«Դիմում եմ Սերժ Սարգսյանին և Գագիկ Ծառուկյանին»

ՎԱՃԱՌԵԼ ԵՆ ԲՆԱԿԱՐԱՆԸ՝ ԱՌԱՆՑ ՍԵՓԱԿԱՆԱՏԻՐՈՋ ԳԻՏՈՒԹՅԱՆ

Լրատվամիջոցներն անդրադարձել են Երևան քաղաքի Պուշկին և Սարյան փողոցների հատման մասում՝ Պուշկին 51/1 (նախկինում՝ Սարյան 19-21հասցեի խնդրին: 2007 թվականին կառուցված բազմաբնակարան շենքի բնակարանների գնորդները մինչ օրս դատական քաշքշուկների մեջ են և չեն կարողանում ստանալ իրենց բնակարանները:
 
Այսօր «Ավանգարդի» խմբագրություն էր զանգահարել խաբված գնորդներից ևս մեկը՝ Վարդան Վարդանյանը, որի բնակարանը վաճառել  են իր բացակայությամբ: Նա մեզ հետ զրույցում ներկայացրեց իր խնդիրը, ապա ասաց՝ արդարությունը վերականգնելու հույսով դիմում է Սերժ Սարգսյանին և «Ծառուկյան» դաշինքի ղեկավար Գագիկ Ծառուկյանին:
 
2008 թվականին կնքված պայմանագրի համաձայն՝ Վարդան Վարդանյանը պետք է ստանար իր բնակարանը, որի արժեքի 80 տոկոսը վճարել էր: Սակայն ամենաթողության պատճառով զրկվել է բնակարանից, քանի որ կառուցապատող ընկերության տնօրեն Գագիկ Պապոյանը ձերբակալվել է՝ բնակարանները մի քանի մարդու վաճառելու մեղադրանքով: 
 
Գագիկ Պապոյանից հետո ի հայտ եկավ բնակարանների նոր սեփականատեր՝ Անդրանիկ Խալոյանը: Վ. Վարդանյանի խոսքով՝ մամուլում բազմաթիվ հրապարակումներ են եղել, թե ինչպես է Անդրանիկ Խալոյանը  տիրացել Սարյան փողոցի 19-21 հասցեների բնակարաններին, սակայն ոչ մի արձագանք իրավապահների կողմից: Անդրանիկ Խալոյանը պայման է դրել բնակարանների սեփականատերերի առաջ՝ 1 քմ-ի համար վճարել 1100 ԱՄՆ դոլար, որից հետո կստանան բնակարանները: 
 
- Ես պետք է վճարեի ևս 50.000 դոլար: Մնացած մարդիկ էլ ստիպված  համաձայնեցին: Ծանոթ-բարեկամի շնորհիվ էլ Խալոյանը իրեն վճարվելիք գումարի զեղչ արեց: Բնակարանների սեփականատերերը  ստանում էին իրենց բնակարանները՝  հետագայում վաճառելու, վնասի մի մասը ետ բերելու կամ  հարմար նոր գնորդներ գտնելու համար: Սարյան փողոցի 19-21 հասցեների գրեթե բոլոր իրական սեփանակատերերն այդպես արեցին: Ես էլ պետք է այդպես անեի: Անդրանիկ Խալոյանը, օգտվելով առիթից, որ ես արտերկում եմ, իմ բնակարանը վաճառեց Արամի փողոցի մեկ այլ բնակչի, որը Ռուսաստանից իր փաստաբանին ուղարկված լիազորագրով գնեց իմ տունը,- մանրամասնեց քաղաքացին:
 
Վարդան Վարդանյանը հանդիպել է Անդրանիկ Խալոյանին՝ պարզելու, թե ինչու է իր հետ այդպես վարվել: Նա էլ ասել է՝ որոշողը բանգլադեշցի Համիկն է՝ Աշոտ Ավետիսյանը՝ «Ծառուկյան» դաշինքի ղեկավար Գագիկ Ծառուկյանի թիկնազորի նախկին պետն ու ԲՀԿ ավագանու նախկին անդամը: Քաղաքացին տեղեկություններ ունի, որ Աշոտ Ավետիսյանը հիմա էլ է Գագիկ Ծառուկյանի շրջապատի անդամ: 
 
- Չգիտեմ՝ ինչքանով են այդ տեղեկությունները ճիշտ, բայց Գագիկ Ծառուկյանին համարում եմ մեր ժողովրդի խնդիրներով մտահոգ անձնավորություն: Խնդրում եմ նրան օգտագործել իր ազդեցությունը՝ արդարությունը վերականգնելու համար: Նույն խնդրանքով  դիմում եմ  նաև Սերժ Սարգսյանին՝ վերահսկողություն սահմանելու այսօրինակ երևույթների դեմ: Իմ միակ հույսը դուք եք,- ավարտեց իր խոսքը քաղաքացին: