Բոշայությունը՝ պետական գործելաո՞ճ

ՀԱՅՐԵՆՅԱՑ ՊԱՇՏՊԱՆԸ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ՀՈՒՅՍԻՆ

Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո թվում էր, թե անդառնալի անցյալում պիտի մնան վիրավոր զինվորի բուժման ծախսերի կամ օգնության մասին հարցերը: Քառօրյան ավարտվեց, դիրքերում հետպատերազմական սելֆիները՝ ևս, ոգևորվածությունն էլ հետը, ու նորից՝ նույն կոտրած տաշտակը: Երբ զինվորի համար գումար խնդրողը այս կամ այն անհատն է, հանրօգուտ ծրագիր իրականացնել փերձող որևէ ՀԿ՝ ինչ-որ կերպ հասկանում ես, բայց երբ այդ մասին պետական պաշտոնյան է ֆեյսբուքյան ստատուսով գրում, արդեն զարմանք է առաջանում:
 
Խոսքը ՊՆ նախարար Վիգեն Սարգսյանի գրառման մասին է՝ արտասահմանում Ալբերտ Դալլաքյանի վիրահատվելու համար 45.000 դոլար գումար հավաքելու հորդորով: Ինչպես արդեն հայտնի է՝ ֆեյսբուքյան ստատուսը մեծ արձագանք ունեցավ, մեծ մասամբ՝ բացասական: Հասարակության՝ հարուստ-աղքատ ծայրահեղ բևեռացվածությունը չսպիացող վերքի նման զգացնել տվեց: Ինչո՞ւ պետք է հանրությունը վճարի զինվորի համար, եթե 25 տարվա պետություն ենք, ինչի համար ստեղծվեց 1000 դրամների՝ զինծառայողների ապահովագրության հիմնադրամը, եթե հայրենյաց պաշտպանի առողջությունը վերականգնելու համար դարձյալ պետք է հանրության գրպանին ձեռք մեկնել: Մանավանդ՝ այն հասարակության, որն առանց այդ էլ խճճվել է թանկացումների բիրտ սարդոստայնում և որի աշխատավարձն ու թոշակը բարձրացնելը դարձյալ մնացել է անիրականանալի ցանկություն:  
 
Ընդդիմությունը նույնպես անարձագանք չթողեց նախարար Վիգեն Սարգսյանի այս գրառումը:
 
Կարող է վաղն էլ երկրի առաջին դեմքը 80-ականների զենքերն արդիակացնելու համար ստատուս գրի,- արձագանքեց խորհրդարանական «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով՝
 
- Կառավարությունն ունի պահուստային ֆոնդ, նաև պաշտոնյաների թանկարժեք տները կան:
 
Եվ ինչու միայն պաշտոնյաների թանկարժեք տները: Պետական գանձարանի միջոցներն անարդյունավետ մսխելու դեպքերն էլ քիչ չեն: 
Իսկապես, նման դեպքերում ինչո՞ւ են անտեսվում հայաստանցի մեծահարուստները:
 
Նախարար Սարգսյանի դեմ բուռն պոռթկման առիթը «Բոշան դու ես» արտահայտությունն էր՝ ի պատասխան քաղաքացիների հարկերի հաշվին աշխատավարձ ստացողների դրամահավաքության երևույթը բոշայություն անվանողներին:  
 
Արդյո՞ք պաշտպանության նախարարի այս գրառումը բացասաբար կընդունեին, եթե Հայաստանում չլինեին կասկածելի ճանապարհներով ու կարճ ժամանակահատվածում հարստացած 5 միլիարդատեր, 200 միլիոնատեր՝ ինչպես ժամանակին ասել էր ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը: Կարծում ենք՝ ոչ, առավելևս, որ բանակ-հասարակություն ջերմ ու ամուր կապը վկայող իրավիճակներ քիչ չեն եղել: Հատկապես, երբ  խոսքն ընդամենը 45.000 դոլարի մասին է: Ընդամենը՝ վերոհիշյալ 205-ի և կյանքում չշոշոփած գումար՝ մնացյալ 2-2,5 միլիոնի համար: