Իսկ եթե՝ ես չեմ ու պատիվ չունե՞մ…
ԴԱՍԱԼՔՈՒԹՅՈՒՆ՝ «ԻՍԿ ԻՆՉՈ՞Ւ ՄԻԱՅՆ ՄԵՆՔ» «ՀԻՄՆԱՎՈՐՄԱՄԲ»
![](/files/pics/post/large/8a40ab7d13.jpg)
Տարկետման իրավունքի խիստ սահմանափակումն ու ըստ էության, խոստմնազանց լինելն ավելի սրեց բացասական վերաբերմունքը պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հանդեպ: Իշխանությունը խոստացել էր ուսանողների առաջարկները ներառել օրենքում, սակայն օրեր առաջ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքը:
Պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանն ասել էր, որ աշխատանքային խումբն աշխատում է ուսանողների հետ: Թե ինչ են քննարկելու ուսանողների հետ՝ դեռ պարզ չէ, քանի որ ուսանողների հետագա քայլերն էլ հստակ չեն: Իսկ ուսանողները մինչ օրենքի ստորագրումը 1 առաջարկ էին ներկայացրել՝ սովորիր պաշտպանվել՝ կրթությունը համատեղելով բանակի հետ: Մյուս առաջարկն ավելի շատ չափորոշիչների հստակեցմանը վերաբերող հարց էր՝ ինչպե՞ս է որոշվելու, թե ում տալ տարկետումը՝ ինչպե՞ս են ընտրվելու այդ բացառիկ տաղանդավորները: Ու ահա այս առաջարկները դեռ չքննարկած՝ հափշտապ ստորագրվեց օրենքը:
Սա էլ դեռ բավարար չէ, տեղեկություններ կան, որ պաշտոնյաներն ավագ դպրոցներում սովորող իրենց որդիների գլխի ճարը տեսել են:
Մայրաքաղաքում շրջանառվող լուրերի համաձայն՝ բանակից ազատելու առողջական կեղծ փաստաթղթեր են դասավորում: Օրեր առաջ ԱԺ-ում պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանը պահանջեց անուններ հնչեցնել, թեև իշխանությունը մեկ գրչի հարվածով կարող է դա բացահայտել:
Մինչդեռ սրա փոխարեն հայրենի օրենսդիրները ԱԺ-ում երկար-բարակ քննարկում էին բանակում չծառայելու համար Հայաստանից հեռացածների հարցը: Մասնավորապես, ՀՀԿ-ական պատգամավոր Կարինե Աճեմյանն առաջարկում էր մինչև 2020 թվականը հնարավորություն տալ այդ մարդկանց՝ հայրենիք վերադառնալ, բանակում չծառայելու համար գումարը վճարել և ազատվել քրեական պատասխանատվությունից: Իսկ եթե դասալիքը փող չունի՞ կամ մանուկ հասակո՞ւմ է ընտանիքի հետ հեռացել Հայաստանից: Ընդդիմադիր «Ելք» խմբակցության անդամները տարատեսակ հիմնավորումներ ու արդարացումներ էին ներկայացնում այդ մարդկանց համար, նույնիսկ առաջարկում էին փոխհատուցվող գումարի չափը նվազեցնել:
Տեղեկացնենք, որ արդեն մի քանի անգամ տարբեր պատգամավորներ դասալիքների հայրենիք վերադառնալու համար ժամկետներ են երկարացրել, սակայն ոչ մեկի, կարծես, չի շտապում կատարել իր պարտքը հայրենիքի հանդեպ:
Ու սա զարմանալի չէ՝տարբեր պատճառներով: Դիցուք, եթե հիմք ընդունենք «ԱրԱր» հիմնադրամի նախագահ Ավետիք Չալաբյանի այն դիտարկումը, թե 10 տարի առաջ սպան բանակում ամենաբարձր վարձատվող ու հարգի մասնագիտություններից էր, ուստի և գրավիչ: Բայց, ըստ բանախոսի՝ «երկրի ղեկավարությունն ուշադրություն չդարձրեց խնդրին և նրանց աշխատավարձերը մնացին նույնը, իսկ ծառայության պայմանները բարդացան: Իսկ ապրիլյան պատերազմի ժամանակ հայկական կողմից զոհերի 30 տոկոսը սպայական կազմից էին»:
- Ուստի այժմ սպա լինելը ոչ միայն գրավիչ չէ՝ վարձատրության տեսանկյունից, այլև վտանգավոր է: Երբ զինված ուժերի 10 տոկոսն է սպայական կազմը, սակայն զոհերի 30 տոկոսը, նշանակում է նրանք առաջնագծում են ծառայում, և իրենց վրա են վերցրել հարվածը:
Թե ինչպե՞ս է նախարարը բարձրացնելու հանրային վստահությունը «Ազգ-բանակ» գաղափարի հանդեպ՝ դեռ պարզ չէ: Առավելևս, որ բանակում ծառայելու մասին խոսում են նորմալ զինծառայություն չանցածները:
Բայց հուսանք, որ գոնե այս օրենքի և ենթաօրենսդրական ակտերի ընդունումից հետո առաջին գծում չենք տեսնի միայն սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին: Հակառակ դեպքում կմեծանա բանակի հանդեպ թշնամանքը, դասալքությունն էլ, Տերը մի արասցե, կարող է նաև մարտի դաշտ տեղափոխվել՝ «իսկ ինչո՞ւ միայն մենք» «հիմնավորմամբ»: