Կոռուպցիայի դեմ պայքարում են՝ կոռուպցիոներներին շրջանցելո՞վ
ԲԱՎԱՐԱՐ ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐ ՉԵՆ ԵՂԵԼ
![](/files/pics/post/large/46905c3c8.jpg)
Խորհրդարանական ընտրությունների արդյունքները կարծես թե անցյալում են, բայց ոչ՝ ՀՀԿ պատգամավոր, «ՍԱՍ» սուպերմարկետի տնօրեն Արտակ Սարգսյանի համար, քանի որ նրա ձայնագրության հրապարակումից հետո շատ հարցեր անպատասխան են, իսկ մեղավորները՝ անպատիժ: ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանից լրագրողներն այսօր հետաքրքրվեցին, թե ինչո՞ւ ոչ ոք այդպես էլ չպատժվեց, մեղավորնել էլ չբացահայտվեցին:
- Բավարար ապացույցներ չեն եղել,- ասաց Արթուր Դավթյանը:
Հիշեցնենք՝ ձայնագրության մեջ լսվում էր, թե ինչպես են սուպերմարկետի աշխատակիցներին հորդորում՝ ձայն տալ ՀՀԿ օգտին, հակառակ դեպքում կազատվեն աշխատանքից:
Լրագրողների հարցին, թե տարօրինակ չէ՞, երբ ձայնագրությունից հետո ոչ ոք չպատժվեց, այն դեպքում, երբ իշխանությունն ամեն օր խոսում է կոռուպցիայից, իսկ այսօր էլ վարչապետի գլխավորությամբ եղել է հակակոռուպցիոն մարմնի առաջին նիստը:
Գլխավոր դատախազը հավաստիացնում է՝ կոռուպցիայի դեմ իշխանությունն անհանդուրժողականություն է դրսևորելու, և յուրաքանչյուր փաստ դառնալու է քննության առարկա: Այս գործը դատարանում չհայտնվեց, որը նշանակում է՝ ապացույցները բավարար չեն եղել:
ՀՀ գլխավոր դատախազի հավաստմամբ՝ ոչ միշտ է ձայնագրությունը ապացույց համարվում:
- Այդ ձայնագրության հանգամանքները մանրամասն քննվել են, հարցաքննվել են ձայնագրության մեջ խոսող, միջոցառմանը մասնակցող անձինք, ուստի ձայնագրության առկայությունը կամ բացակայությունը «այստեղ որևէ կապ չունի»: Էականն այն է՝ կատարված իրադարձությունը հանցակազմի հատկանիշներ պարունակո՞ւմ է, թե՞ ոչ: Իսկ հանցակազմի հատկանիշներ այս իրադարձությունը, չի պարունակել,- մանրամասնում է դատախազը:
Արթուր Դավթյանը հաստատեց, որ ձայնագրության մեջ խոսող անձը եղել է «ՍԱՍ» սուպերմարկետների սեփականատեր, ՀՀԿ-ական Արտակ Սարգսյանի եղբայրը, ով ևս հարցաքննվել է: Իսկ թե ինչ է ասել հարցաքննության ժամանակ՝ դատախազը հստակ չի ասում:
Այլ պատասխան գլխավոր դատախազից չէինք էլ կարող ակնկալել, քանի որ այս ձայնագրությունը և դրա շրջանառումը իշխանության որոշ ներկայացուցիչների և իրավական շրջանակների բախման արդյունք է:
Գլխավոր դատախազից նաև օրերս պաշտոնանկ եղած ՀՀ ԶՈՒ շտաբի պետի տեղակալ Հայկազ Բաղմանյանի մասին հարցրին:
Խոսակցություններ կան, որ Հ. Բաղմանյանը մի շարք աղմկահարույց պատմությունների և մի քանի գործարարի «քցելով» է զբաղված եղել: Արի ու տես, որ ՀՀ գլխավոր դատախազի, իրավապահների համար կարծես թե Հայկազ Բաղմանյանն էլ է անձեռնմխելի:
- Երբ որ մենք Հայկազ Բաղմանյանի վերաբերյալ կունենանք տեղեկատվություն, կստուգենք և դա կհիմնավորվի, կլինի քրեական պատասխանատվություն,- ասաց Արթուր Դավթյանը:
Այս ամենից հետո հարց է առաջանում՝ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն ի՞նչ քրեական պատասխանատվության մասին է խոսում, երբ հայտարարում է.
- Ցանկացած անձ՝ օգտագործելով իր աշխատանքային կամ այլ հարաբերությունները, պարտադրել է մասնակցել քարոզչությանը, կամ հակառակը՝ ձեռնպահ մնալ քարոզչությունից, պետք է դիտարկվի որպես քրեական արարք:
Այս փոփոխությունը, ըստ Դավիթ Հարությունյանի, նոր է արվել, հետևաբար ՍԱՍ-ի ձայնագրությանն ընթացք չտրվեց:
Նախարարին պետք է հիշեցնենք վերջին 25 տարում բազմաթիվ դեպքեր, երբ անբավարար ապացույցների առկայության դեպքում պատիժն անխուսափելի է եղել: Այնպես որ քաղաքական կամքի դեպքում՝ անգամ անկատար օրենսդրությամբ, կարելի է պատժել մեղավորներին: Իսկ պատիժը նաև նաև նախազգուշացում է բոլոր նրանց, ովքեր պատվի գործ են համարում օրենքը շրջանցելն ու անպատիժ մնալը: