Գնաճը՝ ընդդեմ գնաճի պայքարի հետևա՞նք

ՇԱՀՈՒՄ ԵՆ ՄԻԱՅՆ ԱՐՏՈՆՅԱԼՆԵՐԸ

Մինչ հասարակությունը նեղսրտում ու գլուխ է կոտրում՝ թանկացումներին դիմակայելու համար ելքեր գտնելու, ընդդիմությունն օրենսդրական մեխանիզմներով է փորձում խնդիրը լուծել: «Ելքն» առաջարկել է Հարկային օրենսգրքում  փոփոխություններ անել՝ սեղմված գազի, բենզինի դրույքաչափերը վերանայել և վերադարձնել նախկին գնին:
 
Քննարկումները բավական բուռն էին՝ BMW-ի ցոլարձակ լապտերների էժանացումից մինչև գարնան կանաչու դուրս գալը:  Տարատեսակ հիմնավորումներ փորձեցին ներկայացնել  իշխանության ներկայացուցիչները, սակայն դրանք ընդդիմությանն ու կարծես նաև հանրության  համար  ընդունելի չէին: 
 
Ամեն գնով  գնաճը հիմնավորելու, ընդդիմությանը հակադարձելու մոլուցքով տարված՝ նույնիսկ անհեթեթ միտք հնչեցվեց:
 
Ըստ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանի՝ երթերն ու հանրահավաքները ոչ թե գնաճի դեմ պայքարի միջոց են, այլ գնաճի ավելացմանը նպաստող միջոց։ Ապա առաջարկեց պայքարել ոչ թե գնաճի դեմ, այլ եկամուտները բարձրացնելու  համար: Նրա վերջին մտքի հետ անկարելի է չհամաձայնել: Ամբողջ աշխարհում գնաճն ու եկամուտների աճը զարգացման նշան է, մինչդեռ մեզանում այդ զարգացումը միակողմանի է՝ միայն հօգուտ տնտեսությունը մենաշնորհած օլիգարխների: Իսկ երբ պետության ու իշխանության բարիքներից օգտվում է միայն մի կողմը, իսկ մյուս կողմը՝ պետությունը պահող շարքային քաղաքացին կոտրած տաշտակի առաջ է կանգնում, բողոքի ձայնն էլ տեղ չի հասնում, ուրիշ ի՞նչ ելք է մնում՝ փողոցային պայքարը: 
 
Գագիկ Մելիքյանի համոզմունքը, թե երթերն ու միտինգներն են գնաճի պատճառը ոչ միայն զարմանալի, այլև իրատեսական չէ: Բայց երթերը ոչ թե պատճառ, այլ հետևանքն են թանկացումների: Ավելին, թանկացումների դեմ «Ելքի» նախաձեռնած ընդվզումներից հետո նոր գնային թռիչքներ չեն արձանագրվել: Իսկ մարդկանց եկամուտները բարձրացնելու արդյունքն էլ չենք տեսնում: Ավելի ճիշտ՝ բարձրանում են կառավարության, չինովնիկների եկամուտները, որի պատճառով էլ,  հավանաբար, հարցին այսքան անլուրջ են վերաբերվում: Հիշենք, օրինակ,  կառավարության ղեկավար Կարեն Կարապետյանի պատասխանը, թե բենզինը թանկացել է մի քանի դրամով:
 
Իհարկե, մասամբ ճիշտ է ՀՀԿ-ականի այն միտքը, թե  գնաճի դեմ պայքարելու համար երթերը լուծում  չեն: Քիչ չեն դեպքերը, երբ մարդկանց փողոց հանող քաղաքական ուժերը հետո հանգիստ փոշիացնում են պայքարող զանգվածին՝ քաղաքական առևտուր անելով ու իրենց շահաբաժինը ստանալով, իսկ իրենց հետ հույս կապող շարքային քաղաքացին դարձյալ մնում է աղքատության ճիրաններում: Պատահական չէ, որ թանկացումների դեմ «Ելքի» կազմակերպած երթին 1000-ից ավելի մարդ չհավաքվեց, և շարժումը նոր թափ չհավաքվեց: