Սովետը վերադառնում է պոլիկլինիկա՝ հերթերի տեսքով

ԴԵՂԸ ԴԵՂԱՏՈՄՍՈՎ ԳՆԵԼՈՒ ՈՐՈՇՄԱՆ ԼՈՒՅՍՆ ՈՒ ՍՏՎԵՐԸ

Երեկվանից արդեն գործում է առանց դեղատոմսի դեղերի վաճառքի որոշումը: 
 
Եվրոպական երկրներում այս կարգը վաղուց է գործում, ու հազիվ թե մի եվրոպացի դժգոհի այդ որոշումից: Վերջին հաշվով՝ սա ինքնաբուժությունը կանխարգելելու ճիշտ տարբերակ է: Սակայն Հայաստանում դժգոհության ալիք բարձրացավ, որը հիմնականում պայմանավորված է սոցիալ-տնտեսական դժվար վիճակով՝ ցածր աշխատավարձով և առաջնային օղակ պոլիկլինիկաների չզարգացվածությամբ: Քաղաքակիրթ չափանիշներ ներդնելուց առաջ նապ պետք էր քաղաքակիրթ պայմաններ ստեղծել պոլիկլինիկաներում՝ ոչ թե սպասասրահներ կահավորելու առումով, այլ հերթեր չգոյացնելու նպատակով:
 
Մինչդեռ…
 
Որոշման մասին հայտարարելուց հետո կարելի է ասել խուճապ սկսվեց՝ դեղատներում հերթեր գոյացան: Անապահով մարդիկ աճապարում էին մի քանի անհրաժեշտ դեղ գնել մինչև մարտի 1-ը՝ այդուհետ ընդհանրապես ցավազրկողներ գնելու հնարավորությունից զրկվելու մտավախությամբ:
 
Դեղատներն էլ, «բարձր պահանջարկին՝ բարձր գին» անմարդկային սկզբունքով, անմիջապես 20-30 %-ով թանկացրին դեղերը: Սակայն, զարմանալիորեն այդ ամենի մասին Առողջապահության նախարարությունը չանդրադարձավ: Դրանից տեղյակ չէ՞, թե՞ նորից գործում է «տնտեսվարողի գործերին չմիջամտելու» էժանագին չքմեղությունը: Նախարար Ալթունյանին պատկանող «Վարդանանց» մասնավոր բժշկական կենտրոնում (և՝ ոչ միայն այնտեղ) գործող սակագները հուշում են՝ պարտադիր չէ, որ բոլորը բուժվելու հնարավորություն ունենան: 
 
Քաղաքացիների դժգոհության մյուս պատճառը, ինչպես արդեն ասացինք, պոլիկլինիկաների հնամաշ վիճակն է. հնամաշ՝ ոչ միայն շենքային պայմանների առումով: Բանն այն է, որ առողջապահության բոլոր նախարարները զարգացրել են հիվանդանոցային համակարգը՝ պոլիկլինիկաները թողնելով անտեսված: Պատահական չէ, որ քաղաքացիները թեկուզ պարտքով, իրենց ինչ-որ բանից զրկելով՝ նախընտրում են բժշկական վճարովի ծառայությունից օգտվել, քան գնալ պոլիկլինիկա, որտեղ գուցե նաև լավ մասնագետներ են աշխատում. անվճար հետազոտությունների քանակն էլ խիստ սահմանափակ է և հասանելի հաշմանդամության կարգ ունեցողներին: Առողջապահության նախարարության այս որոշումից հետո պոլիկլինիկաներից օգտվողների քանակն արհեստական կաճի, ինչի արդյունքում բուժման կարիք ունեցող հիվանդներն է՛լ ավելի կհիվանդանան՝ ժամերով հերթ կանգնելով: Մի խոսքով՝ առողջությունը վերականգնելու համար այսուհետ գերամուր նյարդեր են պետք՝ դեղատներում կտրուկ աճած գներին և պոլիկլինիկաներում ժամերով հերթեր կանգնելու: 
 
- Սովետը վերադառնում է պոլիկլինիկա,- կես կատակ կես լուրջ ասում էին տարեցները՝ նկատի ունենալով այն տարիներին բնորոշ հերթերը:
 
Այո, հերթերը, բայց ո՛չ բոլոր ապրանքների, այդ թվում նաև դեղերի՝ ամենքին մատչելի գներն ու անվճար բուժսպասարկումը: 
 
Իսկ սոցիալապես անապահովները, որոնք, փաստորեն տուժում են ամեն տեսակի քաղաքակիրթ փորձարարությունից, հիմա արդեն դեղատուն էլ չեն կարողանա գնալ՝ իրենց ցավին մատչելի բալասան գտնելու հույսով:
Մի մտավախություն ևս կա: Այս որոշումից հետո կավելանա Վրաստանից անօրինական դեղերի մուտքը, քանի որ Հայաստանի համեմատ ամսական 200-300.000 դրամ ես խնայում՝ Վրաստանից դեղ գնելիս: Փաստորեն, ուզում էինք ավելի լավ լինի, բայց եղավ՝ ինչպես միշտ: