Ու նորի՞ց ձայն բարբառո հանապատի

«ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԱՂԵՏ ԼՈՌԻՈՒՄ. ԱԽԹԱԼԱՅԻ ԼԵՌՆԱՀԱՐՍՏԱՑՈՒՑԻՉ ԿՈՄԲԻՆԱՏԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ»

Դեռևս նախորդ տարեվերջից ԶԼՄ-ներՆ ահազանգում են, որ Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի պոչանքները տարբեր ճանապարհներով շարունակում են անարգել լցվել Դեբետ գետը՝ վերացնելով գետի բուսականությունն ու կենդանատեսակներին: Բնապահպաններն ու տեղում իրավիճակին ծանոթացած ՀՀ ԱԺ «Ելք» խմբկացության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը ստեղծված իրավիճակը բնապահպանական աղետ են համարում, սակայն պետական իրավասու մարմինները համաձայն չեն այդ գնահատականի հետ:
 
«Բնապահպանական աղետ Լոռիում. Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի գործունեության հետևանքները» թեմայով «Մեդիա կենտրոնում»  տեղի ունեցած քննարկման ընթացքում ecolur.org կայքի գլխավոր խմբագիր, փորձագետ Վիկտորյա Բուռնազյանը, խնդրին անդրադառնալով, նշել է, որ ստեղծված իրավիճակը ոչ թե մի քանի ամսվա պատմություն ունի, այլ բնապահպանները տարիներ շարունակ հնչեցրել են վտանգների մասին.
 
- Մենք խնդիրը խորությամբ սկսել ենք ուսումնասիրել 2008-2009 թթ.-ից, այն ժամանակ դեռ Նահատակի պոչամբարը, որի մասին ահազանգել են մեր պատգավորները, դեռ վերակառուցված չէր՝ շրջակա միջավայրի վրա իր բոլոր բացասական հետևանքներով: Տեղի համայնքները մշտապես ահազանգել են պոչամբարի վտանգների մասին՝ իրենց բերքը աղտոտված է ծանր մետաղներով և ամենակարևորը ունեն առողջական խնդիրներ:
 
Փորձագետը նաև փաստել է, որ «Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատ» ՓԲԸ-ն փորձել է գյուղատնտեսական նշանակության 40 հեկտար հողերի վրա նոր պոչամբար կառուցել, սակայն տեղի բնակչությունը դեմ է արտահայտվել՝ հաշվի առնելով արդեն իսկ գոյություն ունեցող պոչամբարների բացասական հետևանքները:
 
Բնապահպանության ու ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի խորհրդական Մարզպետ Քամալյանը տեղեկացրել է, որ իրենց գերատեսչությունը դեպքի հետ կապված ահազանգ է ստացել անցյալ տարվա դեկտեմբերին և ներկայում համապատասխան տեսչական ստուգումներ են իրականացվում: Սակայն պաշտոնյան ժամանակավրեպ է համարում ստուգումները չավարտված որևէ գնահատական տալը: Իսկ ստուգումների վերջնական արդյունքները կունենան 10 օրից: Վերջինս միաժամանակ հավաստիացնում է, որ կառավարության կողմից նոր մոտեցումներ են մշակվում, որոնք պոչամբարների գոյությունը անվտանգ են դարձնելու.
 
- Այսօր Հայաստանում 22 պոչամբար կա, որոնք խնդիր են մեր հանրապետության համար: Մշակված նոր մեթոդով մենք բացառում են պոչամբարների ստեղծումը, իսկ եղածները պետք է դարձնենք անվտանգ: Ընդերքի մասին օրենքում փոփոխություններ է կատարվել, ըստ որի՝ եթե մինչ այդ պոչամբարները չէին համարվում ընդերք օգտագործման թափոններ, հիմա համարվում են և օրենքով ու կառավարության որոշումներով հստակ նշված է, թե ինչպես պետք է վարվել պոչամբարների հետ:
 
Ինչպես «Էկոլոգիական իրավունք» ՀԿ-ի ներկայացուցիչ Արթուր Գրիգորյանն է նշել՝ գնահատելով հանրապետության տարածքում գործող պոչամբարների իրավիճակը՝ խնդիրներ  կան բոլոր հանքերի ու բոլոր պոչամբարների հետ կապված.
 
 - Մի հատիկ մետաղական հանքավայր ցույց տվեք, որի պոչամբարները արտահոսքեր չունեն, որոնք չեն լցվում ջրահոսքերը: Օրինակ՝ Քաջարանի հանքի Արծվանիկի պոչամբարից եկեղ հոսքը ուղղակիորեն լցվում է Նորաշենի գետը: Սա պերմանենտ է, ոչ թե  մեկ- երկու անգամ եղած վթարային վիճակ: Տարուց ավելի նույն հոսքով պոչամբարից թափվում է գետը: 
 
Միաժամանակ բնապահպանը կասկածում է, որ այդ ընկերությանը պատասխանատվության է ենթարկվել, ինչպես նաև չի կարծում, որ եթե նույնիսկ պատասխանատվության ենթարկվի, ընկերությունը չի վերականգնելու է բնությանը հասցված վնասները ու հարցադրում է անում համապատասխան գերատեսչութուններին.
 
- Գետը աղտոտեցին, հանձնարարական ուղարկեցիք, դադարեցրեց, հետո, արդյո՞ք ընկերությունը մաքրեց գետը, թե 100 հազար դրամ տուգանեցիք, ու նույն հոսքն ու աղտոտումը շարունակվեց:
 
ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը ներկայացրել է սեփական դիտարկումները՝ կապված Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի Նահատակի պոչամբարի հետ: Պատգմավորի պնդմամբ՝ այդ շրջանում բնապահպանական աղետ է, քանի որ պոչամբարի խյուսը լցվում է գետերն ու առուները, իսկ պատկան մարմիները չտեսնելու են տալիս այդ ամենը․
 
- Բնապահպանության ու ընդերքի տեսչական մարմինը վերջերս այնտեղ նմուշառումներ է արել և նախնական տվյալներով պնդում է, որ այնտեղ ամեն ինչ նորմալ է։ Հարցեր է առաջանում, թե այդ մարմինը որքանո՞վ է օբյեկտիվ, որովհետև մենք այնտեղ գտանք սատկած խեցգետին, որի վրա մի քանի սանտիմետր հաստությամբ նստած էր այդ խյուսը։
 
Վերջինս նաև մտահագություն է հայտնում, որ նման տեմպերով շարունակվելու դեպքում Հայաստանը շուտով կարող է կանգնել միջազգային սկանդալի առաջ․
 
- Այն տեղը, որտեղ մենք այցելել էինք, պոչամբարի խյուսը լցվում է Դեբետ գետը։ Մենք կարող ենք միջազգային խնդիր ունենալ։ Հենց վրացիները հայտնաբերեցին, որ մենք այդ ամբողջ թունաքիմիկատները ուղարկում ենք իրենց տարածք, մենք շատ լուրջ միջազգային խնդիր ենք ունենալու։ Բնակիչները պնդմամբ՝ մոտ մեկ տարի է՝ այդ վիճակն է, ինչո՞ւ չի կանխվում։
 
 
Դերենիկ ՄԱԼԽԱՍՅԱՆ
Մեդիա կենտրոն ծրագրի խմբագիր