«Չկան մարդու այնպիսի իրավունքներ, որոնք Հայաստանում չեն խախտվել»

ՏԱՐԻՆ ԱՄՓՈՓՈՒՄ ԵՆ ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆՆԵՐԸ

Հայաստանում ամեն օր խախտվում են մարդու բոլոր տեսակի իրավունքները: Նման տեսակետ են հայտնել իրավապաշտպանները՝ ամփոփելով անցնող 2017թվականը՝ մարդու իրավունքների և հիմնարար սկզբունքների պաշտպանության տեսանկյունից:
 
- Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության վիճակն ամփոփելու համար ճիշտ կլինի ասել, թե որ իրավունքները չեն խախտվել: Թերևս չկան այնպիսի իրավունքներ, որոնք չեն խախտվել: Եթե մենք մեր ողջ ռեսուրսը ներդնենք իրավունքների պաշտպանության վրա, անգամ այդ պարագայում, չենք կարողանա հասցնել իրականացնել այդ աշխատանքը: Ավելի հեշտ է թույլ չտալ, որ մարդու իրավունքները խախտվեն, քան զբաղվենք իրավունքների խախտման հետևանքները վերացնելով,- ասել է իրավապաշտպան, Ազգային ժողովի ընդդիմադիր «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը:
 
Ըստ նրա՝ մարդու իրավունքների պաշտպանությունը անհնար է, երբ չկա արդար դատաքննության իրավունք:
 
- Եթե մարդը կարիք ունի դատական պաշտպանության իրավունքի, արդեն իսկ խախտված է  նրա արդար դատաքննության իրավունքը Հայաստանում, որովհետև Հայաստանում ստեղծված չեն արդյունավետ կառուցակարգեր այդ իրավունքի պաշտպանության համար: Ինչպես էլ անեն այս իրավունքը խախտված է: Դատավորները քիչ են, չեն հասցնում քննել բոլոր գործերը, և սա ևս մեծ խնդիր է,- ասում է Արտակ Զեյնալյանը:
 
Անցնող տարին Հայաստանում ընտրական էր. տեղի են ունեցել խորհրդարանական ընտրություններ: Պատգամավորի կարծիքով, ազատ ընտրությունների բաղադրատարրերից մեկը՝ ազատ կամքի արտահայտությունը, խախտված է եղել:
 
Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանն էլ նշել է, որ Հայաստանում ընդհանուր առմամբ մարդու իրավունքների վիճակը չի փոխվել ու չի փոխվելու.
 
- Մարդու իրավունքների պաշտպանությունը կախված է ժողովրդավարության վիճակից, օրենքի գերակայությունից: Որպեսզի պետության մեջ մարդու իրավունքները հարգվեն, չոտնահարվեն, նախ քաղաքացիները պետք է ընտրեն իշխանություններին, ապա դատական անկախ համակարգ լինի: Սա այբուբենն է: Այնինչ, Հայաստանում ընտրություններ չեն լինում, այս տարվա ընտրություններն էլ քվեարկություն էին, դրանք ընտրություն չէին: Դատարանը անկախ չէ, նախագահը ամեն օր հրամանագիր է ստորագրում՝ ազատում է մի դատավորի, նշանակում է մյուսին: Սրանով ամեն ինչ ասված է:
 
Իրավապաշտպանը շեշտում է, որ այս տարի Հայաստանում խաղաղ հանրահավաքների կամ բողոքի ցույցերի ժամանակ մարդու իրավունքները չեն ոտնահարվել, որովհետև հանրահավաքներ ու բողոքի ցույցեր չեն եղել:
 
Փորձագետները կարծում են, որ մարդու իրավունքների խախտման համար մեղավորները շարունակում են անպատիժ մնալ:
 
Իրավապաշտպան Արթուր Սաքունցն էլ ասում է, որ երկրում արդարադատությունը ընտրողաբար է կիրառվում, իշխանությունները յուրայինների նկատմամբ օրենսդրությունը չեն կիրառում, իսկ ոչ յուրայիններին, օրինակ, ընդդիմադիրներին, խիստ պատժում են:
 
JAMnews