ՀԷՑ-ում շարունակվում են հավելագրումները. ելքը դատարանն է

ԳԱԶԻ ՈԼՈՐՏՆ ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻ Է

2015-ին հոսանքի թանկացման դեմ բողոքից ու ՀԷՑ-ի վաճառքից հետո թվում էր, թե էներգետիկ ոլորտում վերջ կտրվի արատավոր երևույթներին: Սակայն «Տաշիր» ընկերության կողմից ՀԷՑ-ը գնելուց հետո էլ իրավիճակը չի շտկվել, և սպառողների բողոքները չեն դադարում:
 
Ահավասիկ դրանցից մեկը. «Նատուր Քլին» ՍՊԸ-ն դիմել է «Կոռուպցիայի հակազդման ասոցիացիա» ՀԿ-ին և տեղեկացրել, որ ՀԷՑ-ն այդ ընկերությունից գանձել է 890.000 կՎտ/ժամ էլեկտրաէներգիային համարժեք գումար:Սակայն «Նատուր Քլինը» պնդում է, որ այդքան հոսանք չի ծախսել:
 
«Կոռուպցիայի հակազդման ասոցիացիա» ՀԿ-ի ղեկավար Ալեքսանդր Ամարյանը դիմել է չափումների ազգային ինստիտուտ, որն էլ պարզել է՝ էլեկտրական հաշվիչները սարքին վիճակում են, բայց դրանք «Նատուր Քլինի» շենքից մոտավորապես 150 մետր հեռու են, մինչդեռ էլեկտրական հաշվիչներն այդքան հեռու չպետք է գտնվեն:
 
Բացի այդ՝ «Նատուր Քլին» ՍՊԸ-ի էլեկտրական հաշվիչները, Ալ. Ամարյանի խոսքով, վերջին անգամ ստուգվել են 2009 թվականին:
 
- Օրենքով էլեկտրական հաշվիչները պետք է ստուգվեն 5-8 տարի ժամանակահատվածում՝ կախված հաշվիչների վիճակից,- ասաց Ամարյանը: 
 
Հայաստանում, ըստ Ամարյանի, հաշվիչների  մեծ մասը չի ստուգվել նախատեսված ժամկետում:
 
Ու քանի որ ՀԷՑ-ն այդպես էլ հստակ չի պատասխանել վերոնշյալ բողոքին, Ամարյանի նախաձեռնությամբ սկսվելու է դատական գործ ՀԷՑ-ի դեմ: Իսկ մինչ դատական գործի սկսվելը, ՀԿ-ի ղեկավարը բնակիչներին հորդորում է  ուշադրություն դարձնել հաշվիչներին, և եթե նկատեն, որ ՀԷՑ-ն ավել գումար է գանձում իրենցից՝ պահանջեն ստուգել հաշվիչը:
 
Արդյո՞ք միայն էլեկտրաէներգիայի ոլորտն է այս վիճակում: Ամարյանը դժվարացավ հստակ փաստեր ներկայացնել գազի և ջրի ոլորտների մասին: Միայն ասաց, որ «Վեոլիա ջուր»-ը հիմա իր նախորդի՝ «Երևան ջուր» ընկերության պարտքերն է փակում, ինչի իրավունքը չունի: Մի խնդիր էլ մենք ավելացնենք՝ ջրի կորուստը, որի մասին բարձրաձայնում են մտահոգ քաղաքացիները: 
 
Ինչ վերաբերում է գազին՝ ՀԿ-ի ղեկավարն ուսումնասիրություն չունի, բայց գազի կալորիայի և ոլորտում կոռուպցիայի մասին ԱԺ-ից «Ծառուկյան» դաշինքի ներկայացուցիչներն են հայտարարել: Հայտարարություններ, որոնց այդպես էլ ընթացք չտվեցին՝ ո՛չ հանձնաժողով ստեղծվեց, ո՛չ էլ իրավապահներն արձանագրեցին: Դե հասկանալի է՝ գազ մատակարարող «Գազպրոմ» ընկերությանն անդրադառնալը, առավել ևս՝  վերահսկելը, նաև քաղաքական հարց է, իսկ Մոսկվայի թաթը տրորելը՝ վտանգավոր: