«ՑԵՑ»-ի դափնեկիրները
ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՐՎԵՍՏԻ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆ


«Հոդված 3» ակումբում: Առաջին անգամ Հայաստանում անցկացվեց նախադեպը չունեցող «ՑԵՑ» քաղաքական արվեստի առաջին մրցանակաբաշխությունը, որը կազմակերպվել էր www.MediaLab.am -ի և «Ցեց» քաղաքական երգիծաթերթի նախաձեռնությամբ։
Մրցանակաբաշխության նպատակն էր մեծարել քաղաքական դիրքորոշում ունեցող արվեստագետներին, հասարակական գործիչներին և քաղաքացիական ակտիվիստներին:
Մրցույթին ներկայացվել էր շուրջ 45 հայտ, որոնցից լավագույնները ստացան իրենց «Ցեցերը»:
- Մենք չենք գնահատում, սա գնահատման մրցույթ չէ, մենք ցանկանում ենք մեծարել, ծափահարել և շնորհակալություն հայտնել այն մարդկանց, ովքեր չեն վախեցել իրենց տեսակետն արտահայտելուց և արվեստը օգտագործել են՝ ի նպաստ շատ ավելի կարևոր մի նպատակի: Արվեստը հզոր գործիք է և ուժ, որը կարող է շատ մեծ խնդիրներ լուծել,- մրցանակաբաշխության բացմանն ասաց «Մեդիալաբի» և «Ցեց» երգիծաթերթի հիմնադիր-խմբագիր Մարիաննա Գրիգորյանը:
Վիզուալ արվեստ (գեղանկարչություն, սթրիթ արթ, տեսանյութ, ծաղրանկարներ) անվանակարգում շնորհվեցին 2 մրցանակ և 1 խրախուսական մրցանակ։
Խրախուսական մրցանակի արժանացավ Արփի Բալյանը սթրիթ արթի և «Ես խոսում եմ քեզ հետ, դու ինձ չե՞ս լսում» ցուցահանդեսի համար։
Արծաթե ՑԵՑ մրցանակի և դրամական պարգև արժանացավ Միքայել Մարգարյանը (ՄիՔո) «Человек-Ցուցակ» և «Իմ քեռին չի» երգերի ու տեսահոլովակների համար։
Գլխավոր ՑԵՑ մրցանակը՝ օբսիդիանե պատվանդանով արույրից ձուլված «ՑԵՑ»-ի արձանիկը և դրամական պարգև շնորհվեց Սերգեյ Դանիելյանին՝ «Ք1» առցանց հաղորդաշարի համար։
Տեքստ (հրապարակախոսություն, սյունակ, վերլուծություն, արձակ, պոեզիա) անվանակարգում շնորհվեց 3 մրցանակ։
Արծաթե ՑԵՑ մրցանակի արժանացավ գրող, հրապարակախոս Վահրամ Մարտիրոսյանը հրապարակախոսական հոդվածների համար:
Արծաթե ՑԵՑ մրցանակի արժանացավ նաև գրող Արմեն Հայաստանցին «Մայրենիք. դրոշ» վեպի համար։
Մրցանակակիրներին շնորհվեցին արծաթե ՑԵՑ կրծքանշաններ և դրամական պարգև:
Գլխավոր ՑԵՑ մրցանակի հասցեատերը լրագրող, հրապարակախոս Մհեր Արշակյանն էր՝ հրապարակախոսական հոդվածների համար։ Մրցանակակիրը ստացավ օբսիդիանե պատվանդանով արույրից ձուլված «ՑԵՑ»-ի արձանիկ և դրամական պարգև։
Ակցիա, երաժշտություն և թատրոն (այդ թվում՝ փերֆորմանս և այլն) անվանակարգում նույնպես շնորհվեց 3 մրցանակ։
Արծաթե ՑԵՑ-ի արժանացան իրավապաշտպան, հրապարակախոս Զառա Հովհաննիսյանը՝ քաղաքացիական դիրքորոշման և ակտիվության, «Թեք տեղ» թատերախումբն ու ռեժիսոր Նանոր Պետրոսյանը՝ «Վերապատմում» ներկայացման համար:
Այս անվանակարգում գլխավոր մրցանակակիր ճանաչվեց Արտակ Գևորգյանը՝ քաղաքացիական ակտիվության և «ստվարաթղթե տանկով» ակցիայի համար։
- Ես ողջունում եմ «Մեդիալաբին» և «ՑԵՑ»-ին շատ կարևոր խնդիր լուծելու համար. դա կարծրատիպերը կոտրելն է: Մեր հասարակությունը կարծրատիպային հասարակություն է, և շատ կարևոր է, որ լրագրողներն այդ կարծրատիպերը կոտրեն, դա դժվար աշխատանք է, բայց շատ կարևոր: Ես հիանում եմ այս ծաղրանկարներով և այս աշխատանքով,- ասաց իրավապաշտպան, Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը, ով մրցույթի ժյուրիի անդամ էր:
Մրցանակաբաշխությունն անցկացվեց «Հոդված 3» ակումբում, որտեղ նախաձեռնողները կազմակերպել էին նաև քաղաքական ծաղրանկարի լվացք-ցուցահանդես:
Միջոցառմանը ներկա էին արվեստագետներ, իրավապաշտպաններ, քաղաքացիական ակտիվիստներ և տարբեր ոլորտներում աշխատող ՀԿ ներկայացուցիչներ:
Լուսանկարը՝ Անի Գևորգյանի