Եվրոպան ու Ճապոնիան ծերանում են
ՄԵՆՔ ԷԼ ՆՐԱՆՑԻՑ ՀԵՏ ՉԵՆՔ ՄՆՈՒՄ
Այն, որ աշխարհի բնակչության ժողովրդագրական դեմքն օր օրի է փոխվում՝ ծանր խոհերով տարվելու տեղիք է տալիս: Ճիշտ է, քսանմեկերորդ դարը արդեն իսկ մեծապես աղավաղված ժողովրդագրական պատկեր է ժառանգել, իսկ այսօր արդեն նախնական պատկերից գրեթե ոչինչ չի մնացել: Քիչ է, որ տարբեր ազգերի փախստականներ, աշխատանքային տարաբնակներ կյանքը փրկելու կամ ապրուստ հայթայթելու նպատակով տեղափոխվում են իրենց բարքերին, մտածելակերպին ու գաղափարներին խորթ երկրներ, դեռ այդ նույն երկրներում էլ բուն բնակչության աճը կանգ է առնում:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ «Բնակչության տարիքային կազմի փոփոխություն և կայուն զարգացում» զեկույցում սրա վերաբերյալ ուշագրավ տեղեկություններ են հրապարակվել: Նախ և առաջ՝ մանկածնության և մահացության ցուցանիշի նվազումը պատճառ է դարձել, որ փոփոխվի աշխարհի բնակչության տարիքային կազմը: Ներկայում բնակչությունը ծերանում է: Ենթադրվում է, որ 2015-2050թթ. 65 և ավելի տարեկան բնակչության թիվը 2,5 անգամ կավելանա՝ 608 մլն-ից հասնելով 1,6 մլրդ մարդու: Առավելապես ծերացել է Ճապոնիայի և Եվրոպայի երկրների մեծ մասի բնակչությունը: Տարեցների թիվը մեծ է նաև Ավստրալիայում, Կանադայում, Նոր Զելանդիայում, Միացյալ Նահանգներում: 1980թ. տարեցները երկրի ընդհանուր բնակչության շուրջ 6%-ն էին կազմում, իսկ 2050թ. այս ցուցանիշը կհասնի 16%-ի:
Բնականաբար, եթե տվյալ հասարակությունում տարիքավոր բնակչությունը մեծ թիվ է կազմում, միշտ չէ, որ բացասական երևույթ է: Դա նախ և առաջ կարող է երկարակեցության վկայություն լինել: Սակայն եթե ընտանիքներում 1-2-ից ավելի երեխաներ չեն ծնվում, կամ երիտասարդները գերադասում են աշխատանք ու ընտանիք գտնել և երեխաներ ունենալ դրսում՝ արդեն չի կարող լավ լինել:
Ցավալիորեն՝ այս երկու երևույթն էլ հատուկ են Հայաստանի Հանրապետությանը: Արդեն քանի տարի է՝ մասնագետները, տարբեր կազմակերպություններ ահազանգում են, որ ՀՀ բնակչությունը ծերացող է, դրա բոլոր հատկանիշներն ունի: Իսկ 2017թ. խորհրդարանական ընտրությունների ցուցակները դարձան դրա վառ արտահայտությունը. հրապարակվեց, թե ծեր բնակչության, այսինքն կենսաթոշակի հասած տարեցների թիվը 11 տոկոս է կազմում:
Շատերն են խոստովանել՝ երրորդ երեխային տրվող հետծննդյան նպաստը պատճառ է դարձել, որ իրենց ընտանիքում «նոր օրորոց գնա ու գա»: Այսինքն, եթե բարենպաստ հանգամանքներ լինեն, երեխայապաշտ հայկական ընտանիքներում երեխա ունենալուց չեն խուսափի: Մնում է, որ այդ նույն ընտրություններում անվիճելի հաղթանակ տարած ուժը որոշակի քայլերով խթանի իրեն քվե տված հասարակության անդամների բնական աճը, եթե չի ցանկանում վաղվա օրը կառուցել միայն իրենցից միայն կենսաթոշակ ակնկալող ծերերի հույսով: