Երևանի հոբելյանը՝ միասեռականների գույներով

2 ՄԼՆ ԴՐԱՄ՝ ԱՐՏԱՆԿԱՐՉՈւԹՅԱՆ ՀԱՄԱՐ

Քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու քաղաքապետարանի «դեմքերը» քաղաքական շրջանակներում հավատացրել են՝ ամեն գնով այս տարի ամենայն ճոխությամբ տոնել Երևանի 2800-ամյակը: Եվ ահա առաջին քայլը՝ ընտրել այս տարվա խորհրդանիշը: Այդ նպատակով քաղաքապետարանը մրցույթ էր հայտարարել, որին, ըստ տեղեկությունների, շատերն էին մասնակցել: Թվում էր, թե մրցույթի շնորհիվ կընտրվի հիրավի արժանին. Մանավանդ՝ մրցանակը 2 մլն դրամ է: Եվ ահա օրեր առաջ  հրապարակվեց հաղթած 2 տարբերակները:
 
Ո՜վ զարմանք, տարբերակներից մեկում բոլորիս քաջածանոթ՝ Երևանի խորհրդանիշ առյուծի պատկերի տակ «Երևան 2800» բառակապակցությունն է, իսկ մյուսում՝ նույն առյուծի տարբեր մասերը՝ ներկված տարբեր գույներով: Սրանց ի՞նչն է օրիգինալ, նորարար, կամ ինչո՞վ են ճոխ: Դրանք ընդամենը արտանկարչություն են:
 
Հայաստանի նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը, ով ևս մասնակցել է մրցույթին, պարզվում է՝ բավական վրդովված է: Անգամ, ըստ տեղեկությունների, որոշել է  վարչության նիստ հրավիրել՝ քննարկելու տեղի ունեցածը: Հետաքրքիրն այն է, որ հայտնի չէ անգամ մրցութային հանձնաժողովի կազմը, որն էլ հավանություն է տվել տխրահռչակ այդ տարբերակներին: Նկարիչ Կ. Աղամյանը խայտաբղետ առյուծը համարում է խայտառակություն, քանի որ իր բազմերանգությամբ այն հիշեցնում է սեռական փոքրամասնությունների դրոշի գույները: Նրա խոսքով՝ մենք ունենք մեր ազգային գույները, իսկ ներկայացվածը որևէ կապ չունի ո՛չ Երևանի, ո՛չ էլ մեր ազգային մտածողության հետ: 
 
Մյուս կասկածն այն է, որ այս երկու  տարբերակները մեկ մարդու ձեռագիր է, քանի որ հազիվ թե տարբեր մարդիկ առանց իրար ճանաչելու՝ այսքան նույնակերպ մտածեին: Հաղթող ընկերություններն են «Տերյան» մշակութային կենտրոնն ու Factory ընկերությունը: Եթե առաջինը մեզ հայտնի է իբրեւ մշակութային կենտրոն, ապա 2-րդը բոլորովին անծանոթ է: Ավելին, «Ավանգարդը» համացանցում փորձեց տեղեկություններ որոնել անհայտ այդ օտարանունի մասին, սակայն՝ ապարդյուն: Որևէ տեղեկություն այս կենտրոնի մասին չկա: 
 
Խորհրդանիշն անգամ դուր չի եկել այդքան քննադատված Արամ Մանուկյանի արձանի քանդակագործ Դավիթ Մինասյանին՝
 
- Ես նայել եմ առաջարկված բոլոր տարբերակները. այնտեղ եղել են ինձ համար ավելի ընդունելի, հետաքրքիր տարբերակներ, սա ես չէի ընտրի:
 
Մի՞թե կարելի է այս պարզունակ խորհրդանիշների համար 2 մլն դրամ մսխել, արդյո՞ք կոռուպցիոն գործարք չէ: Կարծում ենք՝ Կառավարությունն ու իրավապահներն անուշադրության չպետք է մատնեն այս փաստը: Հատկապես որ գոտիները ձգելու ռեժիմ են որդեգրել: