Լռենք, բայց ոչ՝ մինչև հաջորդ քարոզարշավ
Վաղը լռության օր է
Թե ինչ հուշեց քարոզարշավն արշավորդներին՝ դժվար է ասել, բայց ընտրողը հասկացավ, որ նրանք ոչ միայն լավատեղյակ են երկրի ու ժողովրդի հոգսերից, այլև դրանց լուծումների բանալիներն ունեն: Անհասկանալի մնաց նորից նույն հարցը՝ ինչո՞ւ են լռել վերջին հնգամյակում, դրան նախորդած հետընտրական տասնամյակներում:
Վաղը լռության օր է: Իսկ լռությամբ նաև հարգում են շարքերից հեռացածների հիշատակը: Տեսնես քարոզարշավի մասնակից 9 կուսակցություններից ու դաշինքներից քանիսի՞ ու որո՞նց համար է այս մարաթոնի վերջին շաբաթ օրը հրաժեշտի լռություն դառնալու...
Չնայած՝ ընտրվելիք շատերը ևս վաղվանից լռելու են հինգ տարի՝ մինչև հաջորդ քարոզարշավ:
Այսօր էլ, ու վերջ: Վաղը լռության օր է. քարոզարշավորդները մի փոքր դադար կառնեն, հանգիստ կտան պրկված ձայնալարերին ու խզված ձայներին: Եվ կնախապատրասվեն՝ կիրակի օրը «մարտնչելու» ընտրատեղամասային ճակատներում: Իհարկե, վերլուծություններ էլ կարվեն, մրցակիցների դիրքային առավելություն-թերությունները կքննարկվեն: Մեծ ու մանր ստեր էլ կասեն՝ դե, ապրիլի 1-ն է...
Իսկ այսօր դեռ փորձելու են կուրծք ծեծել ու կոկորդ պատռել՝ վստահության մի փշուր էլ շահելու, ևս մի քանի քվե կորզելու չմարող հույսով: ՈՒրեմն ընտրության թեմայով մենք էլ լռենք և մաղթենք, որ հաղթի արդարությունը՝ ազգին, ժողովրդին ու պետությանը զորավիգ արդարությունը: