Հուշակոթող՝ Հացի խորհրդով

ԻՆՉՊԵ՞Ս ԿԱՐՁԱԳԱՆՔԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԸ

Արթուր Սարգսյանն իր քայլով, հետո էլ մահով նորոգեց նեղյալներին հաց հասցնող հայի կերպարը: Ոչ թե ունեցածի ավելցուկից մի քանի պատառ ողորմալ տեսախցիկների առջև, այլ սեփական գոյությունը մի կերպ պահպանելով՝ հաց հասցնել քաղցողին՝ չմտածելով անգամ, որ վտանգում է իր իսկ ազատությունն ու կյանքը:
 
Ուզենք, թե ոչ՝ մարդկանց ձեռքով գրված օրենքները հաճախ անհաշտ են մարդկային չգրված օրենքների հետ, որոնք օրինազանցին անգամ օգնելու հորդոր են պարունակում: Արթուրի արարքը պարզապես դժվար է հանցակցություն որակել: Համենայնդեպս, հանրային ինքնաբուխ կարծիքն ու գնահատանքը ոչ մի թելադրանքով չի ձևավորվում:
 
Ինչպես Արթուր Սարգսյանի մտերիմ ընկերներից մեկը՝ քանդակագործ Գևորգ Մնացականյանն է փաստել՝  
 
- Ինքը կապ չուներ ապստամբության կամ օժանդակելու հետ, ինքն ուղղակի քայլ է կատարել՝ հաց է տարել մարդկանց:
 
Մեկ տարի է անցել Հաց բերողի մահից, և ճարտարապետ Անահիտ Թարխանյանը երեկ ներկայացրել է իր հեղինակած հուշակոթողի նախագիծը, որը կցուցադրվի Ճարտարապետների միությունում: Նրա տեղեկացմամբ՝ բազալտի և ապակու համադրմամբ 81 սյուները խորհրդանշելու են Արթուր Սարգսյանի բնավորության գծերը: 
 
Մինչև մարտի 16-ը՝ Արթուրի մահվան օրը, հուշակոթողը հանրային քննարկում կանցնի,ապա կներկայացվի Երևանի քաղաքապետարան՝ Մաշտոցի պուրակում տեղադրելու առաջարկով: 
 
- Մաշտոցի պուրակում մի հատված գտանք, որտեղ ծառ չի հատվելու, ընդամենը մի շատ փոքրիկ՝ ընդամենը երկու տարեկան բալենու ծառը պետք է զգուշությամբ հանենք ու տեղափոխենք: Մնացածը մարգ է, որի մեջ փոքր բազալտե հարթակով դրվելու է հուշարձանը,- լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրել է Անահիտ Թարխանյանը՝ հավելելով՝
 
- Իր միջով անցկացնելով աշխարհի ցավը, լավն ու վատը, դարձնում է դա բարոյականություն, և ապակին, որով ավարտվում են բազալտե այդ սյուները, խորհրդանշում են այն բարությունը, այն հումանիստական, մարդկային վերաբերմունքը, որը որպես սկզբունք՝ Արթուրը դրսևորում էր իր ամբողջ կյանքի ընթացքում:
 
Հուշակոթողի ասելիքն ու տրամաբանությունն այսպես է մանրամասնել դրասանուհի, վերջին շրջանում հասարակական գործունեություն ծավալող  Թամար Հովհաննիսյանը.
 
- Ինքը՝ կոթողը, ջրավազանի վրա է կանգնած լինելու, իսկ ջրերից դուրս է գալիս ուժեղ, կամային մի բնավորություն, էություն և ապակու միջոցով նորից մաքրվում, նորից բարձրանում, բարձրանում դեպի հավերժություն՝ մեզ թողնելով իր պատգամները, որ մարդը մարդու նկատմամբ պետք է լինի ոչ թե գազան, ոչ թե թալանելու մտադրությամբ, այլ՝ նրան օգնելու ձեռք մեկնելու:
 
Արթուր Սարգսյանին նվիրված հուշակոթողը հավանության են արժանացրել մի խումբ արվեստագետներ, որոնց երաշխավորմամբ էլ այն ներկայացվել է հանրային քննարկման: 
 
- Հաց բերողի այս՝ կիսվելու, գաղափարը սազում է մեր տեսակին: Չէ՞ որ պատմության մեջ մենք ոչ մեկին վնաս չենք տվել. ուր գնացել ենք՝ արարել ենք: Այս սիմվոլը թող լինի մեր քաղաքում, մի բանով էլ գլուխ գովենք: Մյուս կողմից՝ հուշակոթողն ինքը շատ մոդեռն ու յուրահատուկ է,- նկատել է երաժիշտ, «Հոգևոր Հայաստանի» հիմնադիրներից Եղիշե Պետրոսյանը: