Ամբաստանյալ բժշկին ինչպե՞ս կարելի է թեստավորել
ԲՈՂՈՔՆ ԱՐԴԱՐԱՑԻ Է
Օրեր առաջ Առողջապահության նախարարությունը հայտարարեց, որ ապրիլ- սեպտեմբեր ամիսներին կիրականացվի մանկաբարձ-գինեկոլոգների թեստավորում: Թեստավորման խնդիրն էլ ծագեց այն ժամանակ, երբ լրատվամիջոցներն իրենց ուշադրությունը սևեռեցին մայրական մահացության դեպքերին:
Հիշեցնենք` 2016 թվականի 11 ամիսների ընթացքում մայրական մահացության 10 դեպք է գրանցվել:
Առաջին հայացքից թվում է, թե պաշտոնական այս հայտարարության մեջ արտառոց ոչինչ չկա: Սակայն տարօրինակն այն է, որ թեստավորմանը մասնակցելու են նաև այն գինեկոլոգները, ովքեր ամբաստանյալի կարգավիճակում են ու շարունակում են աշխատել հիվանդների հետ: Հանգամանք, որը հարուցել է մահացած ծննդկանների հարազատների դժգոհությունը:
-Որքանո՞վ է տրամաբանական, որ ամբաստանյալի կարգավիճակում հայտնված մանկաբարձ-գինեկոլոգը թեստավորվի, եթե դատարանը չի հաստատել մեղադրանքը այս կամ այն ծննդկանի մահվան համար: Բավական չէ, որ նրանց չեն կալանավորել, մեղադրյալի կարգավիճակով ու հոգեվիճակով շփվում են հիվանդների հետ: Հիմա էլ՝ թեստավորում ,- դժգոհում էին հարազատները:
Հարազատները մտավախություն ունեն նաև, որ թետավորումն օբյեկտիվ չի լինի` բժիշկների հանձնաժողովը քննությունից «չի կտրի» իր կոլեգաներից ոչ մեկին՝ այդ կերպ ապացուցելով նրանց որակյալ մասնագետ լինելը:
Առողջապահության նախարարությունը տեղյակ էր հարազատների բողոքին, որի հեղինակներն առաջարկում էին նրանց թեստավորել դատական գործընթացից հետո: Ավելին` տեղեկություններ կային, որ նախարարության ղեկավար կազմից որոշ անդամներ արդարացի ու տրամաբանական էին համարում ծննդկանների հարազատների բողոքը: Նախարարությունը, սակայն, չընդառաջեց հարազատների բողոքին: Ավելին` մինչ օրս անհասկանալի է, թե ինչու են թույլ տալիս ծննդկանների համար մեղադրվող գինեկոլոգներին շարունակել աշխատել:
Մինչդեռ արդյո՞ք ժամանակը չէ՝ վերացնելու այս համակարգում առկա մի բացթողում ևսինչո՞ւ ոչ մեկը չի մտածում բժիշկների լիցենզավման կարգս սահմանել, հսկել նրանց գործունեությունը, իսկ հարկ եղած դեպքում` զրկել դրանից: Սա զգոնությունը բարձրացնելու լավագույն խթան կլինի: