Մատչելիության իրավունք. ո՞վ պետք է արտոնի այն

ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱՆԵՐԸ՝ ՄԽԻԹԱՐԱՆՔ

Դեկտեմբերի 12-ը Առողջապահության համընդհանուր հասանելիության համաշխարհային օրն է: Եվ «Մեդիա կենտրոնում» այսօր կայացած՝ «Մատչելիության իրավունքը Հայաստանի առողջապահության ոլորտում. առկա մարտահրավերներ, խոչընդոտներ և հաղթահարման ուղիներ» թեմայով ասուլիսում հնչած կարծիքներին ծանոթանալուց առաջ ակամա բևեռվում ես «Մատչելիության իրավունք» արտահայտության վրա: Փաստորեն միջազգային կառույցները նաև այդպիսի իրավունք են արտոնել:
 
Բայց՝ արդյո՞ք բոլոր ոլորտներում և արդյո՞ք այն պարտադիր կատարման ենթակա է բոլոր պետությունների համար: Իհարկե՝ ո՛չ: Հայեցողական լինելուց զատ՝ այն նաև հարաբերական է: Մեր երկրում, օրինակ, ուր կենսանվազագույն զամբյուղը նույնիսկ կիսով չափ չի լցվում, հենց առողջապահության համընդհանուր հասանելիության մասին խոսք անգամ լինել չի կարող: Բայց արի ու տես՝ ապահով երկրների քաղաքացիներին մերը կարող է և մատչելի-հասանելի թվալ: Չնայած՝ առաջին անհրաժեշտության սննդամթերքների անտրամաբանական գների առումով մենք չենք զիջում ամենահարուստ երկրներին… 
 
Ինչևէ: Այսօր Առողջապահության համընդհանուր հասանելիության համաշխարհային օրն է, և «Մեդիա կենտրոնում» հրավիրված ասուլիսը հենց դրան էր նվիրված:
 
Քննարկման բանախոսները երեքն էին՝ «Իրավունքի զարգացման կենտրոն» ՀԿ-ի ղեկավար Վիոլետա Զոփունյանը, «Հյումն Րայթս Հաուս» Երևան գրասենյակի ղեկավար Հովհաննես Մադոյանը և Սաթենիկ Բադալյանը՝ Երևանի թիվ17 պոլիկլինիկայից:
 
Վիոլետա Զոփունյանն անդրադարձավ առողջապահության համընդհանուր հասանելիությունն ունի մի քանի բաղադրիչների, որոնցից առաջինը ֆինանսական հասանելիությունն ու մատչելիությունն է:
 
- Շատ կարևոր է նշել, որ բոլոր օրենսդրական կարգավորումները կարևորում են այն, որ պետք է առողջությունը հասանելի լինի բնակչության բոլոր խմբերի համար և խտրականություն չպետք է դրվի որևէ սոցիալական խմբի հանդեպ կամ որևէ հիվանդության հիմքով,- ասաց Զոփունյանը:
 
Նա նաև կարևորեց տարածքային մատչելիությունը և հասանելիությունը, որը, նրա խոսքով՝ պետք է մատչելի ու նույն որակով լինի թե՛ Երևանում, թե՛ մարզերում:
 
- Սա ՀՀ-ի կողմից վավերացրած իրավական ակտերում հիմնարար իրավունք է:  Իրավական կարգավորումները կան մենք այստեղ ավելի շատ ունենք պացիենտի իրավունքը իրացնելու խնդիրը, որպեսզի օրենսդրական դաշտը գործի այնպես, ինչպես այն կա,-ընդգծում է Զոփունյանը:
 
Հովհաննես Մադոյանն ուշադրություն հրավիրեց այն իրողության վրա, որ առողջպահության համընդհանուր հասանելիության համար Հայաստանում առկա խոչընդոտներն  առաջին հերթին  ֆինանսական են:
 
- Երկիրը, ցավոք, չի էլ փորձում կատարել այդ օպտիմալ պարտավորությունը: Մեր նման երկրներին առաջարկվում է ՀՆԱ-ի նկատմամբ 4-5 տոկոս ֆինանսավորում ուղղել առողջապահության ոլորտին, մեր երկիրը հիմա ուղղում է ՀՆԱ-ի նկատմամբ ֆինանսների 2 տոկոսը, և կառավարությունը իր միջնաժամկետ ծախսերի  ծրագրով նախատեսում է նվազեցնել այն 1, 8 տոկոսի,- մանրամասնեց Հ. Մադոյանը՝ հավելելով, որ պետությունը ռեգրեսիվ է կատարում իր պարտավորությունը:
 
Հովհ. Մադոյանը ընդգծում է, որ ամենամեծ խոցելի խումբը միլիոնից ավելի մարդիկ են, ովքեր պաշտոնական տվյալներով ապրում են աղքատության շեմից ցածր:
 
- Դա ամենախոցելի խումբն է, որը զրկված է այդ համընդհանուր մատչելիությունից: Երկրորդ խոչընդոտը խտրականությունն է, որ որոշ հիվանդություններ ունեցող անձինք չեն կարողանում օգտվել համընդհանուր մատչելիությունից:  Դա ավելի շատ զգում են ՄԻԱՎ և տուբերկյուլոզ ունեցող մարդիկ: Այդ մարդիկ դրա պատճառով հաճախ ուշ են դիմում բուժ. հաստատություններ և ուշ են ախտորոշվում,-նշեց բանախոսը:
 
Սաթենիկ Բադալյանն էլ փաստեց, որ առաջնային օղակը՝ պոլիկլինիկաները, բնակչության բոլոր խավերի համար անվճար են, բայց դա չի նշանակում բոլոր ասպեկտներով են անվճար:
 
- Անվճար է այն հատվածով, ինչքանով որ պետությունը ֆինսավորում է պետպատվերով, որը անսհամանափակ չէ: Բնակչության մոտ թյուր կարծիք կա, որ առաջնային օղակում ամեն ինչը պետք է լինի անվճար, բայց դա այդպես չէ: Դժվարամատչելի հետազոտությունների մեծ մասը և նաև որոշակի հետազոտություններ` ստացիոնար բուժօգնությունը, սոցիալապես անապահով խմբերի համար անվճար չի իրականացվում: Անվճար չի իրականցվում նաև, եթե չկա բժշկական ցուցում, բայց հիվանդը ինքն է ուզում անցնել այս կամ այն զննումը,-ասաց Ս. Բադալյանը:
 
Այսուհանդերձ՝ մխիթարական է, որ մնացած բոլոր դեպքերում թե՛ թերապևտիկ, թե՛ լաբորատոր գործիքային ստուգումները, թե՛ նեղ մասնագետների խորհրդատվություններն ու մնացած բոլոր ծառայությունները անվճար են և մատչելի բնակչության համար: