Եղեգիս գետին սպառնում է կատարյալ ոչնչացում

ԱՀԱԶԱՆԳ

Եղեգիս գետին սպառնում է ոչ միայն բնական աղետ, այլ նաև կատարյալ ոչնչացում: Եվ դա կատարվում է բնավ ոչ Եղեգիս գետավազանի օրինապահ ՓՀԷԿ-երի պատճառով։
 

Խնդիրը թևակոխում է առավել սուր փուլ։ Ըստ էության, ի հայտ են գալիս ոլորտում առկա ջրային ռեսուրսների կառավարման խնդիրները հիմնավորող ապօրինություններն ու չարաշահումները: Դրանք ոչ միայն ուղղված են տնտեսվարող սուբյեկտների դեմ, որոնք, ըստ երևույթին, չեն կարողանում ստանալ օրենքով սահմանված կարգով տրված  ջրային թույլտվություններով նախատեսված ջրային ռեսուրսները` զրկվելով համապատասխան լիցենզավորված գործունեություն իրականացնելու հնարավորությունից և կրելով ծանր ֆինանսական կորուստներ  (ինչը կարող է հանգեցնել նաև պետության էներգետիկ համակարգը մատչելի էլեկտրաէներգիայի պաշարից զրկելուն և պետական բյուջե միլիարդավոր դրամների հասնող հարկեր չմուտքագրելուն), այլ նաև ուղղված են ամբողջությամբ գետի բնական հոսքն ամբողջությամբ փոխելուն, այն ցամաքեցնելուն, ի վերջո, գետը քարտեզի վրայից վերացնելուն։  

Վերջին տարիներին ոռոգման համակարգի անկանոն ջրառի, մեծաքանակ կորուստների, ինչպես նաև ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարմանը միտված ՀՀ կառավարության որոշումների պահանջները չկատարելով և այդ ամենն ամբողջությամբ շրջանցելով` ոլորտի որոշ տնտեսվարողներ, ըստ էության, սեփական շահույթներն ապօրինի  ավելացնելով և բիզնեսը ծաղկեցնելով` կարողացել են  ոչ միայն ոտնահարել Եղեգիս գետավազանի օրինապահ տնտեսվարողների շահերը, այլ նաև բավական հմուտ կերպով ապատեղեկատվություն տարածելով` նպաստել իրավիճակի սրմանը։ Հայաստանը հարուստ է ջրային պաշարներով։ Այստեղ կան մոտ 9480 գետեր, որոնցից 379-ը ունեն 10 կմ-ից ավել երկարություն, և 100-ից ավելի լճեր։ Դարեր շարունակ Հայաստանը կոչվել է «գետերի և լճերի երկիր»։

Երկրի տարածքի 4,7%-ը կազմում է ջուրը։ Սակայն որոշ օրինախախտ տնտեսվարող սուբյեկտների կողմից երկրի ընդերքի ջրային ռեսուրսների անփույթ և անօգտակար կառավարումը, չարաշահումներն ու օրինախախտումները, ջրահոսքերի ապօրինի օգտագործումը, այն խթանումն ու սեփական շահերին ծառայեցնելը, ոչ միայն խոչընդոտում է գյուղատնտեսական և բնապահպանական խնդիրների լուծմանը, այլ նաև կարող է ինքնին հանգեցնել բնակլիմայական աղետի և մի շարք օրինապահ տնտեսվարողների սննկացմանը։ Այն նաև մեծ հարված կհասցնի երկրի բյուջեին` զրկելով միլիարդավոր դրամների հասնող հարկերի մուտքագրելուց։

ՀՀ վերականգնողական էներգիա արտադրողների ասոցիացիան, հայտնելով իր մտահոգությունն այդ հարցի շուրջ, ինչպես նաև կարևորելով խնդրի ամբողջ լրջությունը և պաշտպանելով օրինապահ շահառուների իրավունքները` ահազանգ է հնչեցնում։

ՀՀ վերականգնողական էներգիա արտադրողների ասոցիացիան, հիմք ընդունելով երկրի բնապահպանության ապահովման առաջնահերթությունը և կարևորությունը, գործող օրենսդրության և համապատասխան օրենքների գերատեսչությունը,  ինչպես նաև պաշտպանելով Եղեգիս գետավազանի տուժող տնտեսվարող կողմերի շահերն ու իրավունքները` վստահեցնում է, որ կիրականացվեն բոլոր անհրաժեշտ քայլերը` օրենքի ողջ խստությամբ պատժելու օրինախախտներին։


 

ՀՀ վերականգնողական էներգիա արտադրողների ասոցիացիա