Մորթիս թանկ է, քան որդիս

ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ՀՈԳՈ՛Ւ ՎԻՃԱԿ Է՝ ԶԵՐԾ ԻՆՔՆԱԿԱՄ ԳԵՐՈՒԹՅՈՒՆԻՑ

Պոլսո հայոց պատրիարքարանում իրավիճակը լարված է: Արդեն մեկ տարուց ավելի է՝ որ լարված են պատրիարքարանի 3 հոգևորականների՝ Սահակ Մաշալյանի, Արամ Աթեշյանի և Գարեգին Բեկչյանի հարաբերությունները: Ամեն ինչ սկսվեց 2016-ին, երբ Արամ Աթեշյանի փոխանորդական լիազորությունները դադարեցվեցին: Ընտրվեց Գարեգին Բեկչյանը, սակայն մեկ տարի է՝ թուրքական իշխանությունը չի ընդունում այդ ընտրությունը:
 
Եվ այսօր Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը, ըստ տեղեկությունների՝ իր նախաձեռնությամբ, ակումբներից մեկին խնդրել էր ասուլիս հրավիրել: Թվում էր, թե մինչ լրագրողների հարցերին պատասխանելը, նա որևէ հայտարարություն կանի:
 
Սակայն հոգևոր հովիվը միանգամից ձայն տվեց լրագրողներին: Ու սկսվեց «հարձակումը»՝ Գերմանիայի Հայոց ցեղասպանության ճանաչումից մինչև  Այվազովկսու կտավի գողություն: Բոլոր հարցերին Աթեշյանը պատասխանում էր զգուշավոր: Հիմնական հարցը Պոլսո հայոց պատրիարքարանի անորոշ իրավիճակն էր, ինչի մեղքն Արամ Աթեշյանը բարդեց Բեկչյանի վրա.
 
- Պետք  է հնազանդ լինել պետությանը, այս դեպքում՝ Թուրքիայի կառավարությանը: Թուրքիայի իշխանությունն ասում է՝ չեք կարող առանց իմ համաձայնության փոխանորդ ընտրել: Բեկչյանը պետք է հեռանա: Նոր ընտրություններ պետք է լինեն, և ընտրվի նոր փոխանորդ:
 
«Ունի՞ Արամ արքեպիսկոպոսը նորից փոխանորդ լինելու ցանկություն» հարցին հստակ չի պատասխանում. միայն ասում է, որ պետք է նոր ընտրություններ լինեն: Իսկ եթե չլինեն, այս իրավիճակը կշարունակվի՞:
 
Թուրքիայի իշխանությունների հետ կապերով հպարտացող Աթեշյանն էլ կարծես մտադիր չէ հրաժարվելու փոխանորդ լինելու մտքից, և չի էլ ցանկանում օգտագործել իր կապերը՝ խնդիրը լուծելու համար: Իսկ իր կապերով Աթեշյանը շատ է հպարտանում, նույնիսկ չի էլ անհանգստանում՝ պատմության մեջ ազգուրացի կերպարով կմնալ.
 
- Այս ութ տարվա մեջ ոչ ոք չգրեց իմ հաջողությունների մասին: Միայն ասում են՝ Աթեշյանը էրդողանի եղբայրն է: Պատիվ կզգամ դրա համար: Եթե ես երկրի նախագահի, վարչապետի հետ լավ եմ, իմ համայնքի  համար է, որ լավ եմ  նրանց հետ: Ես համայնքի շահով պետք է  առաջնորդվեմ:
 
Իսկ համայնքի շահը, ըստ փոխանորդի (իրեն դեռ այդպիսին է  համարում՝ հղում անելով Թուրքիայի իշխանությանը-խմբ.), պահանջում է աղմուկ-աղաղակ չանել, ինչպես Կարո Փայլանն է անում.
 
- Թուրքիո պառլամենտում պոռալու պատճառով կորցնում ենք մեր իրավունքները: Փայլանն այնպես պիտի խոսի, որ չվնասի հայկական համայնքին: Եթե համայնքն անհանգիստ է, ուրեմն մի բան կա:
 
Այո, ավելորդ աղմկարարոջթյունն ու դատարկ զրնգոցը եթե չեն վնասում, ապա չեն էլ օգնում: Բայց ո՛չ Թուրքիայի դեպքում, երբ լռությունն անգամ օգտագործում են ազգային փոքրամասնության՝ գայլի երախում հայտնված վիճակը դրախտային ներկայացնելու համար: Բացի այդ՝ չմոռանանք, որ Կարո Փայլանն աղմկում է Թուրքիայի խորհրդարանում՝ քաղաքական ամբիոնից հայերի, Հայոց ցեղասպանության հարցը Թուրքիայում և միջազգային հանրության ուշադրության կենտրոնում պահելու: 
 
Հետաքրքիրն այն է, որ Արամ Աթեշյանը ջանք ու եռանդ չէր խնայում՝ համայնքին իր նվիրվածությունն ընդգծելու:
 
- Այս ութ տարվա մեջ ոչ ոք չգրեց իմ հաջողությունների մասին: Մի քանի եկեղեցիներ քանդված են եղել, վերանորոգել  եմ տվել, հայկական համայնքում երեխաների կրթության հարցն եմ լուծել: Ինձ ընդառաջում են թուրքական իշխանությունները,- հպարտացավ Աթեշյանը:
 
«Եթե ընդառաջում են, գուցե փոխանորդի խնդրի լուծման համա՞ր էլ զիջումներ անեն» հարցին նույնպես հստակ պատասխան չհնչեց: Իսկ միգուցե Աթեշյանի միջոցով Թուրքիան պառակտում է հայկական համայնքը՝ այդ կերպ խեղդելով ազգային փոքրամասնությունների ինքնագիտակցության դանդաղ, բայց նկատելի զարթոնքը: 
 
Ի՞նչ շահեց հայկական համայնքը, երբ Հայոց ցեղասպանության փաստն ընդունեց Գերմանիան, որից հետո Աթեշյանն ամոթալի  նամակով Թուրքիայի նախագահ Էրդողանին իր ափսոսանքը հայտնեց:  
 
- Այդպես են արել իմ նախորդները՝ նախորդ պատրիարքները: Ես ինքնագլուխ ոչինչ չեմ արել: Նամակն էլ մի քանի հոգով ենք գրել:
 
- Եթե չգրեիք, ի՞նչ կլիներ,- հարցրին լրագրողները:
 
- Ոչինչ չէր լինի,- ասաց Աթեշյանը:
 
- Հիմա 1915-ին Հայոց ցեղասպանություն եղե՞լ է: Ինչո՞ւ են հազարավոր հայեր մահմեդակացվել: 
 
Ինչպես և սպասելի էր՝ այս հարցերից ևս համարյա խուսանավում է հոգևորականը: 
 
Ի դեպ, այսօր հենց ինքը փաստեց, որ իր քույրը 1954-ին մահմեդական է դարձել:
 
- Իսկ ի՞նչ է եղել 1915 թ-ին,- լրագրողները համառորեն «պատին էին սեղմել» Աթեշյանին: 
 
Պատասխանը սառը ցնցուղի նման էր. 
 
- Ես ինչո՞ւ պետք է 1915 թ-ի հարցը բացեմ…
 
Եվ այսքանից հետո արժե՞ շարունակել, վերհիշել ծպտյալ հայերի անունները, որոնք ցանկացել են մկրտվել, իսկ Աթեշյանը նրանցից 2100 դոլար է պահանջել (չնայած այս փաստը բազմիցս հերքել է Աթեշյանը, սակայն այդ լուրը շրջանառողները շարունակում են իրենց պնդումները):