Երբ պաշտոնյան հարկատուներիս հաշվին «քոփի-փեստ» է անում
ՄԱՍՆԱՎՈՐՆ ՈՒ ՊԵՏԱԿԱՆԸ ՀԱԿԱԴՐՎՈՒՄ ԵՆ ԻՐԱՐ
Եթե գնային վերահսկողության պատասխանատու կառույցը պետք է ամեն տարի «քոփի-փեստ» տարբերակով կրկնի իր պատասխանը, արդյո՞ք ճիշտ չի լինի լուծարել մակաբույծ այս կառույցը: Առավելևս, որ կառավարությունը գրեթե ամեն օր խոսում է արդյունավետ կառավարումից, պետբյուջեի միջոցները ճիշտ տնօրինելուց և ավելորդ հաստիքներից հրաժարվելուց:
Պարզվում է՝ օր օրի ահագնացող թանկացումները կարծես թե հուզում են նաև իշխանությանը: Լրագրողների հետ զրույցում ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանի կարծիքով՝ Հայաստանում ապրանքների թանկացումը կարող է պայմանավորված լինել ինչպես մեզանով պայմանավորված գործոններով, այնպես էլ գործոններով, որոնք մեզանով պայմանավորված չեն:
- Նույնիսկ ամենահիմնավորված թանկացումները սպառողներին երբևէ չեն կարող բավարարել,- ասաց ՀՀԿ պատգամավորը:
Թանկացումների այս ֆոնին սրվում է բնակչության սոցիալ-տնտեսական ծանր վիճակը: Ըստ հաշվարկների՝ Հայաստանում ամեն 10-րդ ընտանիք սոված է քնում:
- Մենք պետք է հասկանանք, թե ո՞րն է թանկացման պատճառը, ի՞նչ գործոններ են ազդել գների ձևավորման վրա, կա՞ն գործոններ, որոնք ազդում են ապրանքների գների վրա, բայց մեզնից կախված չէ դրանց ձևավորումը,- հարցին հստակ չպատասխանեց նախկին վարչապետը:
Ու մինչ տարբեր պատգամավորներ տարատեսակ գնահատականներ են տալիս թանկացումներին,բայց այդպես էլ էական քայլեր չեն ձեռնարկում՝ գնային փոփոխությունները վերահսկող ՏՄՊՊՀ ղեկավար Արտակ Շաբոյանը հին երգն է երգում, որի ոչ մի տողը «դարման չի անում» հիմա սովի երախին բաժին դարձող մարդկանց դարդին.
- Կարագի և ձվի շուկաներում գնաճն արդարացված է, և իրականացված ուսումնասիրությունների համաձայն՝ անբարեխիղճ մրցակցության երևույթներ առկա չեն:
Մասնավորապես կարագի շուկայի վերաբերյալ Շաբոյանի խոսքով՝ սեպտեմբեր ամսից սկսած պարբերաբար կարագի գինը բարձրանում է, և այն շուրջ 80 տոկոսով թանկացել է, որն ամբողջությամբ պայմանավորված է միջազգային շուկայի միտումներով:
Շաբոյանին հիշեցնենք, որ ընդամենը մեկ ամիս առաջ միջազգային գներից քաջատեղյակ տնտեսագետը փաստել էր որ կարագի միջազգային գինն իջել է:
Ինչ վերաբերում է ձվի շուկային, ապա ձու արտադրողները հավաստիացնում են, թե առևտրի կենտրոններն են արհեստական գին բարձրացնում: Ու փոխանակ ՏՄՊՀՀ-ն ուշադրություն դարձնի այս հայտարարությանը՝ թանկացումը բացատրում է է սեզոնային պահանջարկի ավելացմամբ՝ ակամա խոստովանելով, որ իրքն ու իր ղեկավարած հանձնաժողովի միակ նպատակը ժողովրդին կեղեքողների ջրաղացին ջուր լցնելն է.
- Սովորաբար ամեն տարվա վերջում տեղի է ունենում ձվի սեզոնային պահանջարկի ավելացում, և տեղական արտադրողները որոշակի ավելացնում են արտադրության ծավալները կամ ներմուծումներ են իրականացնում:
Ձու արտադրող ընկերություններից մեկի տնօրենն ու գյուղատնտեսության ոլորտի մասնագետները, սակայն, հակառակն են պնդում՝ արտադրության կամ ներմուծման ծավալները չեն ավելացել:
Ու եթե գնային վերահսկողության պատասխանատու կառույցը պետք է ամեն տարի «քոփի-փեստ» տարբերակով կրկնի իր պատասխանը, արդյո՞ք ճիշտ չի լինի լուծարել մակաբույծ այս կառույցը: Առավելևս, որ կառավարությունը գրեթե ամեն օր խոսում է արդյունավետ կառավարումից, պետբյուջեի միջոցները ճիշտ տնօրինելուց և ավելորդ հաստիքներից հրաժարվելուց: