Մարդ լինելու արվեստը

ՈՒՇ-ՈՒՇ ԵՆ ԳԱԼԻՍ, ԲԱՅՑ ՈՉ ՈՒՇԱՑԱԾ

Ասում են` ժողովրդական սերը կեղծիքներ չհանդուրժող, անկաշառ և արդարամիտ զգացում է` զերծ ամեն տեսակի վատ խառնուրդներից։ Այս զգացմունքները մարդկանց մեջ ձևավորվում են ոչ միշտ, և, որ ամենահատկանշականն է` ձևավորվում են ամենաարժանավորի նկատմամբ։

Ասվածի լավագույն օրինակ կարող է լինել Գուգարաց թեմի առաջնորդ,գերաշնորհ տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը, ում  ապրած յուրաքանչյուր օրը  արարման խորհուրդ ունի։ Սեպուհ Սրբազանն իր լուսավոր ու շիտակ  կերպարով դիմակերտեց հոգևորականի այն տեսակը, ում  ուզում էր տեսնել ժողովուրդը։ Իր բարձր անձնային որակների շնորհիվ Սրբազանն իր հայրենանվեր ու մարդակենտրոն գործունեության արդյունքում, հազարավոր հայորդիների   ներսում կանթեղեց այն լույսը, որը ապրեցնում  ու  մարդկայնացնում է ադամորդու տեսակը։

Ո՞րն է  բարեգործությունը։

Բարեգործությունը ևս տարբեր ընկալումներ ունի։ Բարեգործ է նաև նա, ում իրավունքներն ու պարտականությունները  սահմանվում են օրենքով, այսինքն` դու ինձ, ես քեզ սկզբունքով։ Բարեգործ է նա, ով որբին մի կտոր հաց է տալիս, և  նա, ով հատկացնում է նույնքան, ինչքան ուրիշները , երբ ավելի քիչ ունի  նրանցից ։

Բարեգործ է նա, ով, ինչպես Սուրբ Գրքում է  ասվում` լավությունն այնպես է անում, երբ մի ձեռքը չի իմանում, թե ինչ է անում  մյուսը։ Եվ հենց այս  վերջին հատկանիշով է, որ հայ իրականության մեջ առանձնակի տեղ է զբաղեցնում  Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը։

1996-2018թթ․ Սեպուհ Սրբազանի անմիջական նախաձեռնությամբ նորովի կառուցվել և վերականգնվել են հինգ տասնյակից ավելի վանք ու եկեղեցի, երեք տասնյակին հասնող մատուռներ։ Կրթադաստիարակչական  գործունեության շարքում արժանահիշատակ է մատնանշել Վանաձորում «Ծիծեռնակ» և «Կռունկ» թեմապատկան  ճամբարների հիմնովին վերականգնումը։ Վերոնշյալ ճամբարներում տարիներ ի վեր անվճար կազմակերպվում են  դպրոցահասակ երեխաների հանգիստն ու ռազմահայրենասիրական դաստիարակությունը։

Սեպուհ Սրբազանի հեղինակած բազմաթիվ նախաձեռնություններից է «Ձեռք մեկնիր» ծրագիրը , որը օգնել է հազարավոր ընտանիքների, իսկ «Ձեռք մեկնիր եղբորդ» ծրագրի շրջանակներում  երկու տասնյակից ավելի բնակարաններ են բաշխվել կարիքավոր ընտանիքների։
Շատ երկար կարելի է թվել աստվածահաճո այն գործերը, որոնց իրականացման իր ուժը, կորովն ու հնարավորություններն է ներդրել Սրբազանը։

Երեկ Սրբազանը  դարձավ 59 տարեկան։
Տարիներ, որոնցում բաշխվել , բայց դարձյալ ամբարվել են  անսահման սեր ու ջերմություն։ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի պատգամները, որպես առողջ սերմեր` գալիքի լուսավոր հերկերում դեռ հասուն պտուղներ պիտի տան։

 

Մարգարիտ ՍԱՔՈՒԼՅԱՆ