ԻՔՄ-ն՝ ընդդեմ ԱԳՆ-ի

ԽՈՐԸ ԵՎ ՀԱՄԱՊԱՐՓԱԿ ԱՌԵՎՏՐԻ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՆԱԽԱԳԻԾԸ՝ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԻ ՑԱՆԿՈՒՄ

Այսօր տեղի կունենա «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն ընդդեմ ՀՀ Արտաքին գործերի նախարարության հայցով դատական նիստը: Հայցադիմումով նախարարությունից պահանջվում է տրամադրել տարիներ շարունակ բանակցված և 2013 թվականին համաձայնեցնելուց հետո տապալված  Հայաստան-ԵՄ Ասոցացման ու Խորը և համապարփակ առևտրի համաձայնագրի նախագիծը:
 
Ինչպես նախկինում տեղեկացվել էր՝ դեռևս 2015 թվականին «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն ՀՀ Վարչական դատարան հայց էր ներկայացրել ընդդեմ ՀՀ Արտաքին գործերի նախարարության՝ պահանջելով հրապարակել (տրամադրել) Հայաստան-ԵՄ Ասոցացման ու խորը և համապարփակ առևտրի համաձայնագրի գոնե մի հատվածը (որը վերաբերում է սակագնային կարգավորումներին):
 
Արտաքին գերտեսչությունն իր հերթին պնդում էր, որ պայմանագիրը դասվել է ծառայողական գաղտնիքի ցանկին, քանի որ դրա «վաղաժամ հրապարակումը» կարող է վնասել Հայաստանի Հանրապետության կենսական շահերին:
Վարչական դատարանը` դատավոր Անի Հարությունյանի նախագահությամբ,  2016 թվականին բավարարել էր «Իրազեկ քաղաքացիների միավորման» հայցը՝ պարտավորեցնելով ԱԳՆ-ին հրապարակել համաձայնագրի նշված դրույթների լուսապատճենները և հատուցել դատական ծախսերը: Սակայն Արտաքին գործերի նախարարությունը վարչական դատարանի վճիռը բողոքարկել էր վարչական վերաքննիչ դատարան, որը բեկանել էր վճիռը և ուղարկել նոր քննության: 
 
Եվ այսօր՝ մարտի 20-ին ժամը 19:00-ին կայանալու են բեկանված գործի առաջին լսումները: