«ՕՐԳԱՆԱԿԱՆ Հայաստան»-ը՝ Դուբայում

ԵՎՐՈՊԱՆ ԱՋԱԿՑՈՒՄ Է ՀԱՅԿԱԿԱՆ ՕՐԳԱՆԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՂՆԵՐԻՆ

Առաջին անգամ «ORGANIC ARMENIA» («ՕՐԳԱՆԱԿԱՆ Հայաստան») համատեղ տաղավարով 12 հայաստանյան ընկերություններ ներկայացնում են իրենց հավաստագրված օրգանական և բնական արտադրանքը՝  դեկտեմբերի 11-13-ը Դուբայում կազմակերպված «Organic & Natural Expo Middle East» ցուցահանդեսում: Այն իր տեսակով միակն է Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի տարածաշրջանում:
 
Մասնակցությունը հնարավոր դարձավ շնորհիվ Օրգանական գյուղատնտեսության աջակցության նախաձեռնություն (ՕԳԱՆ) ծրագրի, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության և համաֆինանսավորվում ու իրականացվում է Ավստրիական զարգացման գործակալության (ԱԶԳ) կողմից, ՀՀ գյուղատնտեսության նախարարության և ՓՄՁ ԶԱԿ-ի հետ սերտ համագործակցությամբ: 
 
Իրենց օրգանական արտադրանքի մատակարարման շղթաները և հարակից առևտրային հոսքերը ընդլայնելու նպատակով ՕԳԱՆ ծրագիրը աջակցում է արտադրողներին՝ գործնական կապեր հաստատելու և արտահանման շուկաներ գտնելու:
 
Հայաստանի համար սա եզակի հնարավորություն է՝ Մերձավոր Արևելքի շուկային ներկայացնելու Բնական և Օրգանական (Էկո, Բիո) մակնշումներով սերտիֆիկացված իր լավագույն գյուղատնտեսական արտադրանքը և ցուցադրելու հայկական բնության հարստությունները, այն է՝ մեղրի, չորացրած մրգերի, խոտաբույսերի և հյութերի բազմազանությունը:
 
Օրգանական գյուղատնտեսության ոլորտը հայաստանյան արտադրողների համար նոր հնարավորություններ է ստեղծում մրցակցելու իր բարձրարժեք արտադրանքի որակով, այլ ոչ թե քանակով:
 
«ՕՐԳԱՆԱԿԱՆ Հայաստան» թիմը բաղկացած է 12 ցուցադրող և 5 այցելու կազմակերպություններից ու արտադրողներից: