Եթե տոնն այս երջանկացներ բոլորին

ԱՇԽԱՐՀՈՒՄ 1 ՄԼՐԴ ԿԻՆ ԶՈՒՐԿ Է ԻՐԱՎԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ

Անկասկած՝ դարեր շարունակ կանանց զրկելով իրավունքներից ու հնարավորություններից, նրանց թերագնահատելով՝ մարդկությունն իր զարգացման ճանապարհին շատ բան է կորցրել: Ու դրանցից մեկն էլ որոշ կանանց սանձարձակության այն դրսևորումներն են, որոնք մեր ժամանակների ցավն ու ամոթն են դառնում:
 
Ինչ էլ լինի՝ վաղուց ժամանակն է գիտակցելու, որ մարդկության մի կեսը չի կարող երջանիկ լինել մյուս կեսին թերագնահատելով, ճնշելով ու սոսկ օգտագործելով:
 
 
1975թ. այս կողմ մարտի 8-ը տոն է նաև ՄԱԿ-ի օրացույցով: Իսկ սա նշանակում է, որ միջազգային կազմակերպությունը չէր կարող կանանց խնդիրներին չանդրադառնել, ինչն էլ արել է կառույցի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը: Տոնի առթիվ իր ուղերձում նա խոսել է կանաց շահագործման և նրանց նկատմամբ խտրականության դեմ մեծ խոչընդոտներ հաղթահարելու հրամայականի մասին:  Ըստ նրա՝ կանանց իրավունքների և հնարավորությունների ընդլայնումը մեր ժամանակների «անավարտ մնացած նպատակն է և մարդու իրավունքների մեծագույն խնդիրը այսօրվա աշխարհում»:
 
Գուտերիշը գտնում է, որ հենց մեր օրերում է, որ ամենաշատ ուշադրությունը հատկացվում է կանանց իրավունքների պաշտպանությանը և պատմականորեն ձևավորված անհավասարությանը, որոնք նպաստում են հալածանքներին և խտրականությանը: Պահը նա համարում է շրջադարձային: 
 
- Եվ սակայն, եթե մենք ձգտում ենք վերացնել պատմականորեն ձևավորված՝ ուժերի անհավասարակշռությունը, որն ընկած է խտրականության և շահագործման հիմքում, մեզ անհրաժեշտ է ծանր խոչընդոտներ հաղթահարել,- հայտարարել է Գուտերիշը: 
 
Միջազգային կառույցի ղեկավարը շեշտադրել է կանանց նկատմամբ սեռական բռնությունների տարածվածությունն ու ծանր հետևանքները: Նա տվյալներ է բերել, որոնց համաձայն ամբողջ աշխարհում ավելի քան մեկ միլիարդ կին զուրկ է ընտանեկան սեռական բռնության նկատմամբ իրավական պաշտպանությունից: Կանանց նկատմամբ խտրականությունը զգացվում է աշխատավարձերի տարբերության ցուցանիշում՝ ամբողջ 40%: Կանայք, ըստ ՄԱԿ-ի տվյալների, ազգային խորհրդարանների կազմում քառորդ մասից էլ քիչ են, իսկ տնօրենների խորհուրդներոմ՝ դրանից էլ պակաս: Նույնիսկ օրենքների առկայությունը քիչ բան է փոխում, քանի որ դրանք հաճախ չեն պահպանվում: 
 
Շատ դեպքերում, եթե կինը դիմում է իրավական օգնություն ստանալու համար, նրան ուղղակի լուրջ չեն ընդունում, իսկ հասարակությունը սևացնում է:
Գուտերիշը հատկապես ուշադրություն է հրավիրել սեռական ոտնձգությունների տարածվածության վրա, որոնք տեղի են ունենում աշխատավայրերում, հասարակական վայրերում և մասնավոր տներում: Եվ դա՝ անգամ այնպիսի երկրներում, որոնք հպարտանում են գենդերային հավասարության իրենց նվաճումներով: Ու խոստովանել է՝ այդ խնդիրը չի շրջանցել նաև միջազգային կազմակերպությունը, որը կոչված է «օրինակ ծառայելու ամբողջ աշխարհին»:
 
Գուտերիշը հիշեցրել է, որ ՄԱԿ-ի կայուն զարգացման՝ մինչև 2030թ. նպատակների ցանկում (որը հաստատվել է 2015թ.)  ներառված է կանանց իրավունքների և հնարավորությունների ընդլայնումը ու ընդգծել է.  
 
- Կանաց համար արված ներդրումները լավագույն միջոցն են կյանքը բարելավելու տեղերում, ձեռնարկություններում, ապա նաև տվյալ ամբողջ երկրում: Կանանց շնորհիվ խաղաղ համաձայնություններն ավելի են դյուրանում, հասարակությունն ավելի դիմացկուն է դառնում, իսկ տնտեսությունը՝ ավելի շարժուն: Իսկ այնտեղ, որտեղ կանայք խտրականության են ենթարկվում, մենք հաճախ բախվում ենք այնպիսի փորձի ու անհատների հետ, որոնք իրենց հետևից կործանարար հետևանքներ են թողնում բոլորի համար: