասին գրքեր են գրվել, ու երգեր հյուսվել, նա լեգենդ էր դեռ կենդանության օրոք, և այդ ամենը՝ շնորհիվ մարդկային բարձր որակների ու իրավամբ հերոսական նկարագրի: Նրա մասին կարելի է անվերջ խոսել, պատմել հուշեր ու հետաքրքիր դրվագներ կյանքից, սակայն ողջը կլինի իզուր և ինքնանպատակ, եթե խորությամբ չընկալենք նրա էությունն ու առաքելությունը: Այսպես է կարծում մեր զրուցակիցը՝ Ավոյի ընկեր, ՀԱՀԳԲ մարտիկ, «Մոնթե Մելքոնյան» ՀԿ տնօրեն Ալեք ԵՆԻԳՈՄՇՅԱՆԸ:
 
- Այն արժեքները, որոնք դավանում էր Մոնթեն, մշտապես իրենց արտահայտությունն էին գտնում նրա սեփական կյանքում, նա իր վեհ գաղափարների նյութական կրողն էր: Լինելով երրորդ սերնդի ամերիկացի՝ Մոնթեն, միևնույն է, գիտակցում էր, որ իր տեղը Հայաստանում է, որ պիտի ապրի հայերի մեջ և հանուն հայության: Նա արդարության մարտիկ էր և կողմնակիցը համամարդկային արդարության, որը, սակայն, պիտի սկսվեր հայերի՛ հանդեպ արդարությունից: Սա էլ եղավ նրա ողջ կյանքի պայքարի կարմիր թելը: 
 
1992 թ. ամռանը մենք ունեցանք զգալի կորուստներ Արցախում: Այդ շրջանում հսկայական էր Մոնթեի և իր զինվորների դերակատարությունը՝ իրավիճակը շտկելու գործում: Էական էր Մոնթեի դերը Քարվաճառի ազատագրման հարցում: Այդ նույն փուլում ազատագրվեցին նաև այլ տարածքներ, և դեռ նրա կենդանության օրոք, ժողովուրդը սկսեց մեծարել ու գովաբանել Մոնթեին: Երբ Արցախի հեռուստատեսոությանը տված հարցազրույցի ժամանակ Մոնթեին հարցրեցին, թե ի՞նչ է նա մտածում այս մասին՝ Մոնթեն պատասխանեց, որ դա իրեն չի հետաքրքրում. գո՛րծ է պետք անել, ոչ թե մեծարել ու կենացներ ասել. «Եթե ինձ հարգում են, թող շարունակեն իմ գործը…»:
 
Կապի՛ դուրս եկ, «Զրո-զրո»: Ռադիոկապն օգտագործելու ժամանակ Մոնթեն «Զրո-զրո» ազդականչն ուներ: Անմահների մասին անցյալ ժամանակով չխոսենք: «Զրո-զրո»-ն այսօր էլ մեզ հետ է՝ հավերժ կապի մեջ…