Ծրագրերը միշտ լավն են լինում

ԴՐԱՆՑ ԻՐԱԳՈՐԾՈՒՄՆ Է ՀԵՏՈ ՊԱՏՈՒՀԱՍ ԴԱՌՆՈՒՄ

Ծանուցումը կարող էր նաև ուրախացնող լինել, եթե հիասթափության մեր բազմամյա փորձով կասկածը բնավորված չլիներ մարդկանց հոգիներում:
 
- Երևանի համար մշակվել է տրանսպորտային նոր ցանցի նախագիծ, որի համաձայն մայրաքաղաքում գործելու է ավելի քիչ փոխադրամիջոց: Նախատեսվում է ավելացնել տրոլեյբուսների ու ավտոբուսների քանակը, ակտիվացնել մետրոն, գործածությունից հանել միկրոավտոբուսները։ Առկա տրանսպորտային միջոցների և գծերի քանակը կկրճատվի շուրջ երեք անգամ. 115 գծերի փոխարեն կգործի 42 երթուղի, 2039 փոխադրամիջոցների փոխարեն՝ 939-ը։
 
Լրատվամիջոցներով տարածված այս տեղեկատվությանը ծանոթանալիս՝ ակամա ուզում ես հավատալ, որ վերջապես շարքային քաղաքացիների վայելուչ տեղափոխի մասին էլ մտածող գտնվեց (դե, «ընտրյալներն» ի՜նչ գործ ունեն հանրային երթուղիների հետ): Սակայն փոքր-ինչ ուշադիր ծանոթանալով ծրագրին՝ ակամա հարցեր են ծագում: Ու դրանցից գլխավորն այն է, թե արդյո՞ք հերթական անգամ նույն անաղուն՝ կիսատ-պռատության ջրաղացի առջև չենք կանգնելու՝ բյուջեից միլիոններ (գուցեև միլիարդներ) ծախսելուց հետո: Վկան՝ թեկուզ այն խոստումները, թե կանգառներում տեղադրվող սարքերը հուշելու են փոխադրամիջոցների ժամանման ժամանակը:
 
Քանի՞ կանգառում և քանի՞ օր դրանք աշխատեցին. դրանց վրա մսխված գումարները մուտք արվեցի՞ն բյուջե, աճպարարության վերածված այդ նորարարության հեղինակները պատասխանատվության ենթարկվեցի՞ն: 
 
Կամ, վերգետնյա անցումներ են կառուցվել, ինչն, իսկապես, հույժ անհրաժեշտություն էր՝ գերբեռնված մեր փողոցների համար: Սակայն տեղյա՞կ են դրանց հեղինակներն ու կառուցողները, որ մարդիկ խուսափում են ճանապարհը հատել այդ անցուղիներով: Ոմանք շարունակում են ոլորապտույտ «լող տալ» խցանումների մեջ կանգնած մեքենաների արանքներով, ոմանք էլ նախընտրում մեկ-երկու խաչմերուկ ավելի քայլել՝ փողոցը սովորական անցումով հատելու: Ինչո՞ւ:
 
Այդքան շատ աստիճաններով երբեմն օրական մի քանի անգամ բարձրանալ-իջնելու դժվարությունը միայն դրանցից օգտվողները գիտեն: Իսկ թե այդ վերգետնյաներով ինչպե՞ս են անցնելու հաշմանդամները, վատառողջներն ու ծանր պայուսակներով բեռնավորվածները՝ ոչ մեկին չի հուզում: Մինչդեռ իր քաղաքացու անվտանգության և հարմարավետության մասին մտածող քաղաքապետարանը քաղաքակիրթ երկրների փորձից կօգտվեր՝ աստիճաններին զուգահեռ՝ նաև թեքահարթ ճանապարհ կառուցելով:
 
Դառնանք նորոգվող տրանսպորտային ցանցին:
 
Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանի հավաստմամբ՝ ուղևորների տեղափոխը կազմակերպվելու են միակցված ավտոբուսներով, որոնք կունենան 18 մետր երկարություն՝ մինչև 150 ուղևոր տեղափոխելու հնարավորությամբ: Գործածության մեջ կդրվեն նաև 12 մետր երկարությամբ ավտոբուսներ՝ 90-100 ուղևոր փոխադրելու համար: Երևանի գերծանրաբեռն փողոցներում ու կարմիր գծերով խեղդված 5-10 մետրանոց կանգառներում 18 մետրանոց ավտոբուսի հայտնվելը պատկերացնե՞նք… Էլ չասենք, որ նույն կանգառում հանկարծ 2,3 այդպիսի երկարագնաց կարող է հայտնվել: 
 
Հուշենք նաև, որ իր քաղաքացուն հարգող քաղաքներում հանրային փոխադրամիջոցների, շտապօգնության և հատուկ այլ ծառայությունների մեքենաների (նաև՝ հեծանիվներով երթևեկողների) համար բանուկ փողոցներում հատուկ ճանապարհահատված է առանձնացված՝ ի փրկություն խցանումերից: 
 
Վ. Նիկոյանը խոստացել է, որ օրվա ծանրաբեռնված ժամերին քաղաքացիները չեն ստիպվելու կանգառում երկար կանգնել. տրանսպորտը կաշխատի 5 րոպեն մեկ հաճախականությամբ ։ Տա՛ Աստված, որ այս խոստումը չմնա որպես անիրագործելի բարի ցանկություն:
 
Սակայն նա հաստատել է քաղաքացիների այն մտահոգությունը, որ երևանցիների մի մասը Ա կետից Բ կետը հասնելու համար ստիպված կլինի երկու, գուցե երեք տրանսպորտ փոխել, բայց նրանք կրկնակի վճարման անհրաժեշտություն չեն ունենալու․ 
 
- Անկախ սակագնի կառուցվածքից, հնարավորություն են ունենալու վճարեն նույն սակագինը, ինչը նրանք կվճարեին, եթե նրանք տեղափոխ չկատարեին նույն երթևեկության պարագայում:
 
Եթե նա նկատի ունի այն փորձը, որը մեկ վճարումով ամբողջ 1 ժամ կարելի է երթևեկել ցանկացած երթուղու ավտոբուսով, ուրեմն տեղափոխ կատարելու հարկադրանքը չի դիտվի որպես ուղևորների գրպանը մտնելու դիտավորություն: Ի դեպ՝ դրական այդ փորձն էլ վաղուց գործում է քաղաքակիրթ երկրներում: