Ավելի անապակ գազի ու մատչելի գների սպասումով
ԿԱՎԵԼԱՆԱ ԻՐԱՆԻՑ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԳԱԶԻ ԾԱՎԱԼԸ
Այսօր հուսադրող տեղեկատվություն է տարածել ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:
Հուսադրող` եթե չարաբաստիկ «Գազպրոմը» կամ մեկ այլ կառույց այս անգամ էլ «փայ» չմտնի Իրանից մատակարարվող գազի գնի մեջ:
Ռուսական կողմը շարունակ իր «մեծահոգությունն» է տարփողում, թե ռազմավարական իր գործընկեր Հայաստանին գազը մեղմ գներով է վաճառում: իրականում, սակայն, այդ մեղմ գնով ՌԴ-ն գազ է վաճառում ռուսական «Գազպրոմին», որն էլ կրկնակի թանկ ազգաբնակչությանն վերավաճառում ոչ թե երկնագույն գազ, այլ դեղնանարնջագույն ինչ-որ զանգված` եռապատիկ գին կորզելով սպառողներից:
«Էլեկտրաէներգիա բնական գազի դիմաց» ծրագրի տարեկան արդյունքները և Իրան-Հայաստան երրորդ բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի շինարարության ընթացքն ու գալիք տարվա ծրագրերը քննարկելու նպատակով դեկտեմբերի 16-17-ին աշխատանքային այցով Իրանի Իսլամական Հանրապետությունում էր գտնվում ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը:
Իրանի գազի ազգային ընկերության միջազգային հարաբերությունների գծով տնօրեն Բեհզաթ Բաբազադեի հետ հանդիպման արդյունքում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ընթացիկ տարում կավելացվեն «Էլեկտրաէներգիա բնական գազի դիմաց» ծրագրի շրջանակներում Հայաստան ներմուծվող բնական գազի ծավալները:
Աշոտ Մանուկյանը հանդիպել է նաև իրանահայ գործարարների հետ, ովքեր հետաքրքրված են վերականգնվող, մասնավորապես՝ հողմային և արևային էներգետիկայի բնագավառում Հայաստանում ներդրումներ կատարելու հեռանկարներով:
Հուսանք, որ առաջիկայում իրանական գազն ավելի անապակ ու մատչելի գներով կհասնի հայ սպառողին: