Ի՞նչն է անհանգստացնում դրամաշնորհայիններին

ԻՆՉՈՒ ՄԻԱՅՆ ՈՒԺԱՅԻՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԸ

Արևմուտքից ֆինանսավորվող կառույցները նորից անհանգիստ են: Նոր օրինագիծը, ըստ նրանց, հավատաքննության հիմքեր է դնում: Իսկ օրինագիծն առաջարկում է օրենսդրական փոփոխություններ կատարել «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին է: Նախաձեռնությունն Արդարադատության նախարարությանն է:
 
Օրինագիծը  դեռ edraft-ում՝ Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում տեղադրված չէ, հետևաբար դժվար է ամբողջական կարծիք հայտնել, սակայն,  հաշվի առնելով դրամաշնորհներ ստացողների աղմուկը, կարելի է մի քանի ենթադրություն անել:
 
Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանն ասել է.
 
- Տեսեք, թե որտեղ է երևում այդ հավատաքննությունը. օրինակ՝  օրենքով ուժային կառույցներ ընդունվելու համար չես կարող որևէ կրոնական կազմակերպության անդամ լինել: Դա, իհարկե, չի վերաբերում Հայ առաքելական եկեղեցուն: Կամ՝ բանակում ծառայությունը մտցնելուց հետո հավատաքննություն է կատարվում: Նույն տրամաբանությամբ Մոնթե Մելքոնյանը ՀՀ ՊՆ-ում չէր կարող որևէ պաշտոն զբաղեցնել, որովհետև Ավետարանական եկեղեցու հետևորդ էր:
 
Այն, որ օրինագիծն անդրադառնում է ուժային կառույցներին՝ պատահական չէ: Քայքայիչ գործունեություն ծավալող կրոնական կազմակերպություններին քաջածանոթները մի քանի անգամ ասել են՝ հակապետական գործունեություն ծավալող, փողերի լվացմամբ զբաղվող կառույցներին հովանավորողները նաև ուժային կառույցներում են: Իշխանությունը, բնականաբար, շատ ավելի լավատեղյակ է այս  մասին, ուստի սկսում են հենց այս կառույցից:
 
Ավետիք Իշխանյանի այս խոսքերը տարակուսանք են առաջացնում: Մի՞թե Իշխանյանը տեղյակ չէ, որ կրոնական այլ կառույցների հետևորդները հրաժարվում են զենք վերցնել, հայրենիք պաշտպանել, հետևաբար պետք է արգելվի նրանց մուտքը ուժային կառույցներ: Այլ հարց է, թե ով է դա հսկելու, և արդյո՞ք կոռուպցիոն մեխանիզմներ չեն գործի:  
 
Ինչ վերաբերում է Մոնթե Մելքոնյանի՝ Ավետարանական եկեղեցու հետևորդ լինելու փաստին, Հայ Առաքելական Եկեղեցին Ավետարանականին քույր եկեղեցի է համարում: Այլ խնդիր է, որ Ավետարանական եկեղեցին աղանդակերպ է գործում: 
 
Սակայն ինչո՞ւ միայն ուժային կառույցներում արգելել քայքայիչ կրոնական կառույցների հետևորդների մուտքը կամ սահմանափակել նրանց գործունեությունը: Մի՞թե  այլ ոլորտները պակաս կարևոր չեն: Օրինակ՝ կրթօջախները, որտեղ նոր սերունդն է ձևավորվում ու դաստիարակվում: 
Ա. Իշխանյանն ընդվզում է, թե ՀՀ Արդարադատության նախարարության՝ «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելով ընդամենը ցանկանում է ամրապնդել Հայ առաքելական եկեղեցու  դիրքերը՝ սահմանափակելով կրոնական մյուս կառույցներինը։
 
- Սա աբսուրդ է: Առանց այն էլ Հայ առաքելական եկեղեցին իրավունք ունի կրոնական դաստիարակություն անցկացնել դպրոցներում, որը հոգեորսություն է, երբ մարդկանց մոտ գլուխ են գովում, որ ստիպել են մարդկանց կրոնափոխ լինել։ Սա բռնի հավատափոխություն է և ցանկացած միջազգային նորմով արգելվում է,- նկատեց նա։
 
Թերևս՝ այս օրինագիծն անուղղակիորեն նաև պաշտպանությունն է Հայ Առաքելական Եկեղեցու: Կառույց, որի բացառիկությունը ընդգծվել է Հայաստանի օրենքների օրենքով՝ Սահմանադրությամբ: Իսկ ինչո՞ւ ոչ: ՀՀ մայր օրենքը Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցին ճանաչել է որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ  ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում:
 
Այդպես է եղել դարեր ի վեր, և մարդկանց պառակտելու փոխարեն Եկեղեցին համախմբել է: Ավելին, այսօր էլ այն պետք է ավելի նախաձեռնող լինի՝ մեր ազգային դիմագիծը խաթարող  արատավոր երևույթների դեմ՝ ինչպես Կաթոլիկ եկեղեցին է վարվում:  
 
Ինչ վերաբերում է ՀՀԿ-ին ուղղված  նկատառումին, թե՝ «Հիմա թող կողմնորոշվեն՝ նժդեհակա՞ն, թե՞ առաքելական գաղափարախոսության կրողներ», նկատենք, որ նժդեհականությունն ու առաքելական գաղափարախոսությունը հակոտնյա չեն: Նժդեհն իր հոգու երկու հենարաններն էր մատնանշում՝ 
 
- Իմ հոգին զույգ հենարաններ ունի՝ Աստված և հայրենիք:
 
Նաև ընդգծել է՝ 
 
- Հայ Եկեղեցին ազգային եկեղեցի է: