«Նեմեցկի» հաշվարկ. Սարյան պուրակը վտանգված է

ՏԱՐՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ ՉԻ ԿԱՏԱՐՈՒՄ ԽՈՍՏՈՒՄԸ

Վաղուց  արդեն արձանագրել ենք, որ Երևանը մաս-մաս, «նեմեցկի» հաշվարկով բաժին է հասել մի քանի հոգու: Կեղծ աճուրդներով, կոպեկներով սեփականաշնորհել են մայրաքաղաքի կենտրոնն ու սրճարան, հյուրանոց, բնակելի էլիտարներ սարքել: Քաղաքաշինական տարրական գիտելիքներ և ճաշակ ասվածները վաղո՜ւց լքել են Երևանը: Ու, քանի որ ախորժակն ուտելիս է բացվում, հիմա էլ հերթը հասել է պուրակներին:
 
Օրեր առաջ «Կոլորիտ» ՍՊԸ-ը ահազանգեց՝ փակման եզրին է «Սարյան» պուրակը, որտեղ 20 տարուց ավելի գործում է նկարիչների բացօթյա ցուցահանդես-վաճառքի կենտրոնը: Այն դեպքում, երբ վարձակալ «Կոլորիտ»-ը քաղաքապետարանի դեմ դատական երկար գործընթացներից շնորհիվ հաջողել է երկարացնել վարձակալության պայմանագրի ժամկետը՝ մինչև 202 թվականը: Սակայն, անհասկանալի պատճառներով, քաղաքապետ Տարոն Մարգարյանը չեղյալ է համարում պայմանագիրը: 
 
«Կոլորիտ» ՍՊԸ-ի վարձակալ Նարինե Վարդանյանը կարծում էր, որ դա ինչ-որ մեկի համար է արված: Եվ չէր սխալվում: 
 
Այսօր լուրեր տարածվեցին, թե նախկին պատգամավոր, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանն է(«նեմեց Ռուբո») աչք դրել պուրակի վրա: Հայրապետյանը դեռ լռում է, քաղաքապետարանն էլ չի հերքել լուրերը: Բայց զավեշտալի ու իր անգործությունը փաստող պատասխան է հրապարակել.
 
- Սարյան պուրակում բացօթյա սրճարան կազմակերպելու համար «Կոլորիտ» ՍՊԸ-ին վարձակալությամբ տրամադրվել է 220 քմ տարածք, որի վրա, ի դեպ, տվյալ ՍՊԸ-ի կողմից տեղադրվել են ինքնակամ կառույցներ:
 
Եթե ինքնակամ կառույցներ կային, ինչո՞ւ քաղաքապետարանը դրանք չէր ապամոնտաժում: Կամ, այդ ի՞նչ ինքնակամ կառույցի մասին է խոսքը: Ի պաատասխան՝ Նարինե Վարդանյանն ասել է, որ քաղաքապետարանի տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում: 
 
Թեև պատկան կառույցը հավաստիացնում է, թե նկարիչների բացօթյա ցուցահանդես-վաճառքը կշարունակվի, հարց է ծագում՝ ինչպե՞ս, եթե հայտնի չէ, թե ով է տարածքի նոր վարձակալը, կամ ինչ հիմունքներով է գործելու: 
Քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընտրությունից-ընտրություն խոստանում է քաղաքացիներին վերադարձնել կանաչ գոտիները, սակայն դա լինում է միայն որոշ «անշահավետ» բակերի բարեկարգմամբ ու նմուշի համար էլ մի քան ծառ տնկելով: Իսկ երբ հերթը հասնում է կենտրոնին,փողի, զոռբայության, իշխանության հետ լավ կապերի կանոններն են գործում՝ հօգուտ անվերջ բացվող ախորժակի: 
 
Նարինե Վարդանյանը առայժմ սպասում է քաղաքապետարանին ուղղված իր դիմումների պատասխաններին, որից հետո պայքարելու է մինչեւ վերջ: