«Առողջապահական թնջուկներ» շարքից

ԳՐԻՊԻ ՀԱՄԱՃԱՐԱԿ ԿԱՐԾԵՍ ԹԵ ՉԿԱ

 «Գարդասիլ» պատվաստանյութի շուրջ աղմուկը դեռ չմարած՝ հիմա էլ նոր անհանգստություն պատել երեխատերերին: Համենայն դեպս՝ այդպիսի ենթատեքստ ունի քիչ առաջ «Երկիր Ծիրանի» կուսակցության տարածած «ԶԳՈւՇԱՑՈւՄ-ԱՀԱԶԱՆԳ»-ը, որում մասնավորապես նշված է.
 
- «Երկիր Ծիրանի» կուսակցությունն ահազանգ է ստացել դպրոցականների ծնողներից: Ուսուցիչները ծնողներին հայտնել են, որ պատրաստվում են դպրոցներում իրականացնել գրիպի դեմ պատվաստում, մինչդեռ ՀՀ առողջապահության նախարարությունը գրիպի դեմ պատվաստման ծրագրի վերաբերյալ պաշտոնական հիմքեր չի ներկայացրել:
 
Հաշվի առնելով վերոգրյալը և ձախողված Գարդասիլ պատվաստանյութի պատվաստման ծրագիրը, ծնողները մտահոգ են, որ գրիպի դեմ պատվաստման անվան տակ իրենց երեխաներին կներարկեն Գարդասիլ պատվաստանյութ:
 
Պահանջում ենք ՀՀ առողջապահության նախարարությունից շտապ տրամադրել հրապարակային պարզաբանում՝ պատվաստման հետ կապված գործառույթի վերաբերյալ:
 
Պարզաբանում կամ հերքում հավանաբար դեռ կնչի: Սակայն ամենասարսափելին հասարակության վստահության բացակայությունն է կառավարության, այս պարագայում՝ դրա մի օղակի հանդեպ: Իսկ եթե ավելի անկեղծ՝ ապա ոչ թե չեն վստահում, այլ սկսել են զգուշանալ՝ ինչպես չարակամ հակառակորդից: 
 
Հոգեբանություն է ձևավորվում, որը հավասարաչափ վտանգավոր է թե՛ հասարակության և թե՛ նրա հոգսերը թեթևացնելու կոչված գործադիրի համար: